Եսայու մարգարեության մեկնություն 45:9

Ա. Լոպուխին

9-10․ «Վա՜յ նրան, ով, մի խեցի լինելով հողե խեցիների մեջ, վիճաբանում է իր Արարչի հետ: Մի՞թե կավը բրուտին կասի՝ «ի՞նչ ես անում», կամ քո աշխատանքը քո մասին կասի՞.«Նա ձեռքեր չունի»»: [9] «Վա՜յ նրան, ով հորն ասում է. «Ինչո՞ւ ինձ աշխարհ բերեցիր», իսկ մորը, թե՝ «ինչո՞ւ դու ծննդաբերեցիր ինձ»»: (Սինոդական թարգ․)
   
   9-րդ համարից մինչև 13-րդ համարը ներառյալ քննարկվում են հակառակությունները կամ էլ, ավելի ճիշտ, ուսումնասիրվում են այն կասկածները, որոնք կարող էին առաջանալ որևէ մեկի մոտ՝ կապված այն ամենի ճշգրիտ իրականացման հետ, ինչի մասին կանխատեսվել էր քիչ առաջ: Չի բացառվում նաև, որ այստեղ հերքվում է քիչ առաջ հռչակված փրկության ճանապարհի վերաբերյալ դժգոհությունը։

   «Վա՜յ նրան, ով վիճաբանում է իր Արարչի հետ… ով իր հորն ասում է «Ինչո՞ւ ինձ աշխարհ բերեցիր», իսկ մորը, թե՝ «ինչո՞ւ դու ծննդաբերեցիր ինձ»»: Ո՞ւմ են հասցեագրված այս «վա՜յ»-երը: Ո՞վ է համարձակվում այդպես խստորեն վիճաբանել Արարչի հետ ու նմանատիպ անխոհեմ դժգոհություն արտահայտել սեփական ճակատագրի վերաբերյալ: Ակնհայտորեն դա ոչ այլ ոք է, եթե ոչ այն նույն «խստապարանոց» Իսրայելը, որը նախկինում արդեն ոչ մեկ անգամ ինչպես Եսայի մարգարեի (Ես․ 29:16, Ես․ 40:27), այնպես էլ մյուս մարգարեների կողմից (Եր. 18:1-2) նմանատիպ խրատների էր արժանացել իր այդ համառության համար: Կարելի է կարծել, որ գերեվարված հրեաները, ծանրագին նեղություններ կրելով, արդեն իսկ կորցրել էին իրենց հավատը դրանցից ձերբազատվելու հնարավորության հանդեպ, ինչը որ արտահայտվում է հրեաների՝ մեզ հայտնի բողոքից. «Իմ ճանապարհը ծածկված է Տիրոջից, և իմ գործը մոռացված է իմ Աստծուց» (Ես․ 40:27): Սակայն հիմքեր կան նաև ենթադրելու, որ հրեաները, որպես սնապարծ ազգայնականներ, իրենց դժգոհությունն են արտահայտել նաև այն մարգարեության վերաբերյալ, համաձայն որի՝ իրենց քաղաքն ու տաճարը վերականգնվելու են ո՛չ թե ինչ-որ հայտնի հրեա առաջնորդի (օրինակ՝ Մեսիայի), այլ իրենց համար բոլորովին օտար հեթանոս թագավորի կողմից: Այս մասին է, հավանաբար, ակնարկվում 11-րդ համարի վերջում. «Դուք․․․ցանկանում եք Ինձ ուղղությո՞ւն ցույց տալ Իմ ձեռքի գործերում»:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Մի՞թէ նա, որ հողն է հերկում, ամէն օր հերկ կ՚անի. մի՞թէ կաւը բրուտին կարող է ասել, թէ՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս. մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կարող է ասել, թէ՝ ինչո՞ւ այսպէս ստեղծեցիր ինձ:
(Արարատ թարգ․) Վա՜յ այն մարդուն՝ հողե մի խեցի խեցիների մեջ, որ վիճում է իր Արարչի հետ։ Մի՞թե կավը կասի իրեն ձևավորողին. «Ի՞նչ ես անում», «Սարքածդ բռնակներ չունի»։
(Գրաբար) Ստեղծի զքեզ իբրեւ զկաւ բրտի: միթէ զա՞ւրն ամենայն հերկիցէ որ հերկեն զերկիր: միթէ ասիցէ՞ կաւն ցբրուտն` զի՞ կաս` զի՞ ոչ գործես չիք քո ձեռք: միթէ ասիցէ՞ ստեղծուածն ցստեղծիչն իւր թէ ընդէր այսպէս ստեղծեր զիս: