Եսայու մարգարեության մեկնություն 57:2

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, ով վերացաւ մէջտեղից:
   
   Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, որովհետև վերացավ մեջտեղից։
   Այսինքն՝ արդարի մահն ու կյանքը լեցուն են խաղաղությամբ, իսկ մեղավորների մահն ու կյանքը լի են խռովությամբ: Ինչպես ասում է մարգարեն. «Անօրենները ծփալու են ծովի նման և հանգիստ չեն գտնելու» (57:20): Իսկ «Մեղավորի մահը չար է» (Սաղմ. 33:22), որովհետև ամբարիշտների համար խաղաղություն չկա (57:21), ինչպես հավելում է մարգարեն:
   

Ա. Լոպուխին

«Նա գնում է դեպի խաղաղությունը. ուղիղ ճանապարհով քայլողները հանգստություն պիտի գտնեն իրենց մահճում»։ [2] (Սինոդական թարգ․)
   
   «Նա գնում է դեպի խաղաղությունը…» - Իր՝ արդարի համար վշտի և լացի երկրային բնակավայրից այդքան շուտ հեռանալը ոչ միայն որևէ զրկանք չէր պարունակում, այլև դրական ձեռքբերում էր համարվում, քանի որ «ունայնությունների ունայնությունից» նա տեղափոխվում էր դեպի «հանգստություն և խաղաղություն»։

   «Չափազանց նշանակալի է այս միտքը հինկտակարանյան գրքերում հանդիպելը. այն հոգուն պատրաստում էր հետմահու կյանքի այն ուրախությանը, որը Տեր Հիսուսի մահից հետո հույսի լույսով լուսավորում է քրիստոնյայի ամբողջ կյանքը» (Վլաստով)։ Սակայն մնացած մարդկանց համար, որոնց շարքերում ապրում էր այդ արդարը և որի լույսով և սիրով իսկ նրանք ջերմանում էին, նրա (այդ արդար մարդու) անժամանակ մահը կարծես թե պետք է զգալի կորուստ լիներ։ Մինչդեռ հանցավորաբար անտարբեր հանրությունը դադարել էր զգալ և նկատել այդ ամենը։

   Պետք նկատել, որ Յոթանասնիցի սլավոներեն թարգմանությունն այս համարում նշանակալիորեն հեռանում է մասորեթական տեքստից և հետևյալ տեսքն է ստանում․ «Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, ով վերացավ մեջտեղից»։ Տվյալ արտահայտությունը համեմատելով 53-րդ գլխի 8-րդ համարի զուգահեռ հատվածի հետ՝ հայրաբանական մեկնիչներից ոմանք այստեղ մարգարեական կանխասացություն են տեսնում Հովսեփ Արիմաթացու, Նիկոդեմոսի և յուղաբեր կանանց կողմից Տեր Հիսուս Քրիստոսի թաղման պատմական իրողության վերաբերյալ (Հերոնիմոս Երանելի)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, ով վերացաւ մէջտեղից:
(Արարատ թարգ․) Նա մտնում է խաղաղության մեջ։ Նրանք, ովքեր ուղիղ ճանապարհով են ընթանում, հանգստություն պիտի գտնեն իրենց մահճում։
(Գրաբար) Եղիցի խաղաղութեամբ գերեզման նորա, զի բարձաւ ի միջւոյ: