Ա. Լոպուխին
30-33․ Եվ Տերը որոտալու է Իր փառավոր ձայնով և Իր բազուկն իջեցնելու մասին հայտնելու է սաստիկ բարկության և խժռող կրակի բոցի, փոթորկի ու ջրհեղեղի և քարե կարկուտի միջոցով։ [30] (Սինոդական թարգ․) Քանի որ Տիրոջ ձայնից ցնցվելու է գավազանով զարկված Ասորեստանը։ Եվ նրա համար սահմանված գավազանի յուրաքանչյուր շարժումը, որը Տերն ուղղելու է նրա դեմ, թմբուկներով և քնարներով է զուգորդվելու, և Նա կործանարար պատերազմով է գնալու նրա դեմ։ Քանի որ Տոփետը վաղուց արդեն պատրաստված է, այն պատրաստված է նաև թագավորի համար՝ խորը և լայն․ նրա խարույկում շատ կրակ և փայտ կա, Տիրոջ շունչը ծծմբի հեղեղի պես այրելու է նրան։
27-28-րդ համարներում նկարագրելով ահեղ Դատաստանի մոտալուտ գալուստը՝ 30-րդ համարում մարգարեն սկսում է պատկերել արդեն այդ Դատաստանի իրականացումը։
«Տերը որոտալու է»։ Ակնհայտ է, որ մարգարեն այստեղ խոսում է ամպրոպի մասին, որը սովորաբար ընդունված էր համարել Աստծո ձայնը (Ա Թագ․ 12։18, Հոբ․ 25։14)։
«Տիրոջ ձայնից»։ Այստեղ, ըստ երևույթին, մարգարեն Բարձրյալին պատկերացնում է հզոր ռազմիկի տեսքով, որը պատերազմական ճիչ է արձակում թշնամու վրա հարձակվելու ժամանակ (Հով․ 3։16, Ամ․ 1։2)։
«Գավազանով զարկված»։ Ինչպես հետագայում պիտի պարզ դառնար՝ Աստծո գավազանի հարվածները մահացու պիտի լինեին Ասորեստանի համար։
«Թմբուկներով և քնարներով»։ Հրեաներն իրենց թշնամիների՝ ասորեստանցիների հանդեպ իրականացվող մահապատժի ժամանակ երաժշտական գործիքներ պետք է նվագեն՝ փառավորելով Ահեղ Դատավորին։
«Տոփետ» – այդպես էր կոչվում ենոմացիների որդիների՝ Երուսաղեմի մոտակայքում գտնվող ա՛յն հովիտը, որտեղ ամեն տեսակի դիակներ էին այրում (Բացատրական Աստվածաշունչ, հտ․ 2, էջ 533)։ Սակայն մարգարեն այստեղ այդ անվանումը կիրառում է որպես ընդհանուր անուն՝ առհասարակ դիակներն այրելու մի վայր մատնացույց անելու համար (հնարավոր է, որ այդ է ցույց տալիս նաև մարգարեի կողմից կիրառվող այդ անվան կառուցվածքը՝ «տոփետ»)։ Երբ որ արդեն թշնամիներից փրկվելու հնարավորություն չկար, ասորեստանցիների թագավորը Նինվեում ինքն իր համար խարույկ պատրաստեց և իր կանանց ու երեխաների հետ ինքնահրկիզվեց այդ խարույկի վրա։
«Ծծմբի հեղեղի պես»։ Այս խոսքերով մարգարեն մատնացույց է անում այն, որ խարույկը միանգամից է բռնկվելու այնպես, որ ասես ամբողջովին ծծմբով ողողված լինի:
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Ձեր արջառներն ու եզները, որոնք հողն են վարում, պիտի ուտեն յարդ՝ խառնուած գարու հետ, որ բերելու են կալից:Տէրը լսելի պիտի դարձնի իր փառաւոր ձայնը, ցոյց պիտի տայ իր բազկի զայրոյթը՝ սրտմտութեամբ ու ցասման ամենակուլ բոցով, կրակ սփռող իր ահաւոր բարկութեամբ, ինչպէս եւ ջրհեղեղով ու սաստկատարափ կարկուտով:
(Արարատ թարգ․) Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը և ցույց տա իր բազուկի իջնելը՝ սաստիկ բարկությամբ, լափող կրակի բոցով, հեղեղով, փոթորկով և կարկուտի քարերով։
(Գրաբար) Եւ լսելի՞ արասցէ զփառս բարբառոյ իւրոյ, եւ զսրտմտութիւն բազկի իւրոյ ցուցցէ՞ բարկութեամբ` եւ սրտմտութեամբ եւ բոցով որ ուտիցէ. եւ սաստիկ բարկութեամբ հրացանից, եւ ջրով, եւ կարկտիւ միանգամայն հոսելով բռնութեամբ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: