Եսայու մարգարեության մեկնություն 49:13

Ա. Լոպուխին

«Ցնծա՛, ո՛վ երկինք, և ուրախացի՛ր, ո՛վ երկիր, ու ցնծությամբ պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, որովհետև Տերը մխիթարեց Իր ժողովրդին և գթաց նրա տառապյալներին»»։ [13] (Սինոդական թարգ․)
   
   «Ցնծա՛, ո՛վ երկինք, և ուրախացի՛ր, ո՛վ երկիր, ու ցնծությամբ պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ...» - Սույն համարը 49-րդ գլխի կառուցվածքի մեջ զբաղեցնում է յուրահատուկ, միջանկյալ դիրք՝ ասես լինելով այս գլխի երկու կեսերն իրարից տարանջատող մի հատված: 49-րդ գլխի այդ առաջին կեսն ինքնատիպ-մեսիական հատված է (1-12-րդ համարներ), իսկ մյուս կեսը ծառայում է որպես այդ առաջին կեսի վերակրկնություն և ավելի մանրամասնորեն է բացահայտում այն (14-26-րդ համարներ): Ինքն իրենով այն ներկայացնում է հանդիսավոր-փառաբանական օրհներգ՝ համայն տիեզերքի անունից ուղղված Արարիչ և Փրկիչ Աստծուն, մի երևույթ, որը միանգամայն բնորոշ է սույն մարգարեության հեղինակին (Ես. 44:23, 52:9 և այլ տեղիներ):

   «Որովհետև Տերը մխիթարեց Իր ժողովրդին և գթաց նրա տառապյալներին...» - Այստեղ մատնացույց են արվում մեծագույն ուրախության դրդապատճառները, ուրախությո՛ւն, որով ցնծալու կոչ է անում մարգարեն ողջ աշխարհին։ Այստեղ հիշատակվող «գթության» և «մխիթարության» ներքո, եթե հետևելու լինենք հեղինակի մտքերի ընթացքին, պետք է հասկանալ ոչ այնքան Իսրայելի մոտալուտ ազատագրումը բաբելոնական գերությունից, որքան որ Իսրայելի ավելի հեռակա, մեսիական կերպարը՝ հոգևոր Իսրայելի ազատագրումը մեղքի, անեծքի և մահվան կապանքներից (Ես 2:3): Եսայի մարգարե այս գրքի միասնության և վավերականության շահերից ելնելով՝ պետք է ուշադրության արժանացնել նաև այստեղ կիրառվող, բավականին բնութագրական «տառապյալներ» եզրույթին, որը հանդիպում է նաև Եսայի մարգարեի գրքի առաջին մասում (Ես. 11:4):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ուրախացի՛ր, երկի՛նք, եւ ցնծա՛, երկի՛ր, թող լեռները ցնծութիւն կանչեն, եւ բլուրները՝ արդարութիւն, քանզի Աստուած ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի տառապեալներին:
(Արարատ թարգ․) Ցնծա՛, ո՛վ երկինք, ուրախացի՛ր, ո՛վ երկիր, և ցնծությամբ պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, որովհետև Տերը մխիթարել է իր ժողովրդին և գթացել է նրա թշվառներին»։
(Գրաբար) Ուրախ լերուք երկինք` եւ ցնծասցէ երկիր. գոչեսցեն լերինք զցնծութիւն, եւ բլուրք զարդարութիւն. զի ողորմեցաւ Աստուած ժողովրդեան իւրում, եւ զխոնարհս ժողովրդեան իւրոյ մխիթարեաց: