Եսայու մարգարեության մեկնություն 41:4

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Արդ, կ՚ասէ՞ք, թէ Նա չի գալու. ո՞վ արեց ու կատարեց այս ամէնը, ո՞վ կանչեց նրան, որ կանչւում էր առաջին ցեղերից: Ես եմ Տէրն առաջին, նոյնն եմ լինելու եւ յաւիտեան:
   
   Ես եմ Տերն առաջին, նույնն եմ լինելու և հավիտյան
   Սա բացառապես Աստծուն է վերաբերում, քանզի Նրանից առաջ ոչ ոք չկար ու Նրանից հետո ոչ ոք չի լինելու, այսինքն՝ Նա անսկիզբ և անվախճան է: Այլև, [միայն] Նա է ամենայն ինչի սկիզբն ու վախճանը:

   Այստեղ ասում է, թե ընտրեցի ձեզ, և Պողոսը, թե՝ «Մեզ ընտրեց աշխարհը լինելուց առաջ» (Եփես. 1։4): Արդ, եթե Աստված մեկն ընտրի և մյուսը մերժի, ապա մերժվածը մեղադրելի չէ: Աստված ոչ թե բռնազբոսիկ և խառնիխուռն կերպով է ընտրում և մերժում, այլ առաջադետ տեսությամբ արդարացիորեն ընտրում է լավը և մերժում վատթարը: Ինչպես օրինակ մարդիկ առջևում դրվածներից այնպիսիներն են ընտրում, որոնք էապես և առերևույթ ունեն պատվականություն, նույնպես և Աստված Իր ամենիմաստ գիտությամբ պատվականներին նախապես ընտրում է թե՛ որովայնից, և թե՛ հետագայում՝] յուրաքանչյուրին իր ժամանակին կանչելով, ինչը հայտնի է այգու մշակների առակից: Իսկ անարժաններին, ովքեր չեն ընդունվում, չի առաքում քարոզելու: Այդպիսիք էին պարսիկների և նմանատիպ մյուս ազգերը: Եվ ամենն այսպես հասկացիր:
   

Ա. Լոպուխին

«Ո՞վ արեց և կատարեց այս ամենը. Նա, Ով հենց սկզբից կանչում է ազգատոհմերին. «Ես առաջին Տերն եմ, ու նաև վերջի՛նն եմ Ես»: [4] (Սինոդական թարգ․)
   
   «Ո՞վ արեց և կատարեց այս ամենը»: Այս հարցի միջոցով Տերը ցանկանում է հեթանոս ժողովուրդներին (ինչպես նաև, իհարկե, Իսրայելին) ներշնչել այն ճշմարիտ գիտակցությունը, որ պատմական իրադարձություններն Արարչի Իմաստության ու Ամենակարողության հայտնություններն են, Նրա՛, Ում հետ ոչ ոք չպետք է հանդգնի համեմատվել:

   «Նա, Ով հենց սկզբից կանչում է ազգատոհմերին․․․» - Ահա նախորդ հարցին տրվող միակ ողջամիտ պատասխանը. իհարկե, ժողովուրդների պատմական բոլոր տեղաշարժերը, երբեմնի հզորագույն ազգերից ոմանց կործանումներն ու մյուսների՝ նախկինում անհայտ ցեղերի՝ պատմության թատերաբեմում հայտնվելը ո՛չ թե կույր պատահականության արդյունք էին, այլ ինչ-որ Ամենակարող բանական կամքի դրսևորում (Բ Օր. 32:8, Դան. 2:21): Այդ կամքի դրսևորում պետք է համարել նաև Կյուրոսի մոտալուտ արշավանքը, ինչպես դա երևում է սույն գլխի և նախորդ գլուխներից մեկի (13-րդ գլխի՝ Բաբելոնի ճակատագրի վերաբերյալ մարգարեության) համեմատությունից:

   Ես եմ Տերն առաջին, ու նույնն եմ լինելու և հավիտյան: Պատմության հոսքի արագընթաց ու փոփոխական լինելու պարագայում նրանից անհամեմատ վեր է գտնվում միայն Աստված, Ով կար այս հոսքից առաջ ու, չենթարկվելով այդ հոսքի ազդեցությանը, հավիտյանս նույնն է:

   «Ես առաջին Տերն եմ, ու նաև վերջի՛նն եմ Ես» - Պատմության արագահոս ու փոփոխուն հոսքի մեջ, անվերջ դրանից վեր բարձրանալով, կանգնած է միայն Տերը, Որը գոյություն ուներ այդ հոսքից էլ առաջ և, չենթարկվելով դրա ազդեցությանը, հավիտյան էլ նույնն է մնում։

   «Ես․․․առաջինն ու վերջինն եմ» - Սա Աստծո միակության, հավիտենականության ու ինքնագոյության հոյակապ սահմանումն է, որը գրեթե բառացիորեն կրկնվում է Հայտնության գրքում՝ «Ես եմ Ալֆան ու Օմեգան, սկիզբն ու վերջը, առաջինն ու վերջինը (Հայտ. 22:13): Աստծո Էության այս հատկությունները թվարկելն այս պարագայում ուներ շատ կարևոր ու բազմանշանակ իմաստ. այն, առաջին հերթին, կտրուկ հատկանշում էր Աստծո բացարձակությունը (հավիտենականություն, ինքնուրույնություն և անփոփոխելիություն)՝ ի տարբերություն մարդու սահմանափակ լինելու հանգամանքի (կյանքի տևողության փոփոխականություն ո՛չ միայն անհատների, այլ նաև ամբողջական ազգերի պարագայում)։ Երկրորդ՝ այդ թվարկումը պատկերացում էր տալիս Աստծո մասին՝ իբրև ամեն բանի առաջին Պատճառի և վերջին Կատարողի («առաջին ու վերջին»)։ Եվ, վերջապես, Աստծո Էության այս հատկությունների թվարկումը Տիրոջը հավատացող բոլոր մարդկանց ամուր հույս ընձեռելով՝ հավաստիացնում էր, որ Նա, որպես հավիտենաբար միայն Ի՛նքն Իրեն հավասար եղող Էակ (համաձայնառաքյալի խոսքի՝ «Ինքն Իրեն ուրանալ չի կարող (Բ Տիմ. 2:13)), տրամաբանորեն վաղ թե ուշ անպայման ի կատար է ածելու Իսրայելի վերաբերյալ Իր բոլոր խոստումները:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Արդ, կ՚ասէ՞ք, թէ Նա չի գալու. ո՞վ արեց ու կատարեց այս ամէնը, ո՞վ կանչեց նրան, որ կանչւում էր առաջին ցեղերից: Ես եմ Տէրն առաջին, նոյնն եմ լինելու եւ յաւիտեան:
(Արարատ թարգ․) Ո՞վ արեց և կատարեց այս ամենը. նա, ով հենց սկզբից կանչեց ազգատոհմերին. ես՝ Տերը, որ առաջինն եմ և կլինեմ նաև վերջինների հետ։
(Գրաբար) ո՞ ազդեաց` եւ արար զայս ամենայն. կոչեաց զնա` որ կոչէրն յազգացն առաջնոց: Ես Տէր առաջին, եւ ես նոյն եմ առ յապա: