Ա. Լոպուխին
5-6․ «Մի՛ վախեցիր, քանի որ Ես քեզ հետ եմ: Արևելքից բերելու եմ քո ազգատոհմն ու արևմուտքից հավաքելու եմ քեզ»: [5] Հյուսիսին ասելու եմ՝ «տո՛ւր», ու հարավին, թե՝ «մի՛ պահիր, հեռուներից բե՛ր Իմ որդիներին, ու Իմ դուստրերին՝ երկրի ծագերից»»: (Սինոդական թարգ․)
Առաջ է քաշվում նոր շարժառիթ մխիթարության ու քաջալերանքի համար՝ մատնանշելով ա՛յն, որ Իսրայելը ոչ թե նվազելու կամ փոքրանալու է, այլ ընդհակառակը՝ ընդլայնվելու և տարածվելու է ողջ աշխարհով մեկ:
«Մի՛ վախեցիր…» - Ահա՛ այս ամբողջ խոսքի բանալին (համեմատությամբ 1-ին համարի հետ):
«Արևելքից բերելու եմ…արևմուտքից հավաքելու եմ… հյուսիսին ու հարավին ասելու եմ…» - Աշխարհի բոլոր կողմերի այս միավորումն արդեն իսկ պարզորոշ ցույց է տալիս, որ այստեղ մենք գործ ունենք ո՛չ թե աշխարհագրական ինչ-որ որոշակի ու ճշգրիտ տերմինների հետ, այլ որ այստեղ խոսքը ամենաընդհանուր, ընդհանրական մատնանշման մասին է: Հետաքրքրական է նշել, որ այս խոսքերը գրեթե բառացիորեն կրկնվում են Սաղմոսերգուի շուրթերով, որը և հրեաների թշնամիների ձեռքից Աստծո զորությամբ ազատագրվածների վերաբերյալ ասում է, որ Տերը «հավաքեց նրանց բոլոր երկրներից, արևմուտքից ու արևելքից, հյուսիսից ու ծովի կողմից» (Սաղմ. 106:3): Որոշակի, շատ պայմանական իմաստով սա կարելի է վերագրել նաև գերությունից վերադարձած և կրկին Երուսաղեմում ժողովված հրեա ներգաղթյալներին: Սակայն առավել ճշգրիտ ու ամբողջական իմաստով սույն մարգարեությունը պետք է վերագրել հոգևոր Իսրայելին կամ նորկտակարանյան Եկեղեցու անդամներին: Դա հավաստող այս հատվածի լավագույն զուգահեռը համարվում է հենց Տիրոջ հետևյալ խոսքը. «Բայց ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը պիտի գան ու Երկնքի արքայության մեջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ, իսկ արքայության որդիները պիտի գցվեն արտաքին խավարը» (Մատթ. 8:11-12):
«Ու Իմ դուստրերին» - Մեկնաբաններից շատերն ուշադրություն են դարձնում այս զուտ նորկտակարանյան արտահայտությանը. Հին Կտակարանում դուստրերի ծննդյան մասին սովորաբար չի հիշատակվում ու, առհասարակ, նրանց մասին առավել հաճախ հենց նախատինքով է խոսվում: Եվ ահա այստեղ, ուր, ակնհայտորեն, խոսքը դարձյալ նորկտակարանյան ժամանակների մասին է, ահա միայն այստե՛ղ է, որ խոսվում է սեռային հավասարության մասին, որի մասին խոսվում էր Պողոս առաքյալի նամակում (Գաղ. 3:28):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Մի՛ վախեցիր, որովհետեւ քեզ հետ եմ. արեւելքից կը բերեմ քո սերունդը եւ արեւմուտքից կը հաւաքեմ քեզ:
(Արարատ թարգ․) Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ. արևելքից եմ բերելու քո սերունդը և արևմուտքից եմ հավաքելու քեզ։
(Գրաբար) Մի երկնչիր` զի ընդ քեզ եմ. յարեւելից ածից զզաւակ քո, եւ յարեւմտից ժողովեցից զքեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: