Եսայու մարգարեության մեկնություն 41:17

Ա. Լոպուխին

«Աղքատներն ու կարիքավորները ջուր են փնտրում, բայց այն չկա. նրանց լեզուն չորանում է ծարավից: Ես՝ Տերս, լսելու եմ նրանց, Ես՝ Իսրայելի Աստվածս, չեմ թողնելու նրանց»: [17] (Սինոդական թարգ․)
   
   17-20-րդ համարների միջակայքում գտնվող այս հատվածը, կարելի է ասել, բացարձակապես անհնար է վերագրել պատմական Իսրայելին, քանի որ այստեղ խոսվում է Իսրայելի ինչ-որ առանձնահատուկ ու բացառիկ երանության մասին, որն Իսրայելն այս մարգարեությունից հետո երբևէ չի վայելել ու որն ավելի շուտ ունի բարոյական, քան թե նյութական բնույթ: Այնուամենայնիվ թույլ տալով, որ հնարավորինս նվազագույն որոշակի հատված վերագրվի պատմական Իսրայելին, մենք այստեղ կարող ենք տեսնել այն համընդհանուր գաղափարը, որ այժմ ամենաաղետալի ու աննպաստ վիճակում գտնվող («աղքատ», «կարիքավոր», «ծարավ ճանապարհորդ անջուր անապատում») իսրայելական ժողովրդի ճակատագիրը  ժամանակի ընթացքում փոխվելու է դեպի լավը:

   «Աղքատներն ու կարիքավորները ջուր են փնտրում, բայց այն չկա…»: Սա գլխավորապես վերաբերում է նախաքրիստոնեական աշխարհում «արդարության քաղցն ու ծարավն» ունեցող այն բոլոր մարդկանց, որոնք վաղուց ի վեր հալածվում էին հեթանոս աշխարհում տիրող անարդարության պատճառով և որոնք առաջինն էին, որ քրիստոնեական Եկեղեցու պարսպից այս կողմ անցան (հմմտ. Ես․ 55:1):

   «Ես՝ Տերս, լսելու եմ նրանց, Ես՝ Իսրայելի Աստվածս, չեմ թողնելու նրանց»: Այս հատվածի լավագույն մեկնաբանությունը հենց Փրկչի կողմից ասված համանման խոսքն է. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա ու խմի (Հովհ. 7:37): Իսկ Ավետարանիչն էլ մեզ համար բացատրում է Տիրոջ այս խոսքերը․ «Նա այս ասում էր Հոգու մասին, Որին ընդունելու էին Իրեն հավատացողները» (Հովհ. 7:39):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Պիտի ցնծան տնանկներն ու չքաւորները, որոնք ջուր էին փնտռում ու չէին գտնում, եւ նրանց լեզուները ծարաւից ցամաքում էին: Ես՝ Տէր Աստուածս, Իսրայէլի Աստուածս, կը լսեմ նրանց եւ չեմ լքի նրանց:
(Արարատ թարգ․) Թշվառներն ու կարիքավորները ջուր են փնտրում, բայց ջուր չկա, նրանց լեզուն ցամաքել է ծարավից. ես՝ Տերը, պատասխան եմ տալու նրանց, ես՝ Իսրայելի Աստվածս, նրանց չեմ լքի։
(Գրաբար) եւ ցնծասցեն տնանկք եւ կարաւտեալք որ խնդրէին ջուր, եւ ոչ գտանէին. եւ լեզուք նոցա ի ծարաւոյ ցամաքէին, ես Տէր Աստուած լուայց նոցա, Աստուած Իսրայէլի, եւ ոչ թողից զնոսա: