Եսայու մարգարեության մեկնություն 53:12

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ահա թէ ինչու նա շատ բան պիտի ժառանգի եւ հզօրների աւարը պիտի բաժանի, որովհետեւ նրա անձը մահուան մատնուեց, եւ նա յանցաւորներին հաւասար համարուեց: Նա շատերի մեղքերը կրեց եւ նրանց անօրէնութիւնների համար դատապարտուեց:
   
   Այդ պատճառով շատ բան է ժառանգելու։
   Ժառանգությունը սեփական ունեցվածքն է, իսկ մեր Տիրոջ «սեփականությունը» մարդն է, նախ՝ համաձայն արարչության,
   երկրորդ՝ նախախնամությամբ,
   երրորդ՝ ավազանի ծննդյամբ,
   չորրորդ՝ Փրկի արյամբ գնվելով:
   Ապա ուրեմն պարզ է, որ մենք մեր անձերի տերը չենք, որովհետև «մեծ գնով գնվեցինք» (Ա Կորնթ. 10։20):
   Եվ հզորների ավարը պիտի բաժանի։
   Այս խոսքը Քրիստոսի այն տնօրինության մասին է, ըստ որի Նա բարձրացավ խաչելության բարձունքն ու կապեց հզորին՝ սատանային, որը հզորացել էր մարդկանց խաբելու միջոցով, և «գերեց» գերությունն ու ազատություն պարգևեց մարդկանց, ինչպես ասում է նաև Դավիթ մարգարեն (Սաղմ. 67։19): Նույնն ասում է Պողոսը (Եփես. 4։8): Դարձյալ, առաքյալները ևս հզոր էին՝ զորացած Քրիստոսով: Նրանց ավարը բաժանվեց մարդկային ցեղի մեջ․ որոշ մասը՝ հրեաներին, որոշ մասը՝ հեթանոսներին, և մյուսներին՝ նույնպես:

   Որովհետև Նրա անձը մահվան մատնվեց, ու Նա հանցավորներին հավասար համարվեց։

   Այս խոսքով մարգարեն նախ այն է ցույց տալիս, որ Քրիստոս արդար էր, թեպետ հանցավորներին հավասար համարվեց:    Երկրորդ՝ այսպես է ասում, որովհետև Փրկիչն ավազակների հետ խաչվեց։ Այս մասին նաև ուրիշներն են ասում, թե՝ մեղավորներին հավասար համարվեց:

    Նա շատերի մեղքերը կրեց, և նրանց անօրենությունների պատճառով մատնվեց։

   Մարգարեն հաճախ է կրկնում, թե Քրիստոս ուրիշների պատճառով պատժվեց, չնայած Ինքն անմեղ էր: Իսկ «մեղքերը կրեց» խոսքը նշանակում է Խաչի միջոցով մեր մեղքերնը Իր վրա վերցնելը, քանզի Խաչը բոլոր մեղքերի վերացումն է, համաձայն այս խոսքի. «Ոչնչացրեց հրամաններով հաստատված այն պարտամուրհակը, որ մեր դեմ էր, վերացրեց այն մեջտեղից և մեխեց խաչափայտին» (Կողոս. 2։14): Մարգարեն, աստվածային այսքան մեծ շնորհները տեսնելով, ուրախության ավետիսն է տալիս հեթանոսների Եկեղեցուն:
   

Ա. Լոպուխին

«Ուստի Ես Նրան բաժին կտամ մեծերի մեջ, և նա ավարը կբաժանի հզորների հետ, որովհետև Իր անձը մահվան մատնեց և չարագործների շարքը դասվեց, այն դեպքում, երբ Նա Իր վրա կրեց շատերի մեղքերը և բարեխոս եղավ հանցավորների համար»։ [12] (Սինոդական թարգ․)
   
   Այս համարն իրենից ներկայացնում է ամբողջ 53-րդ գլխի հանդիսավոր ամփոփումը։ Խոսքին ավելի մեծ հանդիսավորություն և զորություն հաղորդելու համար այստեղ խոսողի դերում հանդես է գալիս Ինքը՝ Տերը, Որն Իր հավատարիմ Որդուն հարուստ պարգևով է պսակում՝ որպես Իր թշնամիներին հաղթողի և Իր Աստվածային կամքը ճշգրտությամբ կատարողի։

   «Ուստի Ես Նրան բաժին կտամ մեծերի մեջ, և նա ավարը կբաժանի հզորների հետ...» - Այստեղ, եբրայական օրենքների չափորոշիչների համաձայն, երկու անգամ կրկնվում է Մեսիայի հաղթության ընծայի մասին միևնույն գաղափարը։ «Անմեղորեն տառապող ծառան Իր գործունեության վերջնական արդյունքներով համեմատվում է հզորագույն տիրակալների կամ, ինչպես ցույց է տալիս հաջորդող արտահայտությունը, թագավորություններին տիրացող համաշխարհային նվաճողների հետ։ Այս ամենը Եսայու մարգարեության՝ հատկապես 35-46-րդ գլուխների ընթերցողների միտքը սևեռում է, իհարկե, Պարսից Կյուրոս արքայի վրա» (Գրիգորև, էջ 232)։

   Չի կարելի նաև սրա հետ չհամեմատել նախորդ՝ 52-րդ գլխի ավարտը, որում նույնպես խոսվում էր Մեսիայի առաքելության մեծության առջև թագավորների լուռ և ակնածալից զարմանքի մասին (15-րդ համար)։ Երկրավոր թագավորների և նրանց թագավորությունների հետ համեմատական զուգադրության հենց այս պատկերը հաղթող Մեսիայի վերաբերյալ նույնպես բնութագրական է դարձնում «Թագավոր»-ի գաղափարը, Նրա՛, Ով կանգնած է հատուկ հոգևոր թագավորության, այսինքն՝ Քրիստոսի Եկեղեցու գլխավերևում, և այդ Եկեղեցին էլ պետք է իրականություն դարձնի «Աստծո թագավորությունը երկրի վրա»։ Այնուամենայնիվ, գոյություն ունի նաև մեկ այլ, բանասիրական առումով նույնիսկ ավելի ճշգրիտ թարգմանություն․ «Ես Նրան շատերին որպես ժառանգություն կտամ, և հզորներին կբաժանի որպես ավար»։ Այսպիսի թարգմանության պարագայում երկրավոր տիրակալների հանդեպ Մեսիայի թագավորական մեծության և գերազանցության գաղափարն առավել պարզ է դառնում․ թագավորները կառավարում են սովորական պարզ մարդկանց, իսկ Մեսիան կիշխի հենց թագավորների վրա։

   «Որովհետև Իր անձը մահվան մատնեց․․․Իր վրա կրեց շատերի մեղքերը և բարեխոս եղավ հանցավորների համար» - Այստեղ դարձյալ, Աստվածային Հեղինակության՝ պատժի ենթարկվելու ներքո բացահայտվում է քավչարար զոհաբերության էությունը, զոհաբերությո՛ւն, որը պատճառ դարձավ վերոնշյալ պարգևատրության համար: Նա Իր հոգին մահվան մատնեց կամ, ինչպես Պետրոս եպիսկոպոսն է ասում (դրա մեջ խաչի պատժի մասին ակնարկ տեսնելով), - «հեղեց» Իր հոգին մինչև մահ աստիճանի։

   «Այս փոխաբերական արտահայտությունը վերցված է այն կենդանիների օրինակից, որոնք մորթվում էին որպես զոհ մատուցվելու համար և իրենց արյան հետ հեղում էին նաև իրենց հոգին,  որն արյան մեջ էր (Ծննդ․ 9։4, Ղևտ․ 17։11)։ Փրկիչը նույնպես Իր մասին ասում է, որ Նա եկել է Իր հոգին շատերի համար որպես փրկագին տալու» (Հովհ․ 10։11; 18, Պետրոս եպիսկոպոս)։ Վերջին արտահայտությունը՝ «բարեխոս եղավ հանցավորների համար», յուրահատուկ պարզությամբ ընդգծում է մեղավոր մարդկության համար Անմեղ Տառապյալի քավչարար զոհաբերության գաղափարը։ Միևնույն ժամանակ սա Հին Կտակարանում թերևս ամենահստակ հիշատակումն է նորկտակարանյան «Բարեխոսի» վերաբերյալ:

   «Եվ բարեխոս եղավ հանցավորների համար...» - Մարկոս և Ղուկաս ավետարանիչների վկայությամբ, Ինքը՝ Տերը խաչից կախված լինելով՝ այս մարգարեությունն Իրեն հասցեագրեց (Մարկ․ 15։27, Ղուկ․ 22։37): Ակնհայտ է, որ դա նպատակ ուներ կա՛մ, ընդհանուր առմամբ, Իր ամոթալի մահապատիժը մատնացույց անել, կա՛մ էլ, ավելի մասնավոր իմաստով, ցույց տար Իր՝ երկու ավազակների միջև խաչված լինելը (Մատթ․ 27։38
--------------------------------
12](Էջմիածին թարգ․) Ահա թէ ինչու նա շատ բան պիտի ժառանգի եւ հզօրների աւարը պիտի բաժանի, որովհետեւ նրա անձը մահուան մատնուեց, եւ նա յանցաւորներին հաւասար համարուեց: Նա շատերի մեղքերը կրեց եւ նրանց անօրէնութիւնների համար դատապարտուեց:
(Արարատ թարգ․) Ուստի ես նրան մեծերի հետ բաժին կտամ, և նա ավարը կբաժանի հզորների հետ, որովհետև իր անձը մահվան մատնեց և հանցավորների շարքը դասվեց. նա շատերի մեղքը կրեց և հանցավորների համար միջնորդ եղավ»։
(Գրաբար) Վասն այնորիկ նա ժառանգեսցէ զբազումս, եւ զաւար հզաւրաց բաշխեսցէ. փոխանակ զի ի մահ մատնեցաւ անձն նորա, եւ ընդ անաւրէնս համարեցաւ: եւ նա զմեղս բազմաց վերացոյց` եւ վասն անաւրէնութեանց նոցա մատնեցաւ: