Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Յակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան: Իմ ընտրեալն է Իսրայէլը, որը հաճելի եղաւ իմ հոգուն: Իմ շունչը կը տարածեմ նրա վրայ, եւ նա հեթանոսների դատաստանը կը տեսնի:
Հրեաների կարծիքով այս խոսքն ու՞մ մասին է. «Աստված ասում է. Մխիթարեցեք, մխիթարեցեք իմ ժողովրդին»: Մինչև Գրքի վերջը Ասորեստանի և Եզեկիայի վերաբերյալ նման խոսք չկա: Սա չի հարմարվում նաև Զորաբաբելին, որովհետև ասում է, թե «հերոսը» չի աղաղակում ու չի վիճում, բայց ահա Զորաբաբելը կոտորեց Եդովմացիներին և Գոգը: Այլ այս խոսքը պատշաճում է մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ինչպես և Մատթեոս Ավետարանիչն է այս խոսքը վկա բերում՝ ասելով, թե՝ իրավամբ խոսեց Սուրբ Հոգին Եսայու միջոցով և ասաց. «Ահավասիկ իմ մանկանը, որ ընտրեցի» (Մատթ. 12:18) և այլն։ Այլև թեպետ մեր Տիրոջ համար է [ասված], սակայն ոչ թե ինչպես արիոսականներն են կարծում՝ Նրան ծառա և օգնականի կարոտ համարելով, այլ ճշմարտապես Նրա մարմնավորման համար է ասված, որ հաստատում է նաև առաքյալը. «Ծառայի կերպարանք առավ» (Փիլիպ. 2:7):
Օգնական եղավ Նրան իբրև զորություն՝ հրաշագործելու համար, և Նրա մասին ասաց. «Դա է Իմ սիրելի Որդին, Որին հոժարեցի» (Ղուկ. 3:12), և «Աղավնակերպ Սուրբ Հոգին իջավ Իրա վրա» (Ղուկ. 3:22): Իսկ Հակոբի մասին է խոսում, ինչպես այս պարագայում, երբ ասում է՝ «Աստվա՛ծ, քո իրավունքը տուր Արքային, և Քո արդարությունը՝ Թագավորի Որդուն» (Սաղմ. 71:2), քանի որ այդպես մարգարեն ցանկանում է հանձին Հակոբի Քրիստոսի կերպարը ներկայացնել: Եվ դարձյալ այն պատճառով է Հակոբին հիշում, քանզի նրա տոհմից էր ծնվելու Քրիստոս:
Օգնական եղավ Նրան. Թեպետ Նա օգնության կարիք չունի Աստվածության զորության շնորհիվ, սակայն ըստ տնօրինության՝ [այո, ունի], որովհետև մարդ դարձավ. «Եվ հրեշտակներն ուժ էին տալիս Նրան» (Ղուկ. 22:43):
Նա կտեսնի հեթանոսների դատաստանը. Սա նախ այն է նշանակում, որ Նա ազատելու է հեթանոսներին սատանայի ծառայությունից:
Երկրորդ՝ ազատելու է մեղքի մեջ շաղախվելուց, պղծագործ գարշություններից և առաջնորդելու է դեպի կյանքի արդարություն ու սրբություն:
Երրորդ՝ որովհետև հրեաները, որոնք մտածում էին օրենքի մասին, շեղվեցին ճշմարտությունից, մինչդեռ «հիմարացած» հեթանոսները հասան գլխավոր առաքինությանը:
Չորրորդ՝ արդար դատաստանի երկյուղն իբրև սանձ դրեց հոգիների վրա, որով խույս ենք տալիս չարից: Եվ տե՛ս, չի ասում, թե կանի, այլ՝ կտեսնի, որովհետև ինչ ծածուկ էր, հայտնի դարձրեց, ըստ այն խոսքի, որ ասում է. «Ահա մի սերմնացան ելավ» (Մատթ. 13:4)․․․ և աստվածային գանձից պարգևներ բաշխեց աստվածայիններիս:
Ա. Լոպուխին
«Ահա Իմ Ծառան, որի ձեռքը ես բռնել եմ, Իմ ընտրյալը, Որին հավանություն է տվել Իմ հոգին: Իմ հոգին եմ դնելու Նրա վրա, ու Նա դատաստան է տեսնելու ժողովուրդների հանդեպ»: [1] (Սինոդական թարգ․)
Տիրոջ նախորդ խոսքը (40-41-րդ գլուխներ) հիմնականում բովանդակում էր տարբեր ժողովուրդների, այդ թվում՝ նաև իսրայելացիների նկատմամբ իրականացվող Աստծո մոտալուտ դատաստանի մասին հայտարարումը: Նոր խոսքը, որը սկսվում է այս գլխով, հիմնականում խոսում է Աստվածային ա՛յն Հոգու «գործունեության» մասին, Որն արդար Դատաստանից հետո առատորեն հեղվելու է ամբողջ մարդկության վրա: Որպես այդ ողորմածության միջնորդ ու առաջնորդ հանդես է գալիս «Բարձրյալի Ծառան», Որի անձի մեջ, մեկնիչներից մեկի (Orelli) դիպուկ խոսքի համաձայն, «ասես հայտնապես մարմնացած է աստվածընտրյալ ամբողջ ժողովրդի բարի հանճարը»:
«Ահա Իմ ծառան…Իմ ընտրյալը, Որին հավանություն է տվել Իմ հոգին․․․» - Սեպտուագինտայում և սլավոներեն թարգմանության մեջ այստեղ տեղ են գտել հետևյալ բառերը՝ «Հակոբ» (ամենասկզբում) ու «Իսրայել» («ընտրյալ» բառից առաջ): Սակայն դեռևս Որոգինեսն ու Հիերոնիմոս Երանելին հակառակվում էին նմանատիպ բառերի կիրառությանը: Վերջինս, իմիջիայլոց, ասում էր. ««Հակոբ» և «Իսրայել» բառերն այս հատվածում չկան, դրանք չի կիրառել նաև Մատթեոս Ավետարանիչը (Մատթ․ 12:18), որը խոսում է Հիսուս Քրիստոսի՝ «Տիրոջ ծառայի» մասին, և Աստծո կողմից կիրառվող «Իմ ծառան» արտահայտությունը կիրառում է «Իմ Որդին» իմաստով»:
Սակայն նույնիսկ խոսքի նմանատիպ կառուցվածքից էլ անկախ՝ գոյություն ունեն մի քանի բացատրություններ ա՛յն հարցի վերաբերյալ, թե ո՞ւմ պետք է նկատի ունենալ «ընտրյալ Ծառա» արտահայտության ներքո: Ոմանք, ակնհայտորեն հիմնվելով հավելյալ եզրույթների վրա, այստեղ տեսնում են աստվածընտրյալ Իսրայելական ժողովրդի մատնանշումն առհասարակ, մյուսներն այստեղ որոշակի «սահմանափակումներ» են մտցնում՝ նկատի ունենալով ո՛չ թե ամբողջ ժողովրդին, այլ միայն նրա «ընտրյալ» ներկայացուցիչներին, այսինքն՝ արդարներին։ Երրորդ տեսակետի կողմնակիցներն այս խոսքը վերագրում էին մեկ անձի, որը կարող էր լինել կա՛մ Կյուրոսը՝ պարսից թագավորը, կա՛մ էլ հենց Եսայի մարգարեն: Սակայն ինչպես հին հրեական (քաղդեական պարաֆրաստներ) մեկնիչների, Եկեղեցու սուրբ հայրերի (Հովհան Ոսկեբերան, Հերոնիմոս Երանելի, Կյուրեղ Ալեքսանդրացի և ուրիշներ) ու միջնադարյան րաբբիների (Կիմխի, Իսահակ Աբարբանել և այլք), այնպես էլ ժամանակակից մեկնիչների (Ochlei, Delitsch, Cheyne, Orelli, Duhm, Dillmann և ուրիշներ) գերակշռող մեծամասնությունն այստեղ տեսնում են մասնահատուկ ցուցում Մեսիայի Անձի վերաբերյալ՝ ամբողջությամբ համաձայնելով Մատթեոս Ավետարանչի հետ, որը, ինչպես հայտնի է, այս հատվածը վերագրում է Հիսուս Քրիստոսին (Մատթ․ 12:17-21):
Այսուամենայնիվ, մեր գիտնական-մեկնաբանները փորձում են հաշտեցնել այս հատվածի մեկնության առավել բնութագրական երկու վարկածները («Իսրայել» ու «Մեսիա»)՝ ասելով հետևյալը. ««Աստվածընտրյալ ժողովրդի» գաղափարն ու «Մեսիա»-յի գաղափարը, որպես արտաքին պատմական գործոններ, միևնույն բովանդակությունն ունեն, և «Հակոբ» ու «Իսրայել» արտահայտությունները ըմբռնելու համար հարկ է ըմբռնել «Մեսիա»-յի գաղափարը»: Ինչպես որ Իսրայելական ժողովուրդն էր Աստծո ծառան (Բ Օր. 6:13, 10:2, Ես. 41:8-9, 44:1, և այլ տեղիներ), այդ նույն կերպ էլ Աստծո ծառան (Զաք. 3:8, Փիլիպ. 2:7, Գործք. 3:13) և Աստծո կամքը կատարողն էր (Սաղմ. 39:8-9, Եբր. 10:5-7) Մեսիան, Որն ի կատար ածեց այս ժողովրդի պատմական կոչումը: Սակայն եթե Իսրայելական ժողովուրդը, ի դեմս իր առաջնորդների, այնպիսի մի ծառա էր, որը չէր կատարում իր Տիրոջ կամքը (Մատթ. 23:1-3, Հռոմ. 2:17-24), ապա ճշմարիտ Մեսիան՝ Տեր Հիսուս Քրիստոս, «ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով․․․հնազանդ եղավ մինչև մահ և այն էլ մահվան՝ խաչի վրա» (հմմտ․ Փիլ․ 2։8)։ Եվ կանխատեսելով մահվան ճաշակումը՝ Իրեն առաքած Հորն ուղղված աղոթքում ասում է. «Ես Քեզ փառավորեցի երկրի վրա. կատարեցի այն գործը, որն Ինձ տվեցիր, որպեսզի անեմ (Հովհ. 17:4, Յակիմով, Տրոիցկիյ, Ելեոնսկիյ, «Եսայի մարգարեի գիրքը»):
Այսպիսով՝ համաձայն նշված մեկնաբանության առաջ քաշած միանգամայն ճշմարիտ տեսակետի, ուսումնասիրվող հատվածը պետք է հավասարապես վերագրել ինչպես Իսրայելին, այնպես էլ Մեսիային, սակայն այն Իսրայելին պետք է առնչել միայն պայմանական, այլաբանական-սահմանափակող իմաստով, մինչդեռ սույն հատվածը Մեսիային է վերագրվում ամբողջական, պատմականորեն իրագործված համարելու իմաստով:
«Որին հավանություն է տվել Իմ հոգին: Իմ հոգին եմ դնելու Նրա վրա․․․» - Շատերը, ոչ առանց հիմնավորման, այս խոսքերում տեսնում են մարգարեական ակնարկ Տիրոջ Մկրտության վերաբերյալ՝ այն դիտարկելով որպես մի իրողության, որից սկսվում է Նրա՝ հանրությանը ծառայելուն միտված գործունեությունը: Այդ ժամանակ իրականություն դարձավ նաև Տիրոջ վրա Սուրբ Հոգու էջքի մարգարեությունը («Իմ հոգին Նրա վրա է»), ու կրկնվեցին «աստվածային յուրահատուկ բարեհաճության վերաբերյալ գրեթե նույն խոսքերը, որոնք մենք ընթերցում ենք նաև այստեղ (հմմտ. Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղկ. 3:22): Այս բոլոր արտահայտությունները, համաձայն որոնց՝ Աստված աջակցելու է Իր Ծառային և Նրա վրա է հեղելու Սուրբ Հոգին, Տեր Հիսուս Քրիստոսի պարագայում, բնականաբար, ունեն պայմանական նշանակություն ու պետք է ընկալվեն մարդկային տեսանկյունից, ասել է թե՝ այդ արտահայտչամիջոցները հարմարեցված են մեր լեզվին ու մեր մարդկային պատկերացումներին: Այդ արտահայտությունների մեջ բովանդակվող ընդհանուր գաղափարն այն է, որ Սուրբ Երրորդության բոլոր Անձերը (Հայր Աստված՝ սուբյեկտ, Որդի Աստված՝ օբյեկտ, Սուրբ Հոգի Աստված՝ միջնորդ-կապ) իրար են միավորված ամենակատարյալ ներդաշնակությամբ, չնայած նրան, որ պահպանում են իրենց դիմային առանձնահատկությունները: Ոմանք, սակայն, այստեղ ակնարկ են տեսնում Սուրբ Հոգու միջոցով տեղի ունեցող յուրահատուկ օծման վերաբերյալ, որն Աստծո Որդին Իր մարդկային բնությամբ ստանում է Հայր Աստծուց» (Ես. 11:1-2, 61:1-2, Սաղմ. 44:8, Հովհ. 3:34, Պետրոս եպիսկոպոս):
«Ու Նա դատաստան է տեսնելու ժողովուրդների հանդեպ»: Նորկտակարանյան գրքերը մեզ համար պարզորոշ բացատրում են այս միտքը, երբ ասում են, որ «Հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է Իր Որդուն» (Հովհ. 5:22), կամ էլ երբ վկայում են, որ Նա (այսինքն՝ Որդին) այս աշխարհի իշխանին դուրս է նետելու (Հովհ. 12:31) և, իշխանություն ստանալով երկնքում ու երկրի վրա, դատելու է կենդանիներին ու մեռածներին (Բ Տիմ. 4:1): Ուշադրություն դարձնելով խոսքի հետագա համատեքստի վրա՝ այստեղ պետք է հասկանալ ոչ թե Տիրոջ սարսափազդու, Ահեղ Դատաստանը, որը պետք է տեղի ունենա Նրա երկրորդ Գալստյան ժամանակ, այլ մեղավորներին ուղղված սիրառատ, ողորմածությամբ լեցուն այն կոչը, որը հնչեց Նրա առաջին Գալստյան ողջ ընթացքում, որի մասին Ինքը՝ Տերը, պարզորոշ ասում է. «Ես եկա ոչ թե աշխարհը դատելու, այլ այն փրկելու համար (Հովհ. 12:47, հմմ. Մատթ. 9:13, Ա Տիմ. 1:15): «Դատաստան» բառի բանասիրական քննությունը (եբրայերեն՝ «միշպատ», որը նշանակում է «կողմնորոշում», «վճիռ», այդտեղից էլ՝ «օրենք», որը «թորա» բառի հոմանիշն է, տե՛ս 3-4-րդ համարներ) այստեղ հիմք է տալիս մատնանշում նկատելու նաև Ավետարանական ա՛յն պատվիրանի վերաբերյալ, որն Իր աշխարհ գալու ժամանակ Տերը պետք է հռչակի ժողովուրդներին: Այս մեկնաբանության համար հիմք է ծառայում նաև այն համատեքստը, որտեղ խոսվում է դատաստանի ու օրենքի մասին՝ որպես հեթանոս աշխարհի հույսի առարկաներ (4-րդ համար):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Յակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան: Իմ ընտրեալն է Իսրայէլը, որը հաճելի եղաւ իմ հոգուն: Իմ շունչը կը տարածեմ նրա վրայ, եւ նա հեթանոսների դատաստանը կը տեսնի:
(Արարատ թարգ․) Ահա իմ ծառան, որին ես նեցուկ կլինեմ, իմ ընտրյալը, որին հավանություն է տվել իմ անձը։ Ես իմ հոգին դրել եմ նրա վրա, նա իրավունք պիտի բերի ազգերին։
(Գրաբար) Յակովբ ծառայ իմ, աւգնական եղէց նմա. Իսրայէլ ընտրեալ իմ զոր ընկալաւ անձն իմ. ետու զոգի իմ ի վերայ նորա, եւ իրաւունս հեթանոսաց հանցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: