Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Առիւծն ու առիւծի կորիւնը եւ իժերն ու թռչող իժերի ձագերը, իրենց գանձերը բարձած էշերին եւ իրենց հարստութիւնը դրած ուղտերի վրայ, գնում են մի ազգի մօտ, որից իրենց օգուտ ու օժանդակութիւն չի լինելու, այլ՝ ամօթ ու նախատինք:
Առյուծն ու առյուծի կորյունը և իժերն ու թևավոր իժերի ձագերը.
Նախատում է մեղսագործների չարությունը, քանզի առյուծ կոչվեց Հուդան, իսկ իժի նմանվեց Եզեկիան։ Եվ այժմ, տկարացած լինելով, նրանք իրենց գանձերը շալակած փախչում են Եգիպտոս՝ [այնտեղ ապաստան գտնելու համար], ինչպես ամրոցում կապաստանեին: Դարձյալ արի և հզոր առյուծ է անվանում [արդար] նախնիներին, իսկ չարաբարո իժ է անվանում ներկա ամբարիշտներին, որպեսզի նախնիների առաքինությամբ ամաչեցնի նրանց: Սա ըստ պատմության ընթացքի․․․․: Իսկ հոգևոր իմաստով այս պատմությունը Քրիստոսի մասին է: Եվ նախ փրկվածների վերաբերյալ է այս օրինակը բերում և ասում՝ «չորքոտնիների»՝ նկատի ունենալով նրանց, ովքեր չորս առաքինություններով իրենց մեջ կրեցին Քրիստոսին, այսինքն՝ խոհեմությամբ, արիությամբ, ողջախոհությամբ և արդարությամբ, կամ՝ հավատով, հույսով, սիրով ու բարի գործերով՝ ձերբազատվելով չարիքից 2 Իսկ Քրիստոսից առաջ եղած ժամանակները նեղ և անձուկ է անվանում, կամ՝ նեղ և անձուկ է կոչում ճանապարհը (Մատթ. 7։13-14), որով գնաց Բանն Ինքը և մեզ ևս հրավիրեց՝ քայլելու այդ ճանապարհով: Առյուծ և առյուծի կորյուն է Քրիստոս Ինքը, Որի մասին Հակոբը հանձին Հուդայի ասում է, որ նա ելավ, բազմեց ու ննջեց (Ծննդ. 49։9)․․․ Խաչի վրա, և ինքնիշխան զորությամբ հարություն առավ: Իժեր ու թևավոր իժեր է անվանում առաքյալներին, որպեսզի նրանց անունը լսելի դառնա սատանայի համար, քանի որ առաքյալների ազդու խոսքերից խոցվեցին ու խորտակվեցին դևերը ու փշրվեցին նրանց պատկերները: Կամ [նկատի ունի] առաքյալների օձաձև, ամենագնա բնությունը, որ օձի նման խոտորվում է իր հինգ զգայարաններով: Այն նույն առաքյալների, որոնք թռան բոլոր ազգերի մեջ ու նրանց դրեցին Քրիստոսի թեթև բեռան տակ: Իսկ «էշ» է անվանում հրեաներին, որոնք աստվածային օրեքների բեռնակիրներն են, «ուղտ»՝ հեթանոսներին, որոնք մեղքերի բեռնակիրներն էին։ Եվ հրեաները շալակեցին մարգարեների լրումը եղող գանձը, այն է՝ Քրիստոսին, իսկ հեթանոսները կրեցին այն հարստությունը, որ ողորմությունն է, ու փառավորեցին Աստծուն: Այն նո՛ւյն հեթանոսները, որոնք, եգիպտացիների նման անարգ կուռքերին խոնարհված լինելով, այժմ առաքյալների խնդությունը, պարծանքի փառքն ու պսակն են հանդիսանում:
Ա. Լոպուխին
Ծանրություն կա կենդանիների վրա, որոնք դեպի հարավ են գնում նեղության և տառապանքի երկրով, որտեղից դուրս են գալիս էգ առյուծներն ու որձ առյուծները, իժերը և թռչող օձերը․ նրանք իրենց հարստությունը ավանակների մեջքի վրա դրած են տանում, և գանձերն էլ ուղտերի սապատներին դրած տանում են մի այնպիսի ժողովրդի մոտ, որը նրանց օգուտ չի բերելու։ [6] (Սինոդական թարգ․)
Անշարժ և անուղղելի «գետաձին»՝ Եգիպտոսը, տեղից չի շարժվելու, որպեսզի օգնի իր դաշնակիցներին՝ հրեաներին։ Եգիպտոսի մասին աստվածային խոսքը (համար 6-րդ) մարգարեն պետք է գրի առնի տախտակի վրա, որը պետք է կախ տրվի ժողովրդի աչքերի առջև և, բացի այդ էլ, պետք է հատուկ մագաղաթի մեջ գրի առնվի։
«Ծանրություն» – եբրայերեն՝ «մասսա», որ նշանակում է՝ ա) «ծանրություն, ծանր բեռ» և բ) «հայտնություն»։ Ակնհայտ է, որ ռուսերեն սինոդական թարգմանության մեջ խոսքը ծանր պարկերի մասին է, որոնք հրեաների թագավորի դեսպանների հետ Եգիպտոս գնացող կենդանիներն իրենց վրա են կրում։ Այդ պարկերում նվերներ էին փարավոնի համար, ումից էլ որ հրեական թագավորի դեսպաններն օգնություն էին խնդրելու Ասորեստանի դեմ պատերազմելու համար։ Սակայն ավելի ճիշտ կլինի «մասսա» բառը հասկանալ «տեսիլք», «մարգարեություն» իմաստով, իսկ «կենդանիներ» արտահայտությունը փոխարինել «հրեշ» արտահայտությամբ, որովհետև եբրայական տեքստում այստեղ հոգնակի թիվ է կիրառված (եբր․՝ «behemoth», որ նշանակում է «գետաձի-եր»)՝ նպատակ ունենալով մատնացույց անել մեկ կենդանու չափերի մեծությունը (հմմտ․ Հոբ 40։10-15)։ Այս եբրայերեն բառը շատ նման է գետաձիու եգիպտերեն անվանը՝ «պեգեմաու»-ին, և շատ հավանական է, որ Եսային այստեղ ի նկատի ուներ հենց այդ կենդանուն, որը կարող էր մարգարեի համար համապատասխան խորհրդանիշ թվալ վիթխարի և անշարժ Եգիպտոսի թագավորության համար։
«․․․որոնք դեպի հարավ են գնում» - ավելի ճիշտ կլինի՝ «․․․որոնք հարավում են ապրում»։ Եգիպտոսն այդպես է անվանվել ի հակադրություն հյուսիսի՝ Բաբելոնական թագավորության։
«Նեղության և տառապանքի երկիր» – սա արաբա-սինայական անապատը և հենց Եգիպտոսն է, որը սահմանակից էր այդ անապատին։
«Իժը» (եբր․՝ «էֆէ») օձի տեսակ է։
«Թռչող օձեր» – տե՛ս․ 14:29 (հմմտ․ Հերոդոտոս, «Պատմություն», II, 75, III, 107–109)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Առիւծն ու առիւծի կորիւնը եւ իժերն ու թռչող իժերի ձագերը, իրենց գանձերը բարձած էշերին եւ իրենց հարստութիւնը դրած ուղտերի վրայ, գնում են մի ազգի մօտ, որից իրենց օգուտ ու օժանդակութիւն չի լինելու, այլ՝ ամօթ ու նախատինք:
(Արարատ թարգ․) Նեղության և տառապանքի մի երկրի միջով, որտեղ ապրում են մատակ առյուծն ու առույգ առյուծը, իժն ու թևավոր կիզող օձը, նրանք, իրենց հարստությունը դրած էշերի մեջքի վրա և գանձերը՝ ուղտերի սապատի վրա, գնում են մի այնպիսի ժողովրդի մոտ, որն օգուտ չունի իրենց։
(Գրաբար) Տեսիլ չորքոտանեաց յանապատի, ի նեղութենէ եւ յանձկութենէ: Առեւծ, եւ կորիւն առիւծու. եւ ի նոցանէն իժք, եւ կորիւնք իժից: թռչունք ամբարձեալ բերեն իշոց զգանձս իւրեանց, եւ լցեալ ուղտուց զմեծութիւն իւրեանց. առ ազգ մի` որ ոչ ինչ աւգուտ լինիցի նոցա յաւգնականութիւն, այլ յամաւթ եւ ի նախատինս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: