Ա. Լոպուխին
1-2․ «Բարձրացի՛ր, բարձրացի՛ր, հագի՛ր քո զորությունը, ո՜վ Սիոն։ Հագի՛ր քո փառավոր հագուստները, Երուսաղե՛մ, սո՛ւրբ քաղաք, որովհետև անթլփատն ու անմաքուրն այլևս քո մեջ չեն մտնի»։ [1] «Քեզ փոշուց թա՛փ տուր, վե՛ր կաց, գերյա՛լ Երուսաղեմ, քո պարանոցից հանի՛ր շղթաները, Սիոնի գերյա՛լ դուստր»։ (Սինոդական թարգ․)
Այս ամբողջ գլուխը՝ բացառությամբ միայն վերջին երեք համարների, իրենից ներկայացնում է Երուսաղեմի վերականգնման մասին նախորդ խոսքի (Ես․ 51։17-րդ համարից սկսած) շարունակությունը։ Մասնավորապես, տվյալ գլխի առաջին երկու համարներն առավել վառ գույներով են ներկայացնում խոսքի հիմնական թեման։ Այդ առաջին երկու համարներում Սիոնն անձնավորվել է ա՛յն հալածված կնոջ կերպարի միջոցով, որը փոշու մեջ է ընկել, ցնցոտիներ է հագել և շղթայվել է։ Եվ ահա այս վերջնականապես ստորացված և պատվազրկված կնոջը մարգարեն հայտնում է նրա լիակատար, ամբողջովին հակադարձ կերպարանափոխության մասին, որը դրսևորվելու է հաղթականորեն վեր բարձրանալու, շքեղ հագուստներ հագնելու և գերության բոլոր հետքերի վերացման միջոցով։
«Բարձրացի՛ր, բարձրացի՛ր, հագի՛ր քո զորությունը, ո՜վ Սիոն․․․Քեզ փոշուց թա՛փ տուր, Սիոնի գերյա՛լ դուստր․․․» - Հետաքրքրական է նշել, որ Սիոնի գալիք փառավորումը պատկերվում է այնպիսի հատկանիշներով, որոնք գրեթե ամբողջական հակադրություն են ստեղծում Բաբելոնին սպասվող գալիք նախատինքները նկարագրող պատկերի հետ․ «Իջի՛ր ու նստի՛ր հողի վրա, ո՜վ Բաբելոնի կույս աղջիկ, նստի՛ր գետնին»։ (Ես․ 47։1)։ Իսկ ահա Սիոնի՝ հարսանեկան հանդերձանքով զգեստավորվելու նշանակության մասին մենք արդեն խոսեցինք վերևում (Ես․ 49։18-րդ համարի մեկնությունը)։
«Երուսաղե՛մ, սո՛ւրբ քաղաք․․․որովհետև անթլփատն ու անմաքուրն այլևս քո մեջ չեն մտնի» - Երուսաղեմը «սուրբ քաղաք» է անվանվում (տառացիորեն՝ «սրբության քաղաք կամ էլ «սրբարան»), որովհետև այնտեղ էր գտնվում տաճարը (եբր․՝ «իերուշալաիմ կոդեշ»)։ Որպես սուրբ քաղաք՝ նրանում չպետք է տեղ լինի անթլփատների և անմաքուրների համար (հմմտ․ Եզեկ․ 44։9, Զաք․ 14։21)։ Սակայն քանի որ այս ամբողջ մարգարեությունը, անկասկած, մեսիական նշանակություն ունի, ուստի ակնհայտ է, որ Երուսաղեմի, թլփատության և մաքրության մասին մարգարեական այս խոսքերում կիրառված արտահայտությունները գեթ պատկերներ ու խորհրդանշաններ են վսեմագույն գաղափարներն արտահայտելու համար, որպիսիք են հոգևոր-բարոյական սրբությունն ու մաքրությունը, այսինքն՝ ճիշտ այն, ինչը որ սուրբգրային լեզվով անվանվում է «սրտի թլփատություն» (Գործք․ 7։51, Հռ․ 2։28-29, Հերոնիմոս Երանելի, սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի)։ Պետք է նաև ուշադրության արժանացնել սույն մարգարեության շատ սերտ կապը՝ ո՛չ միայն բովանդակային առումով, այլ նաև բառացիորեն, ավելի վաղ հնչած մարգարեություններից մեկի հետ (35։8-րդ համարի մեկնությունը)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զօրութիւնը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղէմ, որովհետեւ պիղծերն ու անթլփատներն այլեւս չեն անցնելու քո միջով:
(Արարատ թարգ․) Զարթնի՛ր, զարթնի՛ր, հագի՛ր քո զորությունը, ո՛վ Սիոն, հագի՛ր քո շքեղ հանդերձները, ո՛վ Երուսաղեմ՝ սո՛ւրբ քաղաք, որովհետև այլևս քո մեջ չեն մտնելու անթլփատն ու անմաքուրը։
(Գրաբար) Զարթիր զարթիր Սիովն. զգեցիր զզաւրութիւն քո Սիովն. եւ դու զգեցիր զփառս քո Երուսաղէմ քաղաքդ սուրբ: զի ոչ եւս յաւելցեն անցանել ընդ քեզ պիղծք եւ անթլփատք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: