Եսայու մարգարեության մեկնություն 42:22

Ա. Լոպուխին

«Սակայն սա ավարի մատնված ու կողոպտված ժողովուրդ է, նրանք բոլորը կապված են բանտերում ու թաքցված՝ զնդաններում: Զոհ դարձան, և նրանց ազատող չկա,  թալանված են, ու ոչ ոք չի ասում՝ «հե՛տ վերադարձրու»: [22] (Սինոդական թարգ․)
   
   
   «Սակայն սա ավարի մատնված ժողովուրդ է… զոհ դարձան…թալանված են․․․» - Այստեղ մատնանշվում է Իսրայելական ժողովրդի քաղաքական ծանր իրավիճակը, որին նա մեկ անգամ չէ, որ առերեսվել է իր երկարատև պատմության ընթացքում, և դա, ակնհայտորեն, ա՛յն հանգամանքով էր պայմանավորված, որ Աստծո հանդեպ անհավատարմություն ցուցաբերելու պատճառով Իսրայելը վերոնշյալ պատմական իրավիճակներում զրկվում էր Տիրոջ օգնությունից: Սա, հավանաբար, ընդհանուր պատմական ցուցում է հրեաների՝ բավականին աղետալի քաղաքական դրության մասին, որով պայմանավորված՝ նրանք հաճախակիորեն զոհ էին դառնում իրենց հանդեպ թշնամաբար տրամադրված հարևանների ձեռքում: Չնայած որ միանգամայն հնարավոր է նաև այստեղ տեսնել մարգարեություն Բաբելոնյան մոտակա գերության վերաբերյալ, մի իրադարձության, որի ընթացքում հրեաները ստիպված էին առանձնապես ծանր տառապանքներ կրել: Այս պարագայում «կապված են», «թաքցված են», «զոհ դարձան» բայերի՝ անցյալ ժամանակաձևերով կիրառությունը պետք է հասկանալ որպես պարզ, այսպես կոչված՝ «մարգարեական անցյալ» ժամանակաձևի կիրառությունուն  (perfectum prophetichum):
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) բայց տեսայ, որ ժողովուրդը կողոպտուեց ու աւարի մատնուեց. բոլոր շտեմարաններում, միաժամանակ եւ բոլոր ապարանքներում, ուր եւ թաքցրին նրանց, որոգայթներ կային. նրանք յափշտակութեան մատնուեցին, եւ ոչ ոք չկար, որ նրանց փրկէր, աւարառութեան ենթարկուեցին, եւ չգտնուեց մէկը, որ ասէր, թէ՝ ե՛տ տուր:
(Արարատ թարգ․) Բայց նա թալանված և կողոպտված ժողովուրդ է։ Նրանք բոլորը որոգայթի մեջ են ընկած փոսերում և թաքցված են զնդաններում. նրանք կողոպուտի մատնվեցին, և ազատող չկա, թալանվեցին, և ասող չկա, թե՝ վերադարձրո՛ւ։
(Գրաբար) եւ տեսի զի եղեւ ժողովուրդն յափշտակեալ եւ յաւար մատնեալ: յամենայն ի շտեմարանս որոգայթք, եւ յամենայն ապարանս միանգամայն` ուր եւ թաքուցին զնոսա. եղեն ի յափշտակութիւն, եւ ոչ ոք էր որ փրկէր զնոսա. յաւար` եւ ոչ ոք էր որ ասէր թէ տուր ի դուրս: