Եսայու մարգարեության մեկնություն 49:1

Ա. Լոպուխին

«Լսե՛ք ինձ, կղզինե՛ր, և ուշադի՛ր եղեք, հեռավոր ժողովուրդնե՛ր. Տերն ինձ կանչել է դեռ արգանդից, իմ մոր որովայնից է հիշատակել իմ անունը»։ [1] (Սինոդական թարգ․)
   
   «Լսե՛ք ինձ, կղզինե՛ր, և ուշադի՛ր եղեք, հեռավոր ժողովուրդնե՛ր...» - Սա առանձնահատուկ ուշադրության կոչ է, ինչը պայմանավորված է հաջորդող խոսքի չափազանց կարևորությամբ (հմմտ. Ես. 48:16), ու նաև, հավանաբար, պարունակում է ցուցում այդ խոսքի համապարփակ, համընդհանուր բնույթի մասին, քանի որ տվյալ մարգարեությունը վերաբերում է ոչ միայն ընտրված ժողովրդի «նեղ» շրջապատին, այլ նաև բոլոր «հեռավոր ժողովուրդներ»-ին (հմմտ. Ես. 43:4, 44:15-16, 41:1, 52:4)։
   «Տերն ինձ կանչել է դեռ արգանդից, իմ մոր որովայնից է հիշատակել իմ անունը...» - Այս խոսքերն ամենաքիչը կարող են վերաբերել հենց Եսայի մարգարեին, որը, ինչպես հայտնի է, իր մարգարեական ծառայությանն է կանչվել չափահաս տարիքում (Ես. 6:1-6): Առավել մեծ չափով դրանք կարող են մեկնաբանվել որպես հավաքական անձին (օրինակ՝ ամբողջ Իսրայելին, Ես. 44։2, 24) վերաբերող խոսքեր: Սակայն ամենաբնական և լավագույն տարբերակն է այս խոսքերը հասցեագրել մի առանձին անհատի (Ես. 42:4, Երեմ. 1:5) և մասնավորապես դրանք կիրառել Տիրոջ սիրելի Ծառայի անձի վերաբերությամբ, Որի՝ «հին ժամանակներից ի վեր» կանխասահմանված կոչման  և հենց Նրա անվան մասին իսկ Եսայի մարգարեն մեկ անգամ չէ, որ խոսել էր դեռևս ավելի վաղ (Ես. 7:13-15, 42:6, 48:15, հմմտ. 109:2): Այս մարգարեությունների իրականացման մասին մեզ պատմում են Ավետարանիչները (Մատթ. 1:21 և Ղուկ. 1:31): Որոշ մեկնաբաններ ուշադրություն են հրավիրում այն ​​հանգամանքի վրա, որ այստեղ՝ Ծննդյան առնչությամբ, հիշատակվում է միայն ու միայն մայրը, ինչը և գուցե քողարկված ակնարկ է Աստվածամոր անսերմ հղության վերաբերյալ։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Լսեցէ՛ք ինձ, կղզիների՛ բնակիչներ, ակա՛նջ դրէք, հեթանոսնե՛ր. շատ ժամանակներ անց պիտի հաստատուի դա», -ասում է Տէրը: Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տուեց, երբ ես դեռ իմ մօր որովայնում էի:
(Արարատ թարգ․) Լսե՛ք ինձ, ո՛վ ծովեզրեր, ուշադի՛ր եղեք, ո՛վ հեռվի ժողովուրդներ. Տերն ինձ կանչել է դեռ արգանդից, իմ մոր որովայնից է հիշատակել իմ անունը։
(Գրաբար) Լուարուք ինձ կղզիք, եւ ունկն դիք հեթանոսք: յետ բազում ժամանակաց հաստատեսցի այդ ասէ Տէր: Յարգանդէ կոչեաց զիս, եւ յորովայնէ մաւր իմոյ կարդաց զանուն իմ: