Ա. Լոպուխին
1-2. «Իսկ հիմա լսի՛ր, Հակո՛բ, Իմ ծառա, ու Իսրայե՛լ, որին Ես ընտրեցի»: [1] «Այսպես է ասում Տերը, Որը ստեղծեց քեզ ու ձևավորեց քեզ՝ օգնելով քեզ քո մոր արգանդից. «Մի՛ վախեցիր, իմ Ծառա, Հակո՛բ, ու սիրելի Իսրայել, որին Ես ընտրեցի»: (Սինոդական թարգ․)
«Իսկ հիմա լսի՛ր, Հակո՛բ…ու սիրելի [Իսրայել], որին Ես ընտրեցի» - Սույն գլուխը սկսվում է ճիշտ այնպիսի համատեքստային հակադրությամբ, ինչպես որ սկսվում էր նախորդը: Այս գլխի առաջին երկու համարները պարունակում են մի շարք մակդիրներ կամ կոչեր, որոնք արդեն իսկ ծանոթ են մեզ նախորդող բացատրություններից (Ես. 41:8-9, 42:19, 43:1, 21): Այս զուգահեռների վրա հիմնվելով և ուշադրություն դարձնելով խոսքի համատեքստի վրա (ա՛յն, որ Իսրայելի ժողովրդի մեծամասնությունն այս մարգարեությունից անմիջապես առաջ դատապարտվում էր ու մերժվում)՝ մենք պետք է այս կոչը վերագրենք ո՛չ ամբողջ Իսրայելին, որն ընդհանուր առմամբ անարժան էր, այլ նրա լավագույն, ընտրյալ հատվածին՝ Աբրահամի այն ճշմարիտ զավակներին, որոնք նրա ժառանգորդներն են համարվում՝ համաձայն խոստման (այլ ո՛չ թե միայն իրենց ծագումով), այսինքն՝ ա՛յն բանի շնորհիվ, որ նրանք պահպանել են ճշմարիտ աստվածաճանաչողությունն ու մուտք են գործել Քրիստոսի նորկտակարանյան Եկեղեցու անդաստանից ներս: Իր ժամանակակիցներին մխիթարելով՝ մարգարեն ասում է, որ ամբողջ Իսրայելը չէ, որ կործանվելու է, այլ որ նրա միջից պահպանվելու է «սուրբ սերմը՝ նրա մնացորդը»: Այս ընտրյալ մնացորդին էլ (Ես. 10:21, Հռոմ. 9:27) հենց ուղղված է մարգարեի մխիթարությունը, որը մասամբ հաստատվում է նաև այստեղ կիրառվող մակդիրներով («Իմ Ծառա», «սիրելի»...«որին Ես ընտրեցի»):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Իսկ այժմ լսի՛ր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, եւ դու, Իսրայէ՛լ, ում ընտրել եմ:
(Արարատ թարգ․) «Իսկ հիմա ակա՛նջ դիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, ո՛վ Իսրայել, որին ես ընտրել եմ։
(Գրաբար) Բայց արդ լուր Յակովբ ծառայ իմ, եւ Իսրայէլ զոր ընտրեցիդ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: