Եսայու մարգարեության մեկնություն 61:1

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Տիրոջ Հոգին ինձ վրայ է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ աւետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկուածներին, գերիներին ազատութիւն քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն։
   

   Տիրոջ հոգին Ինձ վրա է։
   Այսինքն՝ Որդու մարմնավորված բնության վրա: Տե՛ս Երրորդության հայտնությունը՝ Որդին, Տերը և Հոգին, 1 Այդ պատճառով էլ օծեց Ինձ (61:1): Տե՛ս անճառելի միավորության խորհուրդը, որովհետև ասում է՝ «օծեց հոգին», և ոչ թե արտաքին մարմինը, ինչպես երկաբնակության ջատագովներն են ասում: Այս է ասում նաև Պետրոսը. «Որին Աստված օծեց սուրբ Հոգով և զորությամբ» (Գործք 10:38), և թե՝ «Աստված Նրան Տեր և Օծյալ դարձրեց» (Գործք 2:36): Եվ Դավիթն ասում է. «Աստված, Աստված Քեզ օծեց Քո ուրախության յուղով՝ ընկերներիցդ ավելի» (Սաղմ. 44:8, Եբր. 1:9): Իսկ թե ո՞րն է Քրիստոսի օծման առավելությունը և թե այդ օծումը քանի՞ եղանակով է կատարվել, ասված է այլ տեղում: Եվ որ կարիքի պատճառով չէ, որ ընդունեց Սուրբ Հոգին, հայտնի է երեք բանից․ նախ՝ որովհետև Ի՛ր Հոգին է, և Ինքն ինչպե՞ս կարող էր Իր իսկ Հոգին ընդունելու «կարիքն» ունենալ, ըստ այն խոսքի, թե՝ «Ով Քրիստոսի Հոգին չունի, նա Նրանը չէ»: Եվ այստեղ ասում է՝ Տիրոջ Հոգի, և ոչ թե վերադիր [հոդով]՝ Տիրոջ Հոգին: Երկրորդ՝ որովհետև Քրիստոս ի սկզբանէ ուներ Հոգին, ըստ այն խոսքի, թե՝ «Սուրբ Հոգին կգա քո վրա» (Ղուկ. 1:35), և՝ «Ով ծնվել է նրանից՝ Սուրբ Հոգուց է» (Մատթ. 1։20): Եվ արդ, քանի որ Հոգին ուներ սկզբից, ուրեմն ինչպե՞ս կարող է Նրա «կարիքն» ունենալ այժմ: Երրորդ՝ որովհետև Սուրբ Հոգին սրբում է, զորացնում, օծում և արժանացնում որդեգրության, իսկ մեզ սրբողը, Հոր զորությունը, Աստծո Որդին և Օծյալ Տերն ինչպե՞ս կարող էր «կարիքն» ունենալ Հոգու սրբության, ըստ այն խոսքի, թե՝ «Այսօր ձեզ Փրկիչ ծնվեց, որ Օծյալ Տերն է» (Ղուկ. 2:11), և՝ «Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև Ով ծնվելու է քեզնից, սուրբ է, և Աստծո Որդի է կոչվելու» (Ղուկ. 1։35): Այլ մեր Տերը երկու պատճառով Սուրբ Հոգի ընդունեց. Նախ՝ վկայության համար, ինչպես Հոր ձայնը վկայեց, թե՝ «Աստծո Որդի է» (Հովհ. 1։35)։ Իսկ Հովհաննեսն ասում էր հետևյալը. «Ում վրա տեսնես Սուրբ Հոգին, որ իջնում է, Նա է, որ մկրտում է Սուրբ Հոգով, և ես տեսա ու վկայեցի, թե սա է Աստծո Որդին» (Հովհ. 1:33-34): Երկրորդ՝ որովհետև մարմնավորության միջոցով պետք է վերցներ Հոգին՝ մեզ վրա հեղելու, քանի որ Նա էր մեր Գլուխը, ըստ այս խոսքի. «Ինչպես յուղ, որ իջնում է Ահարոնի գլխից մինչև մորուքը» (Սաղմ. 132:2): Իսկ ահա մենք Սուրբ Հոգին ստանում ենք ոչ միայն վկայության, այլև մեր կարիքները գոհացնելու համար, ըստ այն խոսքի, թե՝ «Սուրբ Հոգին վկայում է մեր հոգուն» (Հռոմ. 8:16):

    Հարց. Եվ եթե Աստծո Որդի ու Ճշմարիտ Աստված է, ըստ այն խոսքի, թե՝ «Դա է Իմ սիրելի Որդին» (Մրկ. 9:6), ապա ինչո՞ւ է ասում. «Հայրս մինչև հիմա գործում է, ուրեմն Ես ևս գործում եմ» (Հովհ. 5:17), և թե՝ «Աստծո Հոգով և մատով եմ հանում դևերին» (Մատթ. 12:28), նաև՝ «Աստծո մատով․․․» (Ղուկ. 11:20), դարձյալ՝ «տարվեց Հոգուց» (Մատթ. 4:1):

    Պատասխան. Սրանք ու սրա նմանները նշանակում են Սուրբ Երրորդության կամքի միությունը:

   Ինձ առաքեց ավետարանելու աղքատներին։

   Առաքվելը հայտնությունն է ակնարկում, որովհետև տեղ չկա, որ այդ հայտնության մասին չխոսվի: Մի՞թե թագավորները, իշխանները և հարուստները աղքատ են. Այո՛, և շա՜տ ավելի, որովհետև աղքատ ու զուրկ են հոգևորից, համաձայն Դավթի. «Ես աղքատ ու տնանկ եմ, Աստվա՛ծ» (Սաղմ. 39:18): Դարձյալ, աղքատ է կոչում խոնարհներին, որոնք աղքատ են հոգով, ըստ այս խոսքի. «Երանի աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5:3): Տե՛ս, թեպետ հպարտության պատճառով զրկվեցինք Աստծո արքայությունից, [սակայն] խոնարհությամբ վերստին ժառանգեցինք այն: Այլև բժշկեց սրտով կոտրվածներին, որոնց սիրտը հալումաշ էր եղել մեղքերից, ուստի և մեղքերի թողությա՛մբ բժշկեց նրանց: Եվ որպեսզի չկարծվի, թե՝ «Ինձ օծեց Սուրբ Հոգին», և թե՝ «առաքեց Ինձ» խոսքերը մարգարեների համար է ասված՝ վսեմագույնն է ավելացնում՝ «բժշկելու սրտով կոտրվածներին», այսինքն՝ մեղքերի թողությամբ նրանց տրտմությունը [փարատելու] և ուրախացնելու, ըստ այս խոսքի. «Եկեք Ինձ մոտ բոլոր հոգնածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. 11:28-29): «Ես» ասելով՝ Իր զորեղ իշխանությունն է ցույց տալիս։ Եվ Քրիստոս բժշկությամբ ոմանց մարմնի՛ ախտն էր ապաքինում, ինչպես անդամալույծի ու մյուս ախտաժետների պարագայում, ոմանց՝ հոգու, ինչպես քանանացու ու պոռնկի դեպքում, և ոմանց թե՛ մարմնի ու թե՛ հոգու. մեղքերը ներում էր, իսկ մարմինը՝ բժշկում, ինչպես ի ծնե կույրի ու մյուսների պարագայում:
   Գերիներին ազատություն քարոզելու։ Չի ասում՝ տալու, այլ թե՝ քարոզելու, որպեսզի ակամա չլինի այդ ազատումը, այլ՝ մարդկանց հոժար ցանկությամբ:
   Եվ տեսողություն շնորհելու կույրերին, որոնք մեղքով ու կռապաշտությամբ խավարած լինելով՝ լուսավորվեցին արդարությամբ և աստվածպաշտությամբ:
   

Ա. Լոպուխին

«Տեր Աստծո Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն ինձ օծեց՝ ավետիս տալու աղքատներին, ինձ ուղարկել է բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կալանավորներին՝ արձակում»։ [1] (Սինոդական թարգ․)
   
   «Տեր Աստծո Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ՝ ավետիս տալու աղքատներին, ինձ ուղարկել է բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կալանավորներին՝ արձակում։ Քարոզելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծո վրեժխնդրության օրը, մխիթարելու բոլոր սգավորներին։ Սիոնում սգացողներին հռչակելու, որ մոխրի փոխարեն նրանց զարդարանք պիտի տրվի, լացի փոխարեն՝ ուրախության յուղ, վհատված հոգու փոխարեն՝ փառավոր զգեստ, և նրանք պիտի կոչվեն «ամուր արդարություն», որ Տերը տնկել է Իր փառավորության համար» - Այս հատվածը Եսայու մարգարեության ամենահասկանալի և կարևոր մեսիական հատվածներից մեկն է, որի արժանահավատությունը  վկայված է հենց Տեր Հիսուս Քրիստոսի կողմից՝ Նազարեթի ժողովարանում Նրա կողմից հնչեցրած հայտնի քարոզով (Ղուկ. 4։16-21): Չնայած այս հանգամանքին, հրեա րաբբիներից ոմանք, և նրանց հետևողությամբ նաև ժամանակակից ռացիոնալիստական (բանապաշտական) մեկնաբանների մեծամասնությունը (Rosenmullef, Seheyg, Braun, Hitzig, Ewald, Knobel, Klostermann և ուրիշներ) հնարավորություն են «տեսնում» հերքելու այս հատվածի մեսիական բնույթը, և պնդում են, թե իբր Եսային այստեղ խոսում է հենց իր մասին: Սակայն այսպիսի բացահայտ կողմնակալ («տենդենցիոզ»-միտումնավոր, դիտավորյալ) տեսակետին ընդդիմանում են ավելի պատկառելի հրեական գրականությունը (Կիմխի, Միդրաշ, Քոհելեթ, Վայիքրա ռաբբա և այլն) և վաղ քրիստոնեական հայրաբանական ողջ ավանդությունը (սբ. Իրինեոս Լիոնացի, սբ. Կյուրեղ Երուսաղեմացի, Հերոնիմոս Երանելի, սբ. Հովհան Ոսկեբերան, Թեոդորետոս Երանելի և ուրիշներ), ինչպես նաև գրքի հեղինակի՝ Եսայի մարգարեի ընդհանուր բնութագիրը, համաձայն որի՝ նա երբեք չի կենտրոնանում իր անձի վրա, և, վերջապես, սույն իսկ գլխի ավելի մասնավոր վերլուծությունը՝ նկատի ունենալով նախորդող և հաջորդող համատեքստերի ողջ շրջանակը (առավել մանրամասն տե՛ս Григорьев И. Пророчества Исаии о Мессии и Его царстве. Kазань, 1902. с. 234–241):

