Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Ամէնքն էլ մոլորուած ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորուեց, բայց Տէրը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար:
Ամենքն էլ մոլորված ոչխարներ են:
Նախ ցույց է տալիս, որ ոչ թե միայն ոմանք, այլ «բոլորը խոտորվեցին միասին» (Սաղմ. 52։4), ինչպես Դավիթն է ասում, ուստի և մեր Տիրոջ փրկությունը բոլորի համար եղավ: Իսկ ոչխար է ասում, որովհետև դա նախատինքի նշան է. նախ՝ անբանական հիմարության պատճառով, ինչպես ասում է. «Հավասարվեցին անբան անասուններին» (Սաղմ. 48։13, 21), երկրորդ՝ խիստ մոլորվելու պատճառով: Իսկ ոչխարը երեք պատճառով է մոլորվում. կա՛մ հովվից հեռանալու, կա՛մ օտար հոտի հետ խառնվելու, կա՛մ գայլերի կողմից ցրվելու պատճառով: Այդ նույն կերպ էլ մարդկային ցեղը հեռացավ Արարչից ու պաշտեց կուռքերին: Այս պատճառով ասում է. «Ովքեր հեռացան Քեզանից՝ կորան, ու գնալով մարմինների հեշտության ետևից՝ մոլորվեցին, և իմանալի գազանից պատառոտվեցին ու ցրվեցին»:
Մարդն իր ճանապարհին մոլորվեց:
Նկատի ունի մարդու մոլորվելը Քրիստոսի գալուստից առաջ, քանի որ թեպետ մարդ ծնունդից մինչև գերեզման մեկ ճանապարհ ունի, սակայն մարդկանց կածանները շատ են, քանզի այլ է հասարակ ադամորդիների կածանը, այլ է թագավորներինը, այլ է ռամիկներինը, քահանաներինը, արվեստագետներինը և մյուսներինը: Չէ՞ որ Նոյի ժամանակ էլ ասաց, թե՝ «Ամեն մարդ ապականվեց իր ճանապարհների մեջ» (Ծննդ. 6։17):
Բայց Տերը մատնեց Նրան մեր մեղքերի համար:
Սա այն մասին է ասում, որ հանուն մեզ Հայրը կամեցավ Իր Միածնի չարչարանքները, ինչպես ասվում էլ է. «Աստված այնքան սիրեց աշխարհը, մինչև Իր Միածին Որդուն տվեց» (Հովհ. 3։16): Եվ որպեսզի այն կարծիքը չստեղծվի, թե Որդին հարկադրաբար դա արեց, տե՛ս, որ նախ Նա Ինքն է ասում. «Կարո՞ղ եք խմել այն բաժակը...» (Մատթ.Ի22), և թե՝ «Ես Իմ կյանքն եմ տալիս» (Հովհ. 10։17):
Ա. Լոպուխին
«Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց,և Տերը Նրա վրա դրեց մեր բոլորի մեղքերը»։ [6] (Սինոդական թարգ․)
«Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց...» - Համարի սկիզբը («մենք բոլորս») վկայում է մարգարեական խոսքի շրջանակի ընդլայնման մասին․ այստեղ մարգարեն այլևս չի խոսում դարձի եկած հրեաների անունից, ոչ էլ անգամ, առհասարակ, ամբողջ իսրայելական ժողովրդի անունից է խոսում, այլ ամբողջ մարդկությա՛ն, մեղքի պատճառով անկում ապրած նախահայրերի բոլոր սերունդների՛ անունից։ Սա մարդկության սերնդի մեջ մեղքի վնասակարության համընդհանուր բնույթի և այդ սերնդի կրոնա-բարոյական լիակատար անսկզբունքայնության, տկարության և անկման պոետիկական լավագույն պատկերներից մեկն է։ Պետք է նաև նշել, որ մեր համընդհանուր մեղավորության իրողությանը («մենք բոլորս», հետևաբար նաև՝ այսպես կոչված «հինկտակարանյան արդարները», ինչպես նաև ինքը՝ մարգարեն) Մեսիայի անմեղության հակադրությունը վճռականորեն հակադարձում է այս Ծառայի Անձը մեղավոր մարդկության ներկայացուցիչներից որևէ մեկի հետ նույնականացնելու յուրաքանչյուր փորձին։ Հովվից զրկված հոտի պատկերը, որն այստեղ վերցված է համեմատության համար ամենասիրված պատկերներից մեկն է ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարանում (Թվ․ 27։17, Բ Մնաց․ 18։16, Մատթ․ 9։36, Հովհ․ 10։11-16 և այլ տեղիներ)։ Այդ համեմատական պատկերը խոսում է ոչ այնքան մոլորվածության չարիքի, որքան մոլորվածների շփոթվածության և անօգնականության մասին, ինչը հատկապես բնութագրական է հեթանոսական աշխարհի վերաբերությամբ, որը, Պողոս առաքյալի վկայության համաձայն, ջերմեռանդորեն փնտրում էր Աստծուն, սակայն չէր կարողանում գտնել Նրան (Հռոմ․ 1)։
«Եվ Տերը Նրա վրա դրեց մեր բոլորի մեղքերը», կամ, ինչպես սլավոներենում է․ «Եվ Տերը մեր մեղքերի համար մատնեց Նրան»։ Այս խոսքերը հասցեագրված են հենց հրեական մոլորության բուն էությանը։ Հրեաները մտածում էին, որ եթե որևէ մեկը տառապում է, ապա դա նշանակում է, որ Տերն է նրան պատժել կամ տառապանքի «մատնել» իր մեղքերի համար։ Մինչդեռ մարգարեն այստեղ ասում է․ «Այո՛, Մեսիան նույնպես ենթարկվում է Աստվածային պատժի, Տերը Նրան տառապանքների է «մատնում», սակայն ամբողջ, խորին տարբերությունն ա՛յն է, որ այդ տառապանքները հատուցում են լինելու ո՛չ թե Նրա անձնական մեղքերի, այլ «մեր բոլորի մեղքերի» համար։ «Տերը Նրան մեր մեղքերի համար մատնեց, որպեսզի Նա մեր փոխարեն կրի այն, ինչը մենք չկարողացանք կրել մեր ուժերի տկարության պատճառով», - դա սքանչելիորեն բացատրում է Հերոնիմոս Երանելին։ Դժվար չէ նկատել, որ սույն համարի բովանդակության հիմքում ընկած է Քավության օրվա կրոնական արարողությունների մանրամասնություններից վերցված մի պատկեր, մասնավորապես՝ քահանայապետի խորհրդանշական գործողությունը, որով նա ամբողջ Իսրայելի մեղքերը «դնում է» քավության նոխազի գլխին (Ղևտ․ 16։21-22)։ Ինչպես այս համարի հիմնական գաղափարը, այնպես էլ նրանում բովանդակվող պատկերները հիանալիորեն բացահայտվում են Նորկտակարանյան գրություններում, հատկապես Պողոս առաքյալի նամակներում, նրա՛, ով, օրինակ, Հիսուս Քրիստոսի մասին ասում է, որ «...մեղքը չճանաչողին Նա մեզ համար մեղքի համար մատուցվող զոհաբերություն դարձրեց, որպեսզի մենք Նրանով արդարանանք Աստծո առջև» (հմմտ. Բ Կորն․ 5։21)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ամէնքն էլ մոլորուած ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորուեց, բայց Տէրը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար:
(Արարատ թարգ․) Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։
(Գրաբար) Ամենեքեան իբրեւ ոչխարք մոլորեալք. այր ի ճանապարհի իւրում մոլորեցաւ, եւ Տէր մատնեաց զնա առ մեղս մեր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: