Ա. Լոպուխին
«Տոնախմբե՛ք, միասին երգե՛ք, Երուսաղեմի փլատակնե՛ր, որովհետև Տերը մխիթարեց Իր ժողովրդին, փրկեց Երուսաղեմին։ [9] (Սինոդական թարգ․)
«Տոնախմբե՛ք, միասին երգե՛ք, Երուսաղեմի փլատակնե՛ր, որովհետև Տերը մխիթարեց Իր ժողովրդին, փրկեց Երուսաղեմին։ Տերը մերկացրել է Իր սուրբ բազուկը բոլոր ժողովուրդների աչքերի առջև, և երկրի բոլոր ծայրերը կտեսնեն մեր Աստծո փրկությունը։ Հեռացե՛ք, հեռացե՛ք, դո՛ւրս ելեք այդտեղից, անմաքուր բանի մի՛ դիպչեք, դու՛րս ելեք դրա միջից, մաքրե՛ք ձեզ, Տիրոջ սպասները կրողնե՛ր։ Որովհետև դուք արագորեն դուրս չեք գալու, և ոչ էլ փախչելու եք, որովհետև Տերը պիտի գնա ձեր առջևից, և Իսրայելի Աստված ձեր հետևից պահապան կլինի ձեզ»:
Սա այս գրքի հեղինակի համար սովորական, հանդիսավոր գոհաբանական մի օրհներգ է՝ նվիրված Աստծուն, այսչափ մեծ ուրախություն պարգևելու համար։ Ավետաբերի և Նրա պահապանների կողմից հռչակված ուրախությունն այնքան մեծ և անսովոր է, որ այն արտահայտելու համար, Փրկչի խոսքի համաձայն, նույնիսկ «քարե՛րը կաղաղակեն (Ղուկ․ 19։40), ասել է թե՝ սուրբ քաղաքի փլատակները, որոնց անունից էլ հնչում է այս երախտագիտական-փառաբանական օրհներգը՝ ուղղված Քավիչ-Աստծուն։
«Տոնախմբե՛ք, միասին երգե՛ք, Երուսաղեմի փլատակնե՛ր․․․» - Նախկինում Եսայի մարգարեն ամբողջ հավատավոր Իսրայելին էր կանչում այսպիսի տոնակատարության (Ես․ 44։23), այժմ նա միևնույն կոչով դիմում է Երուսաղեմին՝ ինչպես որ առաջին դեպքում, այստեղ նույնպես իր կոչի ներքո նկատի ունենալով միայն Երուսաղեմի արժանավոր բնակիչներին, որոնք ընդունել էին Մեսիային և Նրա մեջ գտել էին իրենց փրկությունը։ Այս մարգարեական այլաբանության համար կիրառված բանաստեղծական բոլոր պատկերները վերցված են իրական պատմությունից։ Հայտնի է, որ Երուսաղեմը փլատակների էր վերածվել (Ես․ 44։26, 49։19, 64։10), և այդ փլատակներն առավել կամ նվազ չափով վերականգնվել են գերությունից վերադառնալուց հետո։
«Որովհետև Տերը մխիթարեց Իր ժողովրդին, փրկեց Երուսաղեմին» - Չնայած որ Երուսաղեմի մխիթարության և փրկագնման մասին այստեղ անցյալ ժամանակով է խոսվում, սակայն սա Եսայու համար սովորական դարձած մարգարեական անցյալ ժամանակն է, որը վկայում է միայն ապագայի որոշակիության հարցում խորապես համոզված լինելու մասին:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Լեռները Երուսաղէմի աւերակների հետ միասին ցնծութեան կոչ պիտի արձակեն, քանզի Տէրը ողորմեց նրանց եւ փրկեց Երուսաղէմը:
(Արարատ թարգ․) Ցնծությամբ պոռթկացե՛ք միասին, ո՛վ Երուսաղեմի փլատակներ, որովհետև Տերը մխիթարեց իր ժողովրդին, փրկեց Երուսաղեմը։
(Գրաբար) Լերինք գոչեսցեն աւերակաւքն հանդերձ Երուսաղէմի զցնծութիւն. զի ողորմեցաւ նմա Տէր, եւ փրկեաց զԵրուսաղէմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: