Ա. Լոպուխին
1-2․ «Լսե՛ք ինձ, արդարությանը ձգտողներ, Տիրոջը փնտրողներ։ Նայե՛ք ժայռին, որից որ դուք կերտվել եք, գուբի խորքին, որից որ դուք հանվել եք»։ [1] «Նայե՛ք Աբրահամին՝ ձեր հորը, և Սառային, որը ձեզ ծնեց, որովհետև Ես միայն նրան կանչեցի և օրհնեցի նրան ու բազմացրի նրան»։ (Սինոդական թարգ․)
«Լսե՛ք ինձ, արդարությանը ձգտողներ, Տիրոջը փնտրողներ։ Նայե՛ք ժայռին, որից որ դուք կերտվել եք, գուբի խորքին, որից որ դուք հանվել եք։ Նայե՛ք Աբրահամին՝ ձեր հորը, և Սառային, որը ձեզ ծնեց, որովհետև Ես միայն նրան կանչեցի և օրհնեցի նրան ու բազմացրի նրան։ Այսպիսով, Տերը կմխիթարի Սիոնին, կմխիթարի նրա բոլոր ավերակները, և նրա անապատները դրախտի կվերածի, և նրա տափաստանը՝ Տիրոջ պարտեզի նման․ ուրախություն և ցնծություն կտիրի այնտեղ, փառաբանություն և երգեցողություն» - Սա հավատավոր Իսրայելին ուղղված առաջին ուղերձը և նրա առաջին մխիթարությունն է՝ հիմնված հավատացյալների հայր Աբրահամ նահապետ կյանքից վերցված պատմական օրինակի վրա։ Ինչպես որ մի ժամանակ Աբրահամի և Սառայի նահապետական զույգը միայնակ ու ծերացած էր այն աստիճան, որ, համաձայն բնական օրենքների, արդեն իսկ կորցրել էր սերունդներ թողնելու բոլոր հույսերը, սակայն Աստծո կամեցողությամբ այդ ամուլ զույգը դարձավ ամբողջ հրեական ժողովրդի նախաշավիղը, այդ նույն կերպ էլ Աստվածային միևնույն օժանդակության զորությամբ նաև Սիոնը, որն այժմ ավերակների մեջ է և իրենից միայնակ ու վայրի անապատ է ներկայացնում, կարող է վերածվել հոյակապ այգու և ծաղկած դրախտի։
«Լսե՛ք ինձ, արդարությանը ձգտողներ, Տիրոջը փնտրողներ»։ Այստեղ ո՞վ և ո՞ւմ է դիմում։ Քանի որ այս խոսքի սկիզբը ոչնչով չի տարանջատվում նախորդից, պետք է մտածել, որ այստեղ ևս խոսող անձը հանդիսանում է կա՛մ Ինքը՝ Բարձրյալը, կա՛մ էլ Նրա կողմից Առաքվածը, ինչպես որ նախորդ գլխում էր, ընդ որում՝ Մեսիան Իր գործերով և խոսքերով, վերջիվերջո, միաձուլվում է Բարձրյալի՝ Ուխտի Աստծո հետ։
Այն անձինք, որոնց վերաբերում է այս խոսքը, առավել հստակորեն են անվանվում՝ «արդարությանը ձգտողներ, Տիրոջը փնտրողներ»։ «Արդարությանը ձգտողները և Տիրոջը փնտրողները», համաձայն Սուրբգրային լեզվի, ա՛յն անձինք ենք, որոնք ձգտում են իրենց կյանքը կառուցել Աստվածային օրենքի հետ ճշգրիտ համաձայնեցվածությամբ (համար 7-րդ) և այդ եղանակով հասնել ինչպես անձնային արդարամտության, այնպես էլ մտերմության հենց Նրա՝ Տիրո՛ջ Բարձրագույն Արդարության կատարելատիպին (Սաղմ․ 33։15, Առակ․ 15 և այլ տեղիներ)։ Նրանց մասին է խոսվում նաև երանություններից մեկում, երբ ուղերձ է հղվում «արդարության քաղցն ու ծարավն ունեցողներ»-ին (Մատթ․ 5։6, 10, 6։33)։
«Այս խոսքերն արտաբերողն Աստծո արդարության գալիք թագավորությունը կապում է ա՛յն խոստումների հետ, որոնք տրվել էին Աբրահամին և Սառային։ Իսրայելը՝ նրանց ժառանգը, փոխաբերական իմաստով ներկայացվում է որպես անջուր ժայռից կերտված և չոր գբից ծնված։ Սակայն ինչպես որ անպտուղ (ըստ համընդհանուր կանոնների) նախահայրերից Աստված ցանկացավ բազմաքանակ ժողովուրդ ստեղծել, այդպես էլ կբազմանան և կօրհնվեն բոլոր նրանք, ովքեր փնտրում են Տիրոջը և Նրա արդարությունը։ Եվ թող նրանց հավատքն ամրանա հավատացյալների հոր մասին հիշողություններով» (Վլաստով, էջ 277, հմմտ․ Գաղ․ 3։16-29)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Լսեցէ՛ք ինձ, դուք, որ արդարութեան էք հետամուտ եւ փնտռում էք Տիրոջը, նայեցէ՛ք այն հաստատուն վէմին, որից կերտուել էք, եւ այն հորի փոսին, որից հանուել էք:
(Արարատ թարգ․) «Լսե՛ք ինձ, ո՛վ արդարության հետևողներ, ո՛վ Տիրոջը փնտրողներ, նայե՛ք այն վեմին, որից դուք կոփվել եք, և այն գուբի փոսին, որից դուք հանվել եք։
(Գրաբար) Լուարուք ինձ որ հալածէքդ զիրաւունս` եւ խնդրէք զՏէր: Նայեցարուք ի վէմն հաստատուն յորմէ կոփեցարուք, եւ ի գուբ հորոյն յորմէ փորեցարուք:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: