Ա. Լոպուխին
«Այն ժամանակ ետ պիտի դառնան ու մեծ ամոթով պիտի պատվեն նրանք, ովքեր իրենց հույսը դնում էին կուռքերի վրա՝ ձուլածոներին ասելով․ «Դուք մեր աստվածներն եք»: [17] (Սինոդական թարգ․)
«Այն ժամանակ ետ պիտի դառնան ու մեծ ամոթով պիտի պատվեն նրանք, ովքեր իրենց հույսը դնում էին կուռքերի վրա․․․» - Սա մի արտահայտություն է, որը գրեթե բառացիորեն հանդիպում է նաև Սաղմոսերգուի խոսքերում (Սաղմ. 34:4 և 69:3): Տվյալ դեպքում այն մեզ համար բացահայտում է սույն մարգարեական խոսքի հիմնական առարկան և ա՛յն անձանց, ում այն հասցեագրված է: Սույն մարգարեության առարկան կեղծ աստվածապաշտության կամ կռապաշտության պախարակումն է, իսկ այս խոսքի հասցեատեր անձինք էլ բոլոր նրանք են, ովքեր ընդունում են այդ հավատալիքները, այսինքն՝ հիմնականում հեթանոսները, սակայն մասամբ էլ, ինչպես որ դա երևում է հետագա համատեքստից, նաև հրեաները (24-25-րդ համարներ): Մատնանշելով այն գալիք բարեգործությունները, որոնք Տերը պատրաստվում է առատորեն շնորհել Իր նոր թագավորության անդամներին, Նա կանխատեսում է, որ այդ բարեգործությունների մեծությունը ստիպելու է, որ վերոնշյալ կեղծ աստվածապաշտների խիղճը բարձրաձայն աղաղակի, իսկ նրանց գլուխներն էլ ծածկվելու են զղջումով ու ամոթով՝ իրենց նախընթաց վարքի պատճառով: Կուռքերի ոչնչության և ունայնության, ինչպես նաև ամոթահար եղած բոլոր նրա՛նց մասին գաղափարի արձարծումը, ովքեր հույս էին դրել այդ կուռքերի վրա, Եսայի մարգարեի ամենաբնորոշ առանձնահատկություններից մեկն է (Ես․ 2:8, 37:18, 19:1, 21:9, 27:9, 30:22, 37:16-20, 41:29, 44:11, 20 և այլ հատվածներ):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Բայց նրանք երես դարձրին ինձնից: Ամօթ ու պատկառա՛նք ունեցէք դուք, որ ապաւինել էք կուռքերին եւ ասում էք ձուլածոներին, թէ՝ «Մեր աստուածներն էք դուք»:
(Արարատ թարգ․) Պիտի ընկրկեն և խորապես ամաչեն նրանք, ովքեր իրենց հույսը դնում են կուռքերի վրա, ովքեր ձուլածոներին ասում են. «Դուք մեր աստվածներն եք»։
(Գրաբար) բայց նոքա դարձան յինէն յետս: Ամաչեցէք զամաւթ մեծ` ոյք յուսացեալդ էք ի դրաւշեալս. եւ ասէք ցձուլածոյս, թէ աստուածք մեր էք դուք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: