Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Դուք ձրի վաճառուեցիք եւ արծաթով չէք փրկուելու»:
Դուք ձրի վաճառվեցիք և արծաթով չեք բժշկվելու 1:
Սա նախ վերաբերում է հրեաներին, որովհետև արծաթով չվաճառվեցին գերության ժամանակ, և ոչ էլ արծաթով պիտի գնվեին, ինչպես ասվում է. «Ես արձակեցի կամ վաճառեցի ձեզ. ու՞ր է գրավականը կամ ապահարզանի թուղթը» (Ես․ 50։1): Այլ ի՞նչ եղավ. մեղքերի պատճառով գերվեցինք, բայց արդարության պատճառով ազատվելու ենք: Ինչպես ասաց. «Թող ձեր մեղքերը թողնվեն» (Ղուկ. 7։48,49), որպեսզի Տիրոջից կրկնակի վարձատրություն ընդունեք: Դարձյալ. «Իմ բարկության պատճառով գերեվարվեցիք և Իմ քաղցրության պատճառով դարձյալ ազատվելու եք» (հմմտ. Ես․ 60։10): Իսկ հոգևոր իմաստով՝ Եկեղեցին փրկվեց մեղքերի բազմությունից, բայց ոչ թե արծաթով փրկագնվեց, այլ՝ շնորհով, այսինքն՝ Աստծո Գառան ամբիծ արյամբ: Ինչպես բանսարկուի հարվածներն էին «ձրի», այդպես էլ ձրիաբար տրվեց այն բալասանը, որով մարդասեր բժիշկը ամոքեց մարդկությանը: Մարդը ոչնչով «չվճարեց» սատանային, որը հարվածեց իրեն, ուստի նաև ոչինչ չտվեց Բարերարին, Որը բժշկեց իրեն: Այս պատճառով էլ ասաց մեզ. «Ձրի առեք և ձրի տվեք»:
Ա. Լոպուխին
«Քանզի այսպես է ասում Տերը․ «Դուք ոչնչի դիմաց էիք վաճառվել, և առանց արծաթի կփրկագնվեք»»։ [3] (Սինոդական թարգ․)
«Քանզի այսպես է ասում Տերը․ «Դուք ոչնչի դիմաց էիք վաճառվել, և առանց արծաթի կփրկագնվեք»» - Սիոնի ապագա հոգևոր տոնակատարության պատկերը ներկայացնելու համար մարգարեն, իր սովորության համաձայն, օգտվում է պատմական Իսրայելի կյանքի տարբեր ժամանակաշրջանների գույներից (անցյալ, ներկա և նույնիսկ ապագա)։ Այսպիսով՝ սույն համարում նա որպես պատշաճ պատկեր վերցնում է բաբելոնյան գերության և դրանից ազատվելու իրողությունը։
«Դուք ոչնչի դիմաց էիք վաճառվել․․․» - Որպեսզի ճիշտ հասկանանք այս խոսքերը, դրանք պետք է համեմատենք ավելի վաղ հնչած խոսքերի հետ․ «Իմ պարտատերերից ո՞ր մեկին եմ ծախել ձեզ։ Ահավասիկ, դուք ձեր մեղքերի համար եք ծախվել» (Ես․ 50։1)։ Արտահայտության մյուս կեսը՝ «և առանց արծաթի կփրկագնվեք», էլ ավելի պարզ է, թեև այն ունի նաև իր միտքը լուսաբանող զուգահեռ (Ես․ 45։13)։ Այս ամենի միջոցով պարզորոշ ուրվագծվում է հոգևոր Իսրայելի հանդեպ հարաբերություններում Ամենաբարձրյալի անշահախնդիր ու վսեմ դիրքորոշումը, որն առավել ակնհայտ է դառնում, երբ այս հատվածը համեմատում ենք նորկտակարանյան բնագրերի հետ․ «Ապականացու արծաթեղենով և ոսկեղենով չէ, որ փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն ընթացքից, այլ՝ թանկագին արյամբ Քրիստոսի, որ անբիծ և անարատ է» (Ա Պետ․ 1։18-19)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Դուք ձրի վաճառուեցիք եւ արծաթով չէք փրկուելու»:
(Արարատ թարգ․) քանզի այսպես է ասում Տերը. «Դուք ձրի վաճառվեցիք և առանց փողի կփրկվեք»։
(Գրաբար) Զի այսպէս ասէ Տէր. ձրի վաճառեցայք, եւ ոչ արծաթով փրկեսջիք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: