Եսայու մարգարեության մեկնություն 29։15

Ա. Լոպուխին

15-16․ Վա՜յ նրանց, ովքեր մտածում են խորքում թաքնվել, որպեսզի իրենց մտադրությունը թաքցնեն Տիրոջից, ովքեր իրենց գործերը մթության մեջ են գործում և ասում են․ «Ո՞վ կտեսնի մեզ և ո՞վ մեզ կճանաչի»։ [15] Ինչպիսի՜ անխոհեմություն․ մի՞թե կարելի է կավագործին կավ համարել։ Մի՞թե պատրաստվածն իրեն պատրաստողի մասին կասի․ «Նա չէ ինձ պատրաստել», և մի՞թե պատկերվածն իրեն պատկերողի մասին կասի․ «Նա բան չի հասկանում»։ (Սինոդական թարգ․)
   
   Աքազի նմանությամբ (Ես․7) Եզեկիան նույնպես ձգտում էր ինքնուրույն քաղաքականություն վարել՝ չհետևելով Եսայի մարգարեի ցուցումներին և դրա հետ մեկտեղ նրանից թաքցնելով իր մտադրությունները։ Եզեկիան չէր ցանկանում ուղղակիորեն և ակնհայտաբար մարգարեի դեմ դուրս գալ, քանի որ նա հարգում էր մարգարեին որպես Աստծո կողմից ուղարկված մեկի։ Սակայն հենց այդպիսով էլ նա ցույց էր տալիս մարգարեական ծառայության հսկայական նշանակության հանդեպ իր ունեցած թյուրըմբռնումը։ Եզեկիան խորհում էր խաբել մարգարեին՝ կարծելով, թե իր իմաստությունը Եսայու իմաստությունից ավելին էր։ Ամեն դեպքում Եզեկիան և նրա քաղաքական գործիչները կարող էին համեմատվել կավի հետ, այն դեպքում, երբ իրական կավագործն Աստծո մարգարեն էր։  Միաժամանակ մատնանշելով նաև Եզեկիա թագավորի իշխանավորների քաղաքական գաղափարների անհեթեթությունը (թագավորի այս իշխանավորները պնդում էին, որ պարտադիր չէ հնազանդվել Աստծուն)՝ մարգարեն նրանց համեմատում է այնպիսի մի կավի հետ, որը հրաժարվում է իրեն պատրաստած վարպետի մեջ տեսնել իր գոյության «պատճառը», ինչպես նաև բաղդատում է գեղարվեստական ստեղծագործության հետ, որը չի ցանկանում ընդունել, որ ինքն իրեն կերտած նկարչի գաղափարն է։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Վա՜յ նրանց, ովքեր խորին խորհուրդներ են խորհում, բայց առանց Տիրոջ. վա՜յ նրանց, ովքեր թաքուն խորհուրդներ են խորհում, ու նրանց գործերը խաւարի հետ են: Նրանք ասում են. «Ո՞վ կը տեսնի մեզ, ո՞վ պիտի իմանայ, թէ ինչ ենք անում»:
(Արարատ թարգ․) Վա՜յ նրանց, որոնք իրենց խորհուրդը Տիրոջից ծածկում են խոր տեղերում. նրանց արարքները խավարում են, և ասում են. «Ո՞վ է մեզ տեսնում, և ո՞վ է մեզ ճանաչում»։
(Գրաբար) Վայ այնոցիկ` որ խորհին խորհուրդս խորինս` եւ ոչ Տէրամբ. վայ այնոցիկ որ խորհին խորհուրդս ծածուկս. եւ եղիցին ընդ խաւար գործք նոցա, եւ ասիցեն թէ ո՞ տեսանիցէ զմեզ, եւ ո՞ գիտասցէ զինչ գործեմք: