Եսայու մարգարեության մեկնություն 42:19

Ա. Լոպուխին

«Ո՞վ է այնպես կույր, ինչպես Իմ ծառան, ու խուլ, ինչպես Իմ կողմից ուղարկված պատգամաբերը: Ո՞վ է այնպես կույր, ինչպես Իմ սիրելին, այնպես կույր, ինչպես Տիրոջ ծառան»: [19] (Սինոդական թարգ․)
   
   «Ո՞վ է այնպես կույր, ինչպես Իմ ծառան, ու խուլ, ինչպես Իմ կողմից ուղարկված պատգամաբերը…Իմ սիրելին…Տիրոջ ծառան․․․» - Այս մի համարում արտահայտիչ մակդիրների մի ամբողջ շարքի համադրությունը, մակդիրներ, որոնք, սովորաբար, վերաբերում են Մեսիային, բազմաթիվ ուսումնասիրողների առիթ է տալիս ենթադրելու, որ այս խոսքն ուղղված է ո՛չ թե Իսրայելին, այլ Քրիստոսին: Սակայն մենք արդեն նախկինում էլ՝ սույն գլխի սկզբում, հնարավորություն ենք ունեցել ասելու, որ նմանատիպ բոլոր մակդիրները հավասարապես կարող են վերաբերել ինչպես հավաքական Իսրայելին (ժողովրդին), այնպես էլ անձնավորված Իսրայելին (Մեսիային). առաջինին՝ տիպաբանական, իսկ երկրորդին՝ մարգարեական կերպով (տե´ս 1-ին համար): Եվ դեռ ավելին. այդ բոլոր մակդիրները վերաբերում են Մեսիային ա՛յն պատճառով, որ նախևառաջ դրանք վերաբերում էին ամբողջ Իսրայելին. Մեսիան այստեղ ընկալվում է որպես Իսրայելի հոգին՝ նրա լավագույն, կատարյալ որակների կրողն ու արտահայտողը: Աստվածընտրյալ ժողովրդի հենց այս կատարյալ հատկություններից էլ (որոնք հրեա ժողովուրդը չարդարացրեց պատմության ընթացքում) մարգարեն ցանկանում է սկսել իր մեղադրակն խոսքը՝ ուղղված Իսրայելին:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) ո՞վ է կոյրը, եթէ ոչ իմ ծառաները, ովքե՞ր են խուլերը, եթէ ոչ այն մարդիկ, որ տիրում են նրանց: Ո՞վ է կոյրը, եթէ ոչ ուծացածը: Կուրացան Աստծու ծառաները:
(Արարատ թարգ․) Ո՞վ է կույր, եթե ոչ իմ ծառան, և ո՞վ է խուլ իմ ուղարկած պատգամաբերի նման. ո՞վ է կույր, ինչպես իմ նվիրյալը, կույր, ինչպես Տիրոջ ծառան։
(Գրաբար) եւ ո՞վ է կոյրն` եթէ ոչ ծառայքն իմ. եւ ո՞վ են խուլքն` եթէ ոչ որ տիրենն նոցա: Ո՞վ է կոյրն` եթէ ոչ հեռացեալն. եւ կուրացան ծառայքն Աստուծոյ: