Եսայու մարգարեության մեկնություն 61:3

Ա. Լոպուխին

«Սիոնում սգացողներին հռչակելու, որ մոխրի փոխարեն նրանց զարդարանք պիտի տրվի, լացի փոխարեն՝ ուրախության յուղ, վհատված հոգու փոխարեն՝ փառավոր զգեստ, և նրանք պիտի կոչվեն «ամուր արդարություն», որ Տերը տնկել է Իր փառավորության համար»: [3] (Սինոդական թարգ․)
   
   «Մոխրի փոխարեն նրանց զարդարանք պիտի տրվի, լացի փոխարեն՝ ուրախության յուղ, վհատված հոգու փոխարեն՝ փառավոր զգեստ․․․» - Աստծո Որդու քարոզությունը անապատում կանչողի ձայնի պես չի լինելու, այլ դրական արդյունքների է հասնելու և հանգստություն ու խաղաղություն է շնորհելու բոլոր նրանց, ովքեր ընդունեն այդ քարոզությունը:

   «Մոխրի փոխարեն», որն ապաշխարության և վշտի խորհրդանիշն է (Բ Թագ. 13։13, 47։1, 52։1-2), Մեսիան Սիոնի տառապյալներին կպարգևի գլուխը զարդարող ադամանդե թագը՝ իշխանության, արժանապատվության և վեհության խորհրդանշանը (Ես. 28։5, Եզեկ. 23։17, 24): Լացի փոխարեն Նա կտա նրան «ուրախության յուղը», որով նրանց նախնիներն օծվում էին իրենց կյանքի ուրախության պահերին...Վհատված, գրեթե ուժասպառ հոգու փոխարեն Նա կտա փառավոր զգեստը, որը կլինի նրանց մշտական ​​զարդարանքը: «Ուրախության յուղ»-ը, որով վերածնվածները կօծեն իրենց, և փառավոր զգեստը, որով կզգեստավորվեն տառապյալները, Մեսիայի հետևորդների անճառելի ուրախության տեսանելի նշանը կլինեն:

   «Մեծ հավանականությամբ կարելի է մտածել, որ մատնանշված շնորհները նախածանուցում են խորհրդավոր քահանայագործումը՝ Մեսիա Քրիստոսի կողմից պարգևված ընտրյալ հոտին՝ դրախտային երանությանը հասնելու և Եկեղեցու ներքին կյանքը լրումին հասցնելու համար» (И. Григорьев. Цит. сочин., с. 244):

   «Ամուր արդարություն», որ Տերը տնկել է Իր փառավորության համար» - Մարդիկ իրենք իրենցով թույլ և անզոր են. մարդիկ ուժեղ են դառնում միայն աստվածային արդարության աջակցությամբ (Ես․ 59։16): Սույն համարի խոսքերը հանդիսանում են նախորդ գլխի վերջին համարներից մեկի գրեթե բառացի կրկնությունը. Քո ժողովուրդը, բոլորը արդար պիտի լինեն, հավիտենապես պիտի ժառանգեն երկիրը՝ Իմ տնկած տունկը, Իմ ձեռքերի գործը՝ Իմ փառքի համար (Ես․ 60։21):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) փառաւորելու Սիոնի սգաւորներին, որ մոխրի փոխարէն ուրախութեան օծման իւղի պիտի արժանանան, իսկ սգաւորները վհատ հոգու փոխարէն՝ փառքի զգեստի: Եւ նրանք պիտի կոչուեն ազգ արդարութեան, տունկ՝ ի փառս Տիրոջ:
(Արարատ թարգ․) Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։
(Գրաբար) տալ սգաւորաց Սիովնի փառս. փոխանակ մոխրոյն` աւծումն ուրախութեան. եւ սգաւորացն հանդերձ փառաց` փոխանակ ոգւոցն վհատութեան: Եւ կոչեսցին նոքա ազգք արդարութեան` տունկ Տեառն ի փառս: