Ա. Լոպուխին
12-14․ Այդ պատճառով այսպես է ասում Իսրայելի Սուրբը․ «Քանի որ դուք մերժում եք այս խոսքերը, և ձեր հույսն էլ դրել եք խաբեության և կեղծիքի վրա, ու հիմնվում եք դրա վրա։ [12] Դրա համար էլ այդ անօրինությունը ձեզ համար կլինի ինչպես բարձր պարսպի վրա հայտնաբերված սպառնալից ճեղքվածքը, և այդ պարսպի փլուզումը կլինի հանկարծակի՝ մեկ ակնթարթում։ Եվ Նա կփլուզի այն, ինչպես փշրում են կավե անոթը՝ անխնա փշրելով այն, այնպես որ դրա կտորտանքներից խեցու մի բեկոր չի գտնվելու կրակարանից կրակ վերցնելու և ջրամբարից ջուր հանելու համար։ (Սինոդական թարգ․)
«․․․Ձեր հույսը դրել եք խաբեության վրա» – ավելի ճիշտ կլինի ասել՝ «․․․բռնության վրա» (եբր․՝ «օշեկ»)։ Այստեղ ակնարկ է արվում ժողովրդի հանդեպ հրեա քաղաքական գործիչների բռնաճնշումների վրա, բռնաճնշումներ, որոնք հավանաբար գործադրվում էին ա՛յն պատճառով, որ ժողովուրդը չէր ցանկանում դաշինք կնքել Եգիպտոսի հետ։
«Անօրինությունը․․․ինչպես ճեղքվածք»։ Հրեաների՝ Տիրոջից հեռացումն իրենց պետության համար նույնքան վտանգավոր էր, որքան որ քարե տան համար վտանգավոր է հետզհետե մեծացող ճեղքվածքը։
«Պարիսպը», որը Բարձրյալը ցանկանում է կործանել, Հրեական պետությունն է, որից ոչինչ չի մնալու։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը. «Որովհետեւ դուք անարգեցիք այդ խօսքերը եւ ապաւինեցիք սնոտի ստին, տրտնջացիք եւ յոյս դրիք դրա վրայ,
(Արարատ թարգ․) Դրա համար այսպես է ասում Իսրայելի Սուրբը. «Քանի որ մերժեցիք այս խոսքը և ապավինել եք բռնությանն ու խաբեությանը և դրանց հենվեցիք,
(Գրաբար) Վասն այսորիկ այսպէս ասէ Տէր` սուրբն Իսրայէլի. փոխանակ զի անարգեցէք դուք զբանսդ զայդոսիկ, եւ յուսացարուք ի ստութիւն սնոտի. եւ զի տրտնջեցէք` եւ յուսացարուք ի բանդ յայդ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: