Եսայու մարգարեության մեկնություն 34։5

Ա. Լոպուխին

5-8. ՈրովհետևԻմ սուրը հարբել է երկնքում, ահա՛ նա դատաստանի համար իջնում է Եդովմի և Իմ կողմից դատապարտված ժողովրդի վրա։ [5] Տիրոջ սուրը հագենալու է արյամբ, յուղոտվելու է ճարպով, գառների ու նոխազների արյունով, խոյերի երիկամների ճարպով, որովհետևՏիրոջ համար զոհ կա Բոսորում, և մեծ սպանդ՝ Եդովմի երկրում։ Եվ նրանց հետ պիտի ընկնեն գոմեշները, և զվարակները՝ ցուլերի հետ, և նրանց երկիրը պիտի ոռոգվի արյունով, և նրանց հողը պիտի պարարտանա ճարպով։ Որովհետևվրեժխնդրության օր է Տիրոջ համար, հատուցման տարի է Սիոնի համար։ (Սինոդական թարգ․)
   
   Ես. 34:5-17: Տիրոջ դատաստանը երկնքից դարձյալ իջնում է երկիր և պատուհասում է Եդովմին՝ որպես Հուդայի երկրի գլխավոր թշնամու։ Այդ երկրի բնակիչները պիտի ոչնչացվեն և Եդովմի ողջ շրջակայքը սարսափելի ավերածությունների պիտի ենթարկվի։

   Մարգարեն, փորձելով ցույց տալ Աստծո դատաստանների անխուսափելիությունը, դրանք պատկերում է սրի տեսքով, որն առանց դադար առնելու կոտորում է երեխաներին։ Իսկ ահա եդովմայեցիներին մարգարեն ներկայացնում է մորթվելու տարվող գառների, նոխազների և խոյերի, գոմեշների, հորթերի ու եզների տեսքով՝ այդպիսով ցանկանալով ցույց տալ, որ Եդովմի ժողովրդի բոլոր դասակարգերի ներկայացուցիչները պիտի ենթարկվեն Աստծո դատաստանի կործանարար ազդեցությանը (գոմեշներն ու հորթերը Եդովմի ամենաականավոր ներկայացուցիչներն էին)։

   «Բոսոր»-ը Եդովմի գլխավոր քաղաքն է։

   «Վրեժխնդրության օր ․․․ հատուցման տարի»։ Այս երկու արտահայտություններն էլ մատացույց են անում, որ վերջապես եկել է ժամանակը, երբ Եդովմը պիտի տառապի հրեաներին պատճառած բոլոր ցավերի համար։ Իսկ Եդովմի նման ժողովուրդը, բնակվելով բարձրաբերձ ժայռերի մեջ և այդտեղ էլ պատսպարվելով Հուդայի երկրի դեմ իր կատարած արշավանքներից հետո, քիչ ցավ չէր պատճառել հրեաներին։

   Սուրբ Հովհան Ոսկեբերանն այս համարի իր մեկնության մեջ հիշեցնում է, որ Աստված մարդկանց պես չի բարկանում, այլ միանգամայն արդարացիորեն է գործում։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Սուրն իմ, որ հարբել է երկնքում, այժմ իջնելու է եդոմայեցիների վրայ եւ կորստեան դատապարտուած ժողովրդի վրայ՝ դատաստանի համար:
(Արարատ թարգ․) Իմ սուրը հարբել է երկնքում. ահա նա իջնում է եդովմացիների վրա, իմ դատապարտած ժողովրդի վրա՝ դատաստանի համար։
(Գրաբար) Զի արբեցաւ սուր իմ յերկինս. արդ` ի վերայ եդովմայեցւոցն իջցէ, եւ ի վերայ կորստական ժողովրդեանն դատաստանաւք: