Ա. Լոպուխին
«Մի՛ վախեցիր, քանի որ չես ամաչելու, մի՛ խռովվիր, քանի որ չես նախատվելու․ դու մոռանալու ես քո երիտասարդության ամոթը և այլևս չես հիշելու քո այրիության նախատինքը»։ [4] (Սինոդական թարգ․)
4-8-րդ համարներում «սուրբ Իսրայելին» ուղղված հատուկ քաջալերանք է հնչում, որում բացահայտվում է Իսրայելի վախերի լիակատար չհիմնավորվածությունը և նրա վրա Աստվածային հարուստ ողորմածության հեղումը։
«Մի՛ վախեցիր, քանի որ չես ամաչելու․․․ դու մոռանալու ես քո երիտասարդության ամոթը և այլևս չես հիշելու քո այրիության նախատինքը» - Երկու անգամ կրկնվող, իրենց բովանդակությամբ զուգահեռ, քաջալերական երկու մտքեր են սրանք․ մի՛ վախեցիր, մոռացի՛ր քո կարճաժամկետ խայտառակության մասին։ Հերոնիմոս Երանելին եբրայերենից կատարած իր թարգմանության մեջ այս երկու մտքերն անգամ պատճառական կապի մեջ է դնում միմյանց հետ․ «Մի՛ վախեցիր․․․որովհետև քո երիտասարդության ամոթը մոռանալու ես․․․»։
Նույնն է անում նաև Սեպտուգինտայի տեքստը, ինչպես նաև սլավոներեն թարգմանությունը․ «Մի՛ վախեցիր․․․որովհետև քո հավերժական ամոթը պիտի մոռանաս» (հմմտ․ Զաք․ 8։15)։ Այստեղ որոշակի տարակուսանք է առաջացնում միայն այն հարցադրումը, թե ինչ պետք է հասկանալ «երիտասարդության ամոթ» և «այրիության նախատինք» արտահայտությունների ներքո։ Քանի որ, համաձայն մեր մեկնաբանության, այստեղ մարգարեության հասցեատերերը հանդիսանում են քրիստոնեացած հրեաները, որոնք, հավանաբար, որոշակիորեն ամաչում էին իրենց հատուկ, մեկուսացված վիճակից (հրեաների մեծամասնությունը կանգնած էր քրիստոնեությանը հակառակ, թշնամական կողմում), ուստի նշված արտահայտությունների ներքո պետք է հասկանալ իսրայելական պատմության այս կամ այն հատուկ հանգրվանը։ «Երիտասարդության ամոթ» արտահայտության ներքո առավել ճիշտ կլինի հասկանալ Սինայում կնքված ուխտին նախորդող ժամանակաշրջանը՝ հատկապես եգիպտական «մոլորության» շրջանը, երբ հրեական ժողովուրդը գրեթե ամբողջովին մոռացել էր ճշմարիտ Աստծուն, որի վերաբերյալ արտահայտիչ կերպով խոսում է նաև Եզեկիել մարգարեն․ «Եվ նրանք պոռնկություն արեցին Եգիպտոսում, պոռնկություն արեցին իրենց երիտասարդության ժամանակ, այնտեղ ճմլվեցին նրանց կրծքերը, և այնտեղ պղծեցին նրանց կուսական ստինքները» (Եզեկ․ 23։3)։
Իսկ «այրիության նախատինք» արտահայտության ներքո սովորաբար հասկանում են բաբելոնական գերության շրջանը, երբ Տերը Իսրայելի մեղքերի և այլ աստվածներին հետևելու համար կրկին լքեց նրան և զրկեց Իր շնորհալի ներկայությունից (տաճարի և Երուսաղեմի կործանումը)։ Այսպիսի տեսակետի ուղղակի հաստատումը կարելի է գտնել Երեմիա մարգարեի մոտ․ «Իսրայելն ու Հուդան այրի չեն թողնվի իրենց Աստծո կողմից» (Երեմ․ 51։5)։ Իսկ ահա անուղղակի կերպով այդ միտքը հաստատում է հենց Եսայի մարգարեն․ «Դուք ձեր մեղքերի համար եք ծախվել, և ձեր մայրը ձեր հանցանքների համար է արձակվել» (Ես․ 50։1)։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Մի՛ վախեցիր, որ քեզ ամօթահար արին, մի՛ նեղուիր, որ քեզ նախատեցին, որովհետեւ վաղնջական ամօթը պիտի մոռանաս եւ որբեւայրութեանդ նախատինքն այլեւս չպիտի յիշես»:
(Արարատ թարգ․) Մի՛ վախեցիր, որովհետև չպիտի ամաչես, անպատվված մի՛ զգա, որովհետև չպիտի նախատվես. դու պիտի մոռանաս քո պատանության ամոթը և այլևս չպիտի հիշես քո որբևայրության նախատինքը,
(Գրաբար) Մի երկնչիցիս զի յամաւթ արարին զքեզ. մի պատկառեսցես զի նախատեցին զքեզ. զի զամաւթն յաւիտենից մոռասցիս, եւ նախատինք այրութեան քոյ ոչ եւս յուշ լիցին քեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: