Եսայու մարգարեության մեկնություն 38:19

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ապրողները պիտի օրհնեն քեզ, ինչպէս ես այժմ: Այսուհետեւ մանուկներ պիտի ծնեմ, որ պատմեն քո արդարութեան մասին,
   
   «Այսուհետև մանուկներ եմ ծնելու, որպեսզի պատմեն Քո արդարությունը, Տեր իմ փրկության»

   Եվ ահա պատասխանը․ «Ահավասիկ քո ժամանակի վրա ավելացնում եմ տասնհինգ տարի» (Եսթ․ 14։5): Այստեղից մի մեծ ճշմարտություն ենք սովորում, այն, որ օրհասական մահ լինի, թե բնական, դաժան հիվանդությունից լինի, թե այլ պատճառով՝ հարկ է այս ամենը խնդրել Աստծուց: Բնականն այն է, երբ հառաջացած ու ծերացած են մեռնում, որի վերաբերյալ Դավիթն ասում է. «Մարդկանց կյանքի տարիները յոթանասուն տարի են և կամ առավելագույնս ութսուն տարի» (Սաղմ. 89։10)։ Ասում են՝ դա է մարդկային բնության չափը, քանզի տարրերն այդքան են միասին մնում:

   Հարց. Ինչո՞ւ էին նախահայրերը երկարակյաց, ինչպես Ադամը, որն ապրեց ինն հարյուր երեսուն տարի, իսկ Մաթուսաղան՝ ինն հարյուր վաթսունիննը, ինչպես նաև մյուս բոլորը:

   Պատասխան. Ոմանք ասում են, թե Դավիթն այդ տարիների քանակը հաշվում է ըստ իր ապրած ժամանակում ընդունված միավորների, ուրիշներն ասում են, թե նախահայրերի տարիքը հաշվում էին ամիսներով կամ շաբաթներով, իսկ ինձ թվում է, որ ինչպես, ըստ փիլիսոփաների, մարդու հասակը չորս կանգուն է, և ավելին ու նվազը սխալմունքից է, նույնպես և այն է մարդկային բնության ապրելու ժամանակի չափը, իսկ երկարելը կամ պակաս մնալը Աստծո խնամքից է [կախված], որովհետև Տերը կամենում էր, որ առաջինները երկարակյաց լինեն, որպեսզի շատ ազգերի մեջ իրենց ծնունդներին պատմեն Աստծո զորությունն ու ողորմությունը, իսկ վերջիններին, մեղքերի պատճառով, սակավակյաց է դարձնում: Եվ մահը լինում է մեղքերի պատճառով, ըստ այն խոսքի, թե՝ «Մի եղիր խիստ, որպեսզի անժամանակ չմեռնես» (Առակ. 3։1-2): Արդ, սրանք են մարդկանց անժամանակ, օրհասական մահվան, ինչպես նաև երկարակեցության պատճառները, որոնք են արդարությունն ու մեղքը: Բայց գիտենանք, որ արդարությունը լինում է կյանքի ու մահվան պատճառ, նույնպես նաև մեղքն է մահվան ու կյանքի պատճառ: Ինչպես որ, օրինակ, Եզեկիայի արդարությունը կյանքի պատճառ եղավ, որպեսզի ավելացներ արդարությունն ու վարձը՝ բարու օրինակ լինելու համար: Իսկ Հովսիայի արդարությունը մահվան պատճառ եղավ, որպեսզի գերություն չտեսնի ու չբարեխոսի ժողովրդի համար: Նույնպես և Կայենի մեղքը կյանքի պատճառ եղավ, որպեսզի ապրելով տանջվի, իսկ Սավուղինը, որպեսզի չարչարի այն ժողովրդին, որը խնդրեց թագավորներ ունենալ: Եվ սոդոմացիների ու ջրհեղեղի մեղքը մահվան պատճառ եղավ, որպեսզի մեղավորները պատիժ կրեն և այլոց երկյուղի [պատճառ] դառնան: Արդ, սրանք են բոլոր մարդկանց՝ աշխարհից անժամանակ հեռանալու և աշխարհում մնալու պատճառները՝ մեղքը և արդարությունը: Այլև, ինչպես ասվեց, Աստված մեղավորներին էլ երկար ժամանակ է տալիս, որպեսզի ապաշխարեն, ըստ այն խոսքի, թե՝ «Չեմ կամենում մեղավորի մահը» (Եզեկ. 8։23): Դարձյալ, արդարներն ու մեղավորները կարող են շրջանցել անժամանակ մահը, եթե կամենան. արդարները, ինչպես օրինակ Եզեկիան, արտասուքով փոխեն Աստծո հրամանը, և մեղավորները, ինչպես օրինակ նինվեացիները, որոնք ապաշխարությամբ փրկվեցին մահից: Եվ սա Աստծո մարդասիրության [պատճառով] է, որովհետև երբ աշխարհի դատավորները մահվան վճիռ են տալիս, դատապարտվածներն իրենք չեն կարող ետ շրջել հրամանը, եթե մեկը չլինի, որը միջնորդի այդ հարցում: Մինչդեռ Աստծո պարագայում այդպես չէ, այլ հենց նրանք, ովքեր մահվան վճիռ են ստանում, փոխում են Աստծո հրամանն ի շահ իրենց, ինչպես արեցին Եզեկիան ու նինվեացիները:
   

Ա. Լոպուխին

Ապրողը, միայն ապրողն է Քեզ փառաբանելու, ինչպես որ ես՝ այսօր․ հայրն իր որդիներին պիտի հայտնի Քո ճշմարտությունը։ [19] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 38:18
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Ապրողները պիտի օրհնեն քեզ, ինչպէս ես այժմ: Այսուհետեւ մանուկներ պիտի ծնեմ, որ պատմեն քո արդարութեան մասին,
(Արարատ թարգ․) Ապրողը, ապրողն է քեզ գովերգելու, ինչպես այսօր՝ ես։ Հայրն իր որդիներին պիտի իմացնի քո հավատարմությունը։
(Գրաբար) Այլ կենդանիք աւրհնեսցեն զքեզ. որպէս եւ եսս այսուհետեւ մանկունս ծնայց, որ պատմեսցեն զարդարութիւն քո,