   «Տեր Աստծո Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն ինձ օծեց․․․» - Ինչպես Աստծո Հոգու, այնպես էլ ա՛յն Անձի ճիշտ ընկալումը, Որի վրա Տիրոջ Հոգին հանգչեց, լավագույնս պարզաբանվում է Եսայի մարգարեի գրքի մեսիական նախորդ հատվածների հետ համեմատության շնորհիվ, քանի որ այդ հատվածներից անվիճելիորեն պարզ է դառնում, որ նմանատիպ սահմանումները միանշանակ վերաբերում են Եռանձնյա Երրորդությանը. Հայր Աստված՝ որպես Հոգին վար առաքող, Որդի Աստված՝ որպես Նրան ընդունող, Սուրբ Հոգի Աստված՝ որպես Որդու վրա հանգչող (Հորդանանում՝ մկրտության ժամանակ, Ես․ 11։2, 42։1, 48։16, 49։1-2):

   Աստվածաշնչյան «օծեց» արտահայտությունը ծագում է «օծման» կամ, ավելի հստակ, «գլխին յուղ հեղելու» սրբազան պատկերից։ Ծիսական այդ գործողությունը ծառայում էր որպես աստվածապետական-հասարակական այս կամ այն պաշտոնավարության համար ընտրված անձի աստվածային հատուկ սրբացման նշան (թագավոր, քահանայապետ, մարգարե): Մեր կողմից դիտարկվող սույն օրինակում աստվածային այդպիսի «ընտրության» կամ «սրբացման» խորհրդանշանը Սուրբ Հոգու էջքն էր Մեսիայի վրա, Որը (Մեսիան) պիտի ծառայեր մարդկային ցեղին: Այս մարգարեության բառացի իրականացումը կարող ենք տեսնել Տեր Հիսուս Քրիստոսի մկրտության պատումի մեջ, երբ Սուրբ Հոգին աղավնու տեսքով իջավ Նրա վրա (Մատթ. 3։16, Գործք. 10։37-38): Այս «օծման» նպատակը կամ Մեսիայի ծառայության խնդիրը «աղքատներին ավետարանելն» էր (հուն.՝ ευαγγελιζειν πτωχοις՝ euangelisastai ptoxois)՝ զուտ նորկտակարանյան եզրույթներ, որոնք ունեն նյութական և հոգևոր-բարոյական խորը իմաստ (Մատթ. 5։3-4, Ղուկ. 6։20-21 և այլ տեղիներ):

   «Բժշկելու սրտով բեկվածներին․․․» - Նա, ում մասին Եսայի մարգարեն ավելի վաղ խոսում էր՝ հեզ և խոնարհ Ծառան, Որը չէր փշրելու «կոտրված եղեգը»  (Ես․ 42։3), առանձնահատուկ սիրալիր և հոգատար վերաբերմունք պիտի ցուցաբերեր մարդկային կոտրված սրտերի նկատմամբ, որոնց վրա Նա կհեղեր Իր ճշմարիտ մխիթարության բուժիչ բալասանը (Ես․ 49։13):

   «Գերիներին ազատություն քարոզելու և կալանավորներին՝ արձակում», կամ, Սեպտուագինտայի համաձայն, «կույրերին՝ տեսողություն»: «Ազատագրումը», կամ, ավելի հստակ՝ «ազատ արձակումը», համաձայն այստեղ կիրառված եբրայերեն דְּרוֹר (deror) եզրույթի, ցույց է տալիս «Հոբելյանական տարվա» տոնակատարության մի առանձնահատկությունը, երբ բոլոր պարտապանները ազատ էին արձակվում և հողը նորից վերադարձվում էր իր նախկին տիրոջը (Ղևտ. 25։10): Այս մտքերի գրեթե բառացի արտահայտությանը մենք արդեն իսկ հանդիպել ենք Եսայի մարգարեի գրքում (Ես․ 42։7, 49։9):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տիրոջ Հոգին ինձ վրայ է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ աւետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկուածներին, գերիներին ազատութիւն քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն,
(Արարատ թարգ․) Տեր Աստծու Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ՝ ավետիս տալու հեզերին, ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին.
(Գրաբար) Հոգի Տեառն ի վերայ իմ, վասն որոյ եւ աւծ իսկ զիս: աւետարանել աղքատաց առաքեաց զիս. բժշկել զբեկեալս սրտիւք. քարոզել գերեաց զթողութիւն, եւ կուրաց տեսանել: