Եսայու մարգարեության մեկնություն 50:11

Ա. Լոպուխին

«Ահա դուք բոլորդ, որ կրակ եք վառում՝ հրկիզող նետերով զինված, գնացե՛ք ձեր կրակի բոցի մեջ և խոցվեք ձեր շիկացած նետերով։ Դա Իմ ձեռքով պիտի լինի ձեզ համար, դուք տառապանքի մեջ պիտի մեռնեք»։ [11] (Սինոդական թարգ․)
   
   «Ահա դուք բոլորդ, որ կրակ եք վառում․․․ գնացե՛ք ձեր կրակի բոցի մեջ․․․» - Այս համարն ասես զարգացնում է 9-րդ համարի գաղափարը Մեսիայի բոլոր թշնամիների կորստյան մասին: Նրանք իրենք իսկ իրենց մոլորություններով, արատներով ու անմիջական թշնամությամբ իրենց համար պատրաստել են այն սարսափելի կրակը, որի մեջ պիտի գտնեն իրենց վերջնական կործանումը։ Այս մարգարեության՝ պատմականորեն իրականացումը կարելի է տեսնել Երուսաղեմի վերջին օրերի մասին ողբերգական պատմության մեջ (Հովսեփիոս Ֆլավիոս, «Հրեական պատերազմի մասին»):

   «Դա Իմ ձեռքով պիտի լինի․․․դուք տառապանքի մեջ պիտի մեռնեք» - Ասել է թե՝ ձեր անօրինությունների պատճառով Աստված թույլ կտա, որ դուք սարսափելի տանջանքներ կրեք, ինչպես որ այդ մասին ասում է նաև մեկ այլ մարգարե. «Դու քո ձեռքով կզրկվես քո ժառանգությունից, որը Ես քեզ տվեցի, և քեզ որպես ստրուկ կհանձնեմ քո թշնամիների ձեռքը մի երկրում, որը դու չգիտես, որովհետև դու վառեցիր Իմ բարկության կրակը․ այն հավիտյան պիտի բորբոքվի» (հմմտ․ Երեմ. 17։4)։ Ելնելով խոսքի համատեքստից և համարին զուգահեռ հատվածների համեմատությունից (Ես․ 49:2, 6, 8 և այլ տեղիներ)՝ մենք այս խստաշունչ արտահայտությունը նույնպես պետք է վերագրենք Մեսիային: Չնայած որ սա, ըստ երևույթին, չի համապատասխանում Տիրոջ հեզ, խոնարհ և սիրառատ Ծառայի կերպարին, մենք, սակայն, չպետք է մոռանանք, որ վերոհիշյալ, առավել գերակայող հատկանիշներից բացի Մեսիայի կերպարն աչքի էր ընկնում նաև ուրիշ հատկանիշներով, որոնք Նրան պատկերում էին որպես Արդար Դատավոր և անաչառ Հատուցող (Հովհ. 5:22, 30, Մատթ. 25):

--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ահա դուք ամէնքդ, որ վառուած էք հրով, պիտի պարտուէք բոցից, պիտի ընթանաք ձեր իսկ կրակի լոյսի միջով ու պիտի բորբոքուէք բոցով: Դա իմ պատճառով պիտի հասնի ձեզ, եւ դուք տրտմութեան մէջ պիտի մեռնէք:
(Արարատ թարգ․) Ահա դուք բոլորդ, որ կրակ եք վառում և կայծերով շրջապատվում, գնացե՛ք ձեր կրակի լույսով և ձեր կրակ տված կայծերի մեջ։ Դա իմ ձեռքով պիտի լինի ձեզ համար, և դուք ցավով պիտի պառկեք։
(Գրաբար) Ահաւադիկ դուք ամենեքեան հուրբ վառեալ պարտեսջիք իբրեւ ի բոցոյ. գնասջիք ի լոյս հրոյ ձերոյ, եւ բորբոքեսջիք բոցով: վասն իմ եղեւ ձեզ այդ, եւ ի տրտմութեան ննջեսջիք: