Եսայու մարգարեության մեկնություն 40:15

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Բոլոր հեթանոսները նման են դոյլի մի կաթիլին, նոյնն են, ինչ փոշեհատիկը՝ կշեռքի վրայ եւ կամ ինչպէս բերանից ցայտող շիթը:
   Բոլոր հեթանոսները մեզ համար նման են ջրի մի կաթիլի։
   Նա սա ասում է խիստ նվազության ու փոքրության համար:
   Երկրորդ՝ որովհետև հեթանոսները, որ նման են ջրի մի կաթիլի ու բերանում եղած կաթիլի, որը խոսելիս դուրս է թռչում, ուստի անպիտան ու ավելորդ են:
   

Ա․ Լոպուխին

Ահա ազգերը դույլի մի կաթիլի նման են, և կշեռքի փոշուն հավասար են համարվում։ Ահա՛, Նա կղզիները վերցնում է մանր փոշու նման։ [15] (Սինոդական թարգ․)
   
   Այս երեք համարներում շարունակվում է Աստվածային Էության Բացարձակության մասին նույն գաղափարի զարգացումը, սակայն ա՛յն նորահայտ տարբերությամբ, ըստ որի՝ Աստծո հետ համեմատվող առարկան ոչ թե առանձին մարդն է, այլ ամբողջ ժողովուրդը կամ, ավելի ճիշտ, ամբողջ ժողովուրդները։ [15] (Սինոդական թարգ․)

   «Ահա ազգերը դույլի մի կաթիլի նման են, և կշեռքի փոշուն հավասար են համարվում»։ «Բնության մասին խորհրդածությունից հետո, - ասում է Չեյնը,- մարգարեն անցում է կատարում պատմությանը»։  Այստեղ ևս չկա մեկը, որը կհամարձակվի համեմատվել Ամենակարողի հետ։ Ամենազորավոր և մեծագույն ազգերն էլ Աստծո անսահման ամենակարողության համեմատությամբ նույնքան փոքր և չնչին են, որքան որ ջրի կաթիլը՝ մի ամբողջ դույլ ջրի հետ համեմատած, կամ էլ կշռաքարին առընթեր աննշմարելի մի փոշեհատիկի նմանությամբ, որը կշեռքի նժարի վրա լինելով հանդերձ իր ոչնչության պատճառով բացարձակապես չի ազդում կշեռքի ցուցանիշի վրա։

   Ահա՛, Նա կղզիները վերցնում է մանր փոշու նման։»։ «Կղզիներ», եբրայեցերեն՝  «ihiim» եզրը ո՛չ թե աշխարհագրական է, այլ ազգագրական։ Աստվածաշնչում այն հոմանիշն է «hoim», այսինքն՝ «ազգեր» կամ «ժողովուրդներ» բառի։ Որպես ծովափնյա երկիր՝ Պաղեստինի բնակիչների համար մյուս բոլոր ժողովուրդները համարվում էին կղզիաբնակներ, և մասնավորապես խոսքը վերաբերում էր նրանց, ովքեր ապրում էին Արևմուտքում (Ծննդ. 10:5, Ես. 41:1, Ես. 49:1, Ես. 51։5  և այլն)։ Հրեաների համար գրեթե բոլորովին անհայտ Արևմուտքի երկրներն ու ժողովուրդները հենց իրենց անհայտության պատճառով կարող էին հրեաների պատկերացումներում հանդես գալ որպես յուրատեսակ հզոր ու զորավոր ուժեր։ Եվ ահա դրանց վերաբերյալ մարգարեն նկատում է, որ Աստվածային ամենակարողության առաջ դրանք ևս ոչ այլ ինչ են, եթե ոչ փոշի (ձյան փաթիլ): Յոթանասնից և սլավոնական բնագրում «փոշի» բառի փոխարեն կիրառված է «թքել» բառը, որ եբրայեցերեն «kadok» («փոշի») բառի «karok» («թուք», «թքել») բառով փոխարինելու սխալի հետևանքով է առաջացել։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Բոլոր հեթանոսները նման են դոյլի մի կաթիլին, նոյնն են, ինչ փոշեհատիկը՝ կշեռքի վրայ եւ կամ ինչպէս բերանից ցայտող շիթը:
(Արարատ թարգ․) Ահա ազգերը դույլի մի կաթիլի նման են, նրանք կշեռքի թաթին նստած փոշեհատիկի պես են համարվում։ Ահա նա կղզիները վերցնում է մանր փոշու նման։
(Գրաբար) Եթէ ամենայն հեթանոսք իբրեւ զկաթիլ մի ի դուլէ են, եւ իբրեւ զմէտ մի ի կշռոց համարեցան, եւ իբրեւ շիթք ի բերանոյ համարեսցին: