Եսայու մարգարեության մեկնություն 44:22

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ահաւասիկ ջնջեցի քո անօրէնութիւնները ինչպէս ամպ եւ քո մեղքերը՝ ինչպէս մէգ. ինձ մօ՛տ դարձիր, որպէսզի փրկեմ քեզ:
   

   Ես եմ, որ ամպի նման ջնջում եմ քո անօրենությունները։

   Համաձայն Սուրբ Գրքի, ինչպես առաջիկայում կասվի, ամպը բաբելացիների գերությունն է խորհրդանշում, իսկ մեգը՝ նրանց կրած նեղությունը:Ջնջում եմ, այսինքն՝ գերողներից կազատեմ ձեզ: Բայց գիտենանք, որ ամպը բազում իմաստներով համեմատվում է մեղքի հետ: Նախ՝ ինչպես ամպը, հողի խոնավությունից բարձրանալով, խափանում է արեգակի լույսն ու ջերմությունը, նույնպես և մեղքը, տղմոտ հոգիներից ու մարմիններից բարձրանալով, արգելք է դառնում ողորմության և Աստծո սիրո համար, համաձայն այն խոսքի, թե՝ «Ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծո միջև» (59։2):

   Երկրորդ՝ որովհետև ամպն ու մեգը խառնում են օդի պարզությունը և խավարեցնում են այն: Նույնպես և մեղքերը պղտորում են մտքի հստակությունը, և մարդը հիմարանում է, համաձայն այն խոսքի, թե՝ մեղքով բռնված հոգիները զրկվում են մտքից ևս:
   Երրորդ՝ որովհետև փոքրիկ ամպը կարճ ժամանակում աճում և բազմանում է: Նույնպես և մի փոքրիկ մեղքով մեղսավորվող մարդու մեջ [այդ մեղքի հետ] սողոսկում և բազմանում են նաև մյուս մեղքերը: Որովհետև մեղքը նման է օձի. երբ գլխի մի փոքր մասը ներս է մտնում, իր հետ քաշում է և ամբողջը: Նույնպես և մեղքերի ցանկությունը, մտնելով զգայարաններից ներս, ամբողջապես կլանում է, ու հոգին մեռնում է, համաձայն այն խոսքի, թե՝ «Ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը կատարվելով մահ է ծնում» (Հակ. 1։15): Ու երբ մարդ կատարում է մեկը, մյուսները շղթայի նման [հետևում են դրան]:
   Չորրորդ՝ որովհետև ամպից որոտ և կայծակ է թափվում: Ճիշտ սրա նման և մեղավոր հոգին խղճմտանքից տևապես այրվում է խռովքի ու տագնապի մեջ: Նույն մտքով է ասում նաև Պողոսը. «Այս անելով կրակե կայծակներ կկուտակես նրա գլխին» (Հռոմ. 12։20): Որովհետև այստեղ նա մշտապես չարչարվում է մտքով, իսկ այնտեղ հոգով մտնում է կրակե նախանձախնդրության մեջ, որն էլ ուտում է հակառակորդներին:
   Հինգերորդ՝ քանզի ամպից լինում է սառնամանիք, ձյուն, կարկուտ և այլն, որի պատճառով թոռոմում են բույսերը, այդպես էլ մեղքերը հոգին սառեցնում են Աստծո սիրուց: Ու եթե մի բարեգործություն էլ կատարում է, այն ևս կորչում և անպտուղ է դառնում, ըստ մարգարեի, որն ասում է. «Երբ կթողնի Իմ օրենքները և մեղքեր կգործի, այլևս չեն հիշվի արդարությունները, որ սկզբից արել էր» (Եզեկ. 18։24):
   Վեցերորդ՝ ամպից նաև անձրև է գալիս ու պատճառ դառնում հեղեղների, ինչպես Նոյի օրերում էր։ Այդպես և մեղքերից մարդու վրա հեղվում են զանազան ու սաստիկ փորձություններ. որոգայթներ, հիվանդություններ, գերություն, գայթակղություն և այլն, ըստ այնմ. «Անձրևներն իջան, ու գետերը հորդեցին» (Մատթ. 7։25, 27):

   Յոթերորդ՝ որովհետև ինչպես կա ամպ, որը չի որոտում ու կայծ չի տալիս օդի սաստկության պատճառով, կամ չի փչում այնպիսի քամի, որն անձրև, կարկուտ և ձյուն կբերեր, այդպես էլ շատերը՝ մեղքի մեջ ընկղմված, չունեն խղճմտանքի կայծ, այլ ծանր հիվանդի նման [այլևս] ցավ չեն զգում: Որովհետև Աստված այդպիսիների վրա չի ներգործում, այլ Իր ձեռքից բաց է թողնում, որպեսզի գնան իրենց կամքի ետևից: Ըստ այսմ, ոչ մի փորձություն նրանց վրա չի հասնում և ոչ էլ տրտմություն է զգում, այլ՝ ամեն կողմից ուրախություն, նման այն հարուստին, որն ուրախացավ այս կյանքում, բայց երբ մեռավ, իր աչքերը դժոխքում բացեց (Ղուկ. 16։ 19-31): Եվ այս է պատճառը, որ մեղավորներից ոմանք ապաշխարողների նման տանջվում են այս կյանքում, և ոչ թե այն։ իսկ ոմանք էլ այնտեղ են տանջվում, և ոչ թե այստեղ, ինչպես օրինակ հարուստը, ոմանք էլ տանջվում են թե՛ այստեղ և թե՛ այնտեղ, ինչպես սոդոմացիները, փարավոնը և մնացյալը: Եվ դյուրին է նրանց համար, ովքեր առհավատչյան այստեղ են ձեռք բերում, քան նրանց, ովքեր չեն արժանանում դրան, որովհետև այն ժամանակ, ինչպես և ասում է Տերը, «սոդոմացիների համար ավելի հեշտ է լինելու» (հմմտ․ Մատթ. 10։15): Եվ կան մեղավորներ էլ, որ ոչ այստեղ են տանջվում, ոչ այնտեղ, ինչպես նոր մկրտվածները, որոնք գալիս են դեպի հավատը և որոնց երանի է տալիս մարգարեն. «Երանի նրան, ում մեղքերին թողություն եղավ» (Սաղմ. 31։1):

   Ութերորդ՝ որովհետև երբ քամին փչում է, տապը դյուրությամբ հեռանում է։, Նույն կերպ նաև երբ փչում է Աստծո սիրո քամին, դյուրությամբ հեռանում է մեղքը, այդ պատճառով էլ Աստված ասում է. «Ես եմ որ ջնջում եմ քո անօրենություններն ինչպես ամպ»: Որովհետև ինչքան էլ մեծ և անհաղթահարելի թվա մեղքերի բազմությունը, բայց Աստծո ողորմության համեմատ այն նմանվում է ծովի մեջ ընկած կրակի մի կայծի, որը դյուրությամբ մարում է, ինչպես ասում է Ոսկեբերանը: Եվ տե՛ս, թե որքան դյուրությամբ ներվեցին քանանացի պոռնկի, մաքսավորի, ավազակի և մյուսների մեղքերը, և նրանք իսկույն արդարացան:

   Իններորդ՝ որովհետև երբ ամպը վերանում է, ոչ թե ինչ-որ տեղում է հավաքվում, այլ իսպառ անհետանում է: Նույնպես և Աստված, երբ թողնում է մեղքերը, ոչ թե երբևէ վերստին հիշում, այլ իսպառ ջնջում է, և սպիներն [իսկ] չեն երևում, ըստ այս խոսքի. «Քո մեղքերն այլևս չեմ հիշելու» (43։5), այսինքն՝ ոչ միայն պատիժներից է ազատում, այլև ամենևին չի հիշում՝ օրինակ լինելով մեզ համար: Որովհետև քահանային վայել չէ ոչ միայն գործով կամ խոսքով հիշելը, այլև դեռ [հարկ է] մտքով իսպառ մոռանալ, ինչպես Աստված է անում: Բայց եթե մարդ կրկին դառնա նույն մեղքին, ինչպես շունն իր փսխածին (հմմտ Առակ 16։11, Բ Պետ. 2։22), այնժամ Աստված ևս կրկին կհիշի թե՛ առաջինը և թե՛ վերջինը, ինչպես Հովհաննեսն է ասում, որ առաջինը ևս կպահանջեն նրանից:

   Տասներորդ՝ որովհետև երբ ամպը վերանում է, օդը վերստին պայծառանում է սկզբի լուսավորության նման: Նույնպես [մեղքերի] թողությունից հետո հոգին հասնում է սկզբնական պայծառությանը՝ ճերմակացած ձյան նման, համաձայն Դավթի խոսքի. «Կլվաս և ձյունից ավելի ճերմակ կլինեմ» (Սաղմ. 50։9)։ Իսկ Եսային ասում է. «Եթե ձեր մեղքերը մուրի պես լինեն, ձյան նման ճերմակ կդարձնեմ» (Եսայի 1։18): Եվ այս լինում է, երբ մարդ խոստովանում է իր մեղքերը 1: Ինչպես ասվում է. «Դու նախ քո անօրենություններն ասա, որպեսզի արդարանաս» (43։26): Այս ասում է Աստված, սակայն վերագրվում է քահանային, որ Աստծո մարդն է: Եվ սա բազում պատճառներով է. նախ՝ Նա ուզում է ասել․ «Դու ասա քո անօրենությունները, որպեսզի իմանաս Իմ երախտիքը», ըստ այս խոսքի. «Իսրայել, մի՛ մոռացիր Ինձ» (44։1): Եվ Սողոմոնն ասում է. «Քո բարեկամի երախտիքը մի՛ մոռացիր» (Իմաստ. 14։26):

   Երկրորդ՝ «Դու ասա նախ քո անօրենությունները, որպեսզի արդարանաս, որովհետև Իմ ասելն ինձ համար է արդարություն», մինչդեռ մարդն ինչ որ ասաց՝ կորցրեց․ թե՛ մեղքը, թե՛ արդարությունը, ինչպես փարիսեցիու և մաքսավորի պարագայում եղավ:
   Երրորդ՝ «Դու ասա, որովհետև ասելը սրբություն է քեզ համար, քանի որ եթե Ես ասեմ՝ նախատինք կլինի քեզ համար»,- ասում է Աստված:

   Չորրորդ՝ «Դու ասա, քանզի քո ասելը զղջում ու խոնարհություն է քեզ համար, իսկ իմ ասելը՝ տրտմություն և ատելություն է քեզ»:
   Հինգերորդ՝ «Իմ ասելը մատնություն է քեզ համար, բայց դո՛ւ ասա՝ մատնիր ու թշնամի եղիր քո անձին», ըստ Առակացի խոսքի. «Արդարն իր պատասխանի մեջ թշնամի է ինքն իրեն» (Առակ. 18։17):

   Վեցերորդ՝ «դու ասա, որպեսզի ամոթ լինի քեզ համար», որովհետև «Ով մեղանչի, նա էլ պիտի մեռնի» (Եզեկ. 18։4):

   Յոթներորդ՝ մեկինը ասելն է, մյուսինը՝ պատասխանելը: Արդ, «եթե Ես ասեմ, դու չես կարող թողություն ստանալ, այլ դո՛ւ ասա, ու Ես կթողնեմ քո [թված] մեղքերը», համաձայն այն խոսքի, թե՝ «Քեզ կպատմեմ մեղքերս, և Դու թողություն կտաս» (Սաղմ. 31։5):

   Ութերորդ՝ որովհետև նախ հիվանդն է իր ցավն ասում, և ապա միայն բժիշկը ստեղծում է դեղը, քանզի նախ խնդրելն է, իսկ հետո՝ կատարելը, ըստ այս խոսքի․ «Խնդրեցեք և կստանաք» (Ղուկ. 11։9, Մատթ. 7։8), և այլն:

   Իններորդ՝ «Դու ասա, որպեսզի բռնությամբ և ակամա չլինի», որովհետև վարձատրությունը ակամայից կամ բռնությամբ ասված խոսքով չեն ստանում, այլ կամավոր խոստովանությամբ, ըստ Դավթի. «Ես իմ կամքով Քո անունը խոստովանեցի» (Սաղմ․ 53։8):

   Տասներորդ՝ որովհետև դո՛ւ գիտես քո արած յուրաքանչյուր գործը, և ոչ թե քահանան. այդ պատճառով դու ասա այն, ինչ գիտես: Եվ տե՛ս՝ ինչ է ասում. «Ասա քո՛ անօրենությունը, և ոչ թե՝ ուրիշների: Քանի որ անհրաժեշտ է մեղքի տեսակներն ասել, այլ ոչ թե գործակցի արածը անվանապես հայտնել, որովհետև դա ընկերոջ մատնություն է: Եվ նախ հարկ է հիշել բոլոր մեղքերը, որպեսզի խոստովանելիս որևէ մեկը չմոռանաս: Այդ պատճառով ասում է.

   Բայց դու հիշիր, որ իրար հետ դատ ենք ունենալու (43։26), իսկ հիշելը խոստովանությամբ է լինում, և սա Աստծո մեծ գթությունից է, որովհետև մեղքերն ասելիս մարդն արդարանում է:
Այսքանն այս մասին:

   

Ա. Լոպուխին

«Վերացնելու եմ քո անօրենությունները, ինչպես մառախուղը, ու քո մեղքերը, ինչպես ամպը. դարձի՛ր դեպի Ինձ, քանի որ Ես փրկել եմ քեզ»: [22] (Սինոդական թարգ․)
   

   «Վերացնելու եմ քո անօրենությունները... դարձի՛ր դեպի Ինձ, քանի որ Ես փրկել եմ քեզ» - Տերը չի մոռանալու Իր հավատարիմ Իսրայելին, ու եթե Իսրայելի ժողովուրդը դառնա դեպի Նա, ապա Տերը կների նրանց բոլոր մեղքերն ու կփրկի նրանց, այսինքն՝ սկզբում կփրկագնի, կազատի Բաբելոնյան գերությունից, իսկ հետո հնարավորություն կտա ձերբազատվելու նաև մեղքի ստրկությունից:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Ահաւասիկ ջնջեցի քո անօրէնութիւնները ինչպէս ամպ եւ քո մեղքերը՝ ինչպէս մէգ. ինձ մօ՛տ դարձիր, որպէսզի փրկեմ քեզ»:
(Արարատ թարգ․) Ես ջնջել եմ քո հանցանքները ամպի նման և քո մեղքերը՝ մեգի նման. վերադարձի՛ր ինձ, որովհետև ես փրկել եմ քեզ»։
(Գրաբար) զի ահաւասիկ ջնջեցից իբրեւ զամպ զանաւրէնութիւնս քո, եւ իբրեւ զմէգ զմեղս քո. դարձ առ իս` եւ փրկեցից զքեզ: