Եսայու մարգարեության մեկնություն 48:12

Ա. Լոպուխին

12-15․ «Լսի՛ր ինձ, Հակո՛բ և Իսրայե՛լ, որին Ես կանչեցի. Ես նույնն եմ, Ես եմ առաջինը և Ես եմ վերջինը»։ [12] «Իմ ձեռքն է հիմնել երկիրը, և Իմ աջն է տարածել երկինքը. ես կկանչեմ նրանց, և նրանք միասին կհայտնվեն»։ «Հավաքվե՛ք բոլորդ և լսե՛ք. նրանցից ո՞ր մեկն է կանխատեսել այս բաները։ Տերը սիրեց նրան, և նա կկատարի Նրա կամքը Բաբելոնի դեմ, և Նրա բազուկը ցույց կտա քաղդեացիներին»։ «Ե՛ս, Ե՛ս ասացի և կանչեցի նրան․ Ե՛ս եմ նրան բերել, և նրա ճանապարհը բարեհաջող կլինի»։ (Սինոդական թարգ․)
   
   12-15-րդ համարներն ընդգրկող այս ամբողջ հատվածն Իսրայելին ուղղված նոր, ավելի մեղմ հորդոր է, որում մարգարեն կրկնում է նման դեպքերում սովորական եղող և իրեն սիրելի փաստարկները, որոնց մենք մեկ անգամ չէ, որ հանդիպել ենք դեռ նախկինում: Մարգարեն մատնանշում է, որպես «ընտրյալ» ժողովուրդ, Իսրայելի յուրահատուկ մտերմությունը Տիրոջ հետ (Ես. 48:12 հմմտ. Ես. 41:9, 42:6), ինչպես նաև մատնացույց է անում Աստծո Հավերժությունը, Ամենակարողությունը և Անփոփոխելիությունը (հմմտ. Ես. 41:4, 43:10, 44:6), Նրա Արարչագործական Զորությունը (Ես. 48:15 հմմտ. Ես. 40:22, 26, 28, 42:5, 44:24, 45:12, 18), հեթանոսական մյուս ազգերի աստվածների նկատմամբ Նրա անհամեմատ գերազանցությունը (Ես. 48:14 հմմտ. Ես. 43:9, 45:18-20 և այլ տեղիներ), այլև խոսում է Կյուրոսի և Բաբելոնի մասին Տիրոջ վերջին, նշանավոր մարգարեության մասին (Ես. 48:15 հմմտ. Ես. 44:28, 45:1-7, 46:11 և այլ տեղիներ):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) «Լսի՛ր ինձ, Յակո՛բ, եւ դու, Իսրայէ՛լ, ում ես կանչում եմ. ե՛ս եմ առաջինը, ե՛ս եմ եւ յաւիտենականը:
(Արարատ թարգ․) Լսի՛ր ինձ, ո՛վ Հակոբ, և դու, Իսրայե՛լ, որին ես կանչեցի. ես նա եմ, ես եմ առաջինը և ես եմ վերջինը։
(Գրաբար) Լուր ինձ Յակովբ, եւ Իսրայէլ զոր եսդ կոչեմ. ես եմ առաջին, եւ ես եմ յաւիտեան: