Եսայու մարգարեության մեկնություն 51:4

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

4-5. Լսի՛ր ինձ, լսի՛ր ինձ, ո՛վ ժողովուրդ, ակա՛նջ դրէք ինձ, ո՛վ թագաւորներ, քանզի ինձնից է դուրս գալիս օրէնքը, եւ իմ դատաստանը լոյս է հեթանոսների համար: Արագ, արա՛գ պիտի մօտենայ իմ արդարութիւնը, եւ իմ փրկութիւնը պիտի ելնի ինչպէս լոյս. հեթանոսներն իմ բազկին պիտի ապաւինեն, կղզիները պիտի սպասեն ինձ եւ յոյս դնեն իմ բազկի վրայ:
   
   Օրենքներն Ինձանից են դուրս գալու, և Իմ դատաստանները հեթանոսների լույսն են, ու Իմ բազկին պիտի հուսան (51։4-5), և թե՝ քեզ հաստատելու եմ իբրև ուխտ՝ ազգի համար, ու հեթանոսների համար՝ իբրև լույս (49։6), և թե՝ Նորոգվեցե՛ք իմ առջև, ով կղզիներ (45։17), և թե՝ Ուրա՛խ եղիր, ծարաված անապատ (35։1), և թե՝ Գետ պիտի բխի անջուր երկրում (41։19), և թե՝ Ամեն մարմին և աշխարհի բոլոր կողմերը տեսնելու են մեր Աստծո փրկությունը (52։10), և թե՝ Ինձ պիտի խոնարհվի ամեն ծունկ, և ամեն լեզու խոստովանելու է Աստծուն (45։22), և թե՝ Տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմվել, և իմանալու են այն, ինչի մասին չեն լսել (52։15), և թե՝ Ուրա՛խ եղիր, ամուլ, որ չէիր ծնում (54։1), և թե՝ Բազում են ամուսնուց լքվածիդ որդիները (54։1), այսինքն՝ քո՝ այրուդ որդիներն ավելի շատ են, քան ամուսին ունեցողներինը, և թե՝ Հեթանոսները հուսալու են Նրա անվանը (42։4), և թե՝ Քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին (54։3), և թե՝ Անտառի ծառերը ծափ են տալու (55։12), և թե՝ Օտարազգին, որ եկել-հարել է Տիրոջը, թող չասի, թե Տերը մերժեց ու վանեց ինձ Իր ժողովրդից (56։3), և թե՝ Իմ տունը աղոթքի տուն է կոչվելու բոլոր հեթանոսների կողմից (57։7), և թե՝ Հեթանոսները քայլելու են Քո լույսի մեջ, ու թե՝ օտարների որդիները շինելու են Քո պարիսպները (60։10):
   Սրանք և շատ այլ խոսքերը խորհրդանշում են հեթանոսների դարձը: Տե՛ս և հիշի՛ր՝ Օրենքներն Ինձանից են դուրս գալու»,-ասում է, ինչը խորհրդանշում է նոր օրենքները, որոնք հաստատեց Քրիստոս, որովհետև հինն արդեն հաստատված էր, ըստ այս խոսքի. «Տե՛ր, օրենքներ հաստատիր, և օրենսդիր՝ նրանց վրա» (հմմտ. Սաղմ. 9։21): Քանզի առանց օրենքների մարդն անասունից առավել վատթար է, որովհետև երբ անասունը բարկանում է, [հետո] հանդարտվում է, իսկ մարդու պարագայում բարկությունը փոխվում է ոխակալության: Անասունի պարագայում արուի և էգի ցանկությունը տարվա որոշակի ժամանակահատվածում է դրսևորվում, մինչդեռ մարդը տևապես շաղախվում է զազրալի ախտի մեջ: Այս պատճառով մեր Տերը նոր օրենքի միջոցով զգուշացրեց Իր հավատացյալներին խոսքի հետևյալ եղանակով. «Ասվեց այսինչ բանը, բայց Ես ձեզ ասում եմ սա»:
   

Ա. Լոպուխին

«Լսե՛ք Ինձ, Իմ ժողովուրդ և Իմ ազգ, ձեր ականջը դեպի Ի՛նձ խոնարհեցրեք, որովհետև օրենքն Ինձնից է դուրս գալու, և Իմ դատաստանը պիտի հաստատեմ ժողովուրդների լուսավորման համար»։ [4] (Սինոդական թարգ․)
   
   Երկրորդ կոչն ուղղված է մասնավորապես Աստծո ընտրյալ ժողովրդին կամ, ավելի ճիշտ կլինի ասել, նրա լավագույն ներկայացուցիչներին։ Այն, որ այստեղ խոսքը հենց նրանց է ուղղված, փաստարկում են Աստծո Արդարության հրաշալի դրսևորումները, Արդարությո՛ւն, որը շուտով բոլոր Նրան հավատացողների համար փրկության և լույսի աղբյուր կհանդիսանա և որը հավիտենական, երբևէ չարժեզրկվող  նշանակություն կունենա։

   «Լսե՛ք․․․ձեր ականջը դեպի Ի՛նձ խոնարհեցրեք» - Ուղերձի այսպիսի հաստատակամությունը ցույց է տալիս հնչեցվող խոսքի առանձնահատուկ կարևորությունը։

   «Որովհետև օրենքն Ինձնից է դուրս գալու, և Իմ դատաստանը պիտի հաստատեմ ժողովուրդների լուսավորման համար»։ «Դատաստան» և «Օրենք» հասկացությունները Սուրբգրային լեզվում ունեն իրենց տեխնիկական իմաստը և գրեթե հոմանիշներ են հանդիսանում․ «դատաստանը» հայտնությունն է՝ դատապարտող և արդարացնող Աստվածային կամքի բացահայտումը, այսինքն՝ հենց նույն Աստվածային օրենքը, սակայն առավել ընդհանրական ձևի մեջ՝ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր տարբերակով։ Դատաստանի և օրենքի մասին այստեղ ապառնի ժամանակով է խոսվում, մի իրողություն, որը, ինչպես հետևում է խոսքի համատեքստից, մենք պետք է տառացիորեն ընդունենք։ Հետևաբար, այստեղ մի մարգարեություն է հաղորդվում ապագայում Աստվածային կամքի մի յուրահատուկ և արտասովոր հայտնության մասին, որն ունի համընդհանուր, համաշխարհային և հավիտենական նշանակություն (6-րդ համար)։

   «Այստեղ մատնանշվում է Ավետարանի հոգևոր օրենքը, որը ծագելու է Սիոնից, և ո՛չ թե այն, որը ժամանակին Սինայում տրվել էր Մովսեսին» (Հերոնիմոս Երանելի)։ Նախկինում մարգարեն կղզիների հանդեպ «դատաստան տեսնելու» և հեթանոսների համար հայտնության «լույսը վառելու» առաքելությունը կանխասահմանել էր Իր Որդու՝ Մեսիայի համար (ասելով՝ «Ահա՛ Իմ Ծառան – Ես․ 42։1, 4, 6), հետևաբար այստեղ նույնպես խոսքը վերաբերում է միևնույն Անձին։ Ինչպես երևում է իր հայտնի աղոթքի մեջ Սիմեոն Աստվածընկալը (Սիմեոն Ծերունին) ոչ այլ ինչ ի նկատի ուներ, քան հենց այս տեղիները (Ղուկ․ 2։31)։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Լսի՛ր ինձ, լսի՛ր ինձ, ո՛վ ժողովուրդ, ակա՛նջ դրէք ինձ, ո՛վ թագաւորներ, քանզի ինձնից է դուրս գալիս օրէնքը, եւ իմ դատաստանը լոյս է հեթանոսների համար:
(Արարատ թարգ․) Լսի՛ր ինձ, ո՛վ իմ ժողովուրդ, ակա՛նջ դիր ինձ, ո՛վ իմ ազգ, որովհետև օրենքն ինձնից է դուրս գալու, և ես իմ իրավունքն իբրև լույս պիտի հաստատեմ ժողովուրդների համար։
(Գրաբար) Լուարուք ինձ` լուարուք ինձ ժողովուրդ, եւ թագաւորք ունկնդիր լերուք ինձ. զի աւրէնք յինէն ելցեն, եւ դատաստան իմ ի լոյս հեթանոսաց: