Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգութեամբ, քանզի նրա իշխանութիւնը բարձունքներում է փառաբանւում, եւ նրա անունը՝ երկրի ծագերից, ծովերում նաւարկողներից, կղզիներից ու նրանց բնակիչներից:
Օրհնեցեք Աստծուն նոր օրհներգությամբ։ Հրեաների [երգն է] դարձից, այսինքն՝ հարությունից հետո:
Նրա անունը երկրի ծագերից է [հնչում] նրանց բերանից, ովքեր գերվել էին, բայց ազատվեցին գերությունից: Այլևհեթանոսներն են նոր օրհնություն մատուցում Աստծուն, որովհետև եթե հրեաների համար յոթանասուն տարի անց նոր էր այդ օրհնությունը, ապա որքան ևս ավելի՝ հեթանոսների համար, որոնք հազար տարի հետո օրհնեցին Աստծուն: Եվ ի՞նչ է նոր օրհնությունը. այն է, որ ոչ թե ըստ հին սովորության և ըստ օրենքի, այլ հոգևոր օրհնությամբ ենք օրհնում Աստծուն, համաձայն այն խոսքի, թե՝ «Գալու է ժամանակը, երբ ճշմարիտ երկրպագուները Հորը պիտի երկրպագեն հոգով և ճշմարտությամբ» (Հովհ. 4։23): Նախ՝ որովհետև մենք պաշտում ենք Երրորդությունը, իսկ նրանք՝ միայն Հորը գիտեն:
Երկրորդ՝ քանզի նրանցը մարմնական, իսկ մերը հոգևոր օրհնություն է. «Աստված չի արհամարհում սուրբ սիրտն ու խոնարհ հոգին» (Սաղմ. 9։19):
Երրորդ՝ նրանք Երուսաղեմում կամ նշանավոր վայրերում, իսկ մենք ամեն տեղ օրհնում ենք Աստծուն աղոթքի մեջ, ըստ Պողոսի. «Կամենում եմ, որ մարդիկ աղոթքի մեջ լինեն, ամեն տեղ իրենց սուրբ ձեռքերը վեր կարկառեն» (Ա Տիմ. 2։8): Դարձյալ, որովհետև շնորհական բաներն ու պարգևները նոր են՝ Նրա կողմից մեզ համար արված, որով մեզ սատանայից փրկեց: Եվ առաքինություններն էլ նոր են, այսինքն՝ ոչ թե սոսկ մարդով կամ հրեշտակով փրկվեցինք, այլ Աստծո մարդանալով, որի համար պարտավոր ենք Աստծուն օրհնել նոր օրհնությամբ:
Եվ որպեսզի չկարծենք, թե Աստված կարիք ունի մեր օրհնության, մարգարեն ասում է. «Նրա իշխանությունը բարձունքներում է փառաբանվում», այսինքն՝ բաց մտքով։ Եվ տե՛ս, երկնքում բյուրավոր հրեշտակներ ու հազարավոր հրեշտակապետներ կան, որոնք ի փառաբանություն Աստծո ասում են. «Սուրբ, Սուրբ Զորությունների Տեր, երկինքը լի է․․․» (6։3), և թե՝ «Փառք Աստծուն՝ բարձունքներում» (Ղուկ. 2։14), նաև՝ «Օրհնյալ է Տիրոջ փառքն իր տեղում» (հմմտ. Սաղմ. 67։6): Աստված, սակայն, կարիք չունի նրանց փառաբանությանը, ինչը հայտնի է այն բանից, որ հրեշտակներին ստեղծելուց առաջ Նա կարիք չուներ նրանց փառաբանությանը: Այլ օգտավետն այն է, որ ովքեր օրհնում են Աստծուն, օրհնվում են Նրա կողմից և մոտենում են Աստծուն: Որովհետև որքան որ նայում են լույսին՝ լուսավորվում են նրանից, և այդ լույսի մեջ ավելորդ բան չկա: Նույնպես նրանք, ովքեր օրհնում են Աստծուն, օրհնվում են նրանից, ըստ այն խոսքի, որ ամեն ոք իր փառավոր աչքն է փառավորում: Եվ տե՛ս, որ մարգարեն ասում է. «Նրա իշխանությունը բարձունքներում է փառաբանվում», այլ ոչ թե Նրա էությունն է քննվում հերշտակների կողմից, քանզի անհասանելի է Աստծո բնությունը, ուստի որքան առավել անհասանելի է այն մեզ համար, որ երկրավոր մտածումներով ենք լեցուն ու տկար ենք տեսողությամբ։ Եվ մեզ ինչո՞ւ չի երևում Նրա իշխանությունը: Սա հեռավորության պատճառով չէ, քանզի «մեր Աստվածը երկնքում և երկրում է» (Սաղմ. 113։3), ինչպես ասում է Դավիթ մարգարեն. այլ մեր բնության տկարության պատճառով է, քանզի թույլ է մեր տեսողությունը, այդ պատճառով էլ չենք կարող նայել աստվածային լույսի ճառագայթներին, ինչպես այն ժամանակ աշակերտները, լեռան վրա տեսնելով այդ պայծառությունը, երկյուղից տկարացան: Եվ նույն իրենք՝ հոգևոր զորությունները չէին համարձակվում նայել Նրա փառքին, այլ ահով ծածկում էին իրենց երեսներն ու ոտքերը և սրբորեն երգում էին երեքսրբյան սրբասացությունը:
Եվ Նրա անունը երկրի ծագերում է։
Այս է ասում նաև Դավիթը. «Ողջ երկիրն է բռնել նրանց ձայնը, և մինչև աշխարհի ծայրն են հասել նրանց խոսքերը», և բոլոր ազգերն են Քրիստոսի հավատքին եկել (Սաղմ. 18։5):
Ա. Լոպուխին
«Օրհներգե՛ք Տիրոջը նոր օրհներգությամբ, Նրա գովաբանությո՛ւնն արեք երկրի ծայրերից, դո՛ւք, որ նավարկում եք ծովում, և ամե՛նքդ, որ լցնում եք այն, կղզինե՛ր և դրանցում բնակվողնե՛ր»: [10] (Սինոդական թարգ․)
Այս հատվածը բովանդակում է Տիրոջն ուղղված օրհներգություն ա՛յն բանի համար, որ Նա հեթանոսների հանդեպ բարի գործեր է կատարել: Այդ «բարեգործությունները» դեռևս մարգարեական ակնկալիքների առարկան էին միայն, սակայն մարգարեն այնքան համոզված է, որ դրանք անփոփոխելիորեն իրականանալու են, որ այդ բարի գործերի մասին խոսում է իբրև արդեն իսկ տեղի ունեցած իրադարձությունների, ու այդ իսկ պատճառով էլ հրավիրում է հեթանոսներին փառաբանելու Տիրոջն այդ բարեգործությունների համար այնպե՛ս, ինչպես որ կփառաբանեին այն ժամանակ, երբ արդեն արժանացած լինեին դրանց:
«Օրհներգե՛ք Տիրոջը նոր օրհներգությամբ» - Սա սովորական սկիզբ է մեծ թվով գոհաբանական-փառաբանական սաղմոսների համար (Սաղմ․ 32:3, 95:1, 97:1, 118:1, 148:1 և այլ տեղիներ): Այս պարագայում օրհներգության «նորույթը» համապատասխանում է նաև նրա բուն թեմային, քանի որ, առաքյալի խոսքերի համաձայն. «Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է, որովհետև հինն անցավ, ու հիմա ամեն ինչ նոր եղավ (Բ Կոր. 5:17):
«Դո՛ւք, որ նավարկում եք ծովում» - Մարգարեն այստեղ հավանաբար նկատի ունի Պաղեստինի հարևանությամբ գտնվող Միջերկրական ծովը, չնայած որ աստվածաշնչյան լեզվում «ծով ու կղզիներ» արտահայտությունն առհասարակ որպես հոմանիշ է համարվում հեթանոսական ամբողջ աշխարհի համար:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգութեամբ, քանզի նրա իշխանութիւնը բարձունքներում է փառաբանւում, եւ նրա անունը՝ երկրի ծագերից, ծովերում նաւարկողներից, կղզիներից ու նրանց բնակիչներից:
(Արարատ թարգ․) Նոր ե՛րգ երգեք Տիրոջը, նրա գովաբանությո՛ւնն արեք երկրի ծայրերից, ո՛վ ծովագնացներ և այն լցնողներ, ո՛վ ծովեզրեր և ծովեզրի բնակիչներ։
(Գրաբար) Աւրհնեցէք զԱստուած յաւրհնութիւն նոր, զի իշխանութիւն նորա ի բարձունս փառաւորի, եւ անուն նորա ի ծագաց երկրի: ոյք իջանէին ի ծով նաւաւք, կղզիք եւ բնակիչք նոցա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: