Եսայու մարգարեության մեկնություն 65:1

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Յայտնուեցի նրանց, որոնք իմ մասին չէին հարցնում, ինձ գտան նրանք, որոնք ինձ չէին փնտռում: «Ահաւասիկ ես կամ», ասացի այն ազգին, որն իմ անունը չկանչեց:
   
   Հայտնվեցի նրանց, որոնք Իմ մասին չէին հարցնում, Ինձ գտան նրանք, որոնք չէին փնտրում Ինձ։
   Այս խոսքը հեթանոս ազգերի մեջ Որդու [ընկալման] մասին է, ինչպես Պողոսն է ասում: Սա ասելով՝ Եսային ցույց տվեց իր համարձակությունը և հրեաներից չվախենալը: Իսկ հրեաների վերաբերյալ այս խոսքով այն է ասում, որ Տերը հրաշքով հայտնվեց նրանց, որոնք, սակայն, չէին հարցնում Իր մասին: Ուստի ուզում է ասել, որ «եթե նրանց հայտնվեցի, որչափ ևս առավել՝ ձե՛զ կհայտնվեմ»: Կամ էլ Իր երախտիքն է ցույց տալիս՝ կամենալով մատնացույց անել հետևյալը. «Ոչ թե դուք որոնեցիք Ինձ, այլ Ես հայտնվեցի ձեզ, ընտրեցի ձեզ»: Այդպես և Պողոսն էր իր մասին ասում՝ «կոչված և առաքյալ» (Հռոմ. 1։1), և թե՝ «Մեզ ընտրեց աշխարհից առաջ» (Եփես. 1։4):
   

Ա. Լոպուխին

«Ես հայտնեցի Ինձ Իմ մասին չհարցնողներին, Ինձ գտան նրանք, ովքեր Ինձ չէին փնտրում. «Ահա Ես, ահա Ես»,- ասում էի Ես այն ժողովրդին, որը չէր կոչվում Իմ անունով»: [1] (Սինոդական թարգ․)
   
   «Ես հայտնեցի Ինձ Իմ մասին չհարցնողներին, Ինձ գտան նրանք, ովքեր Ինձ չէին փնտրում…» - Տիրոջ մասին «հարցնողների» ու Նրան «փնտրողների» (ոչ այն վայրում և ոչ այն կերպ, որտեղ և ինչպես որ հարկն էր) կերպարների ներքո պետք է հասկանալ իրենց թվացյալ, ցուցադրական արդարությամբ հպարտացող հրեաներին (Ես. 58:2-4):

   «Ահա Ես, ահա Ես»,- ասում էի Ես այն ժողովրդին, որը չէր կոչվում Իմ անունով»: Այն ժողովուրդը, որը կրում էր Տիրոջ անունը, Իսրայելն էր, որի մասին Ինքը՝ Տերը, նույն Եսայի մարգարեի շուրթերով բացարձակապես հստակ կերպով արտահայտվում էր՝ նրանց կոչելով մի ժողովուրդ, «որը կոչվում է Իմ անունով, ում Ես ստեղծեցի Իմ փառքի համար, ձևավորեցի ու կազմավորեցի» (Ես. 43:7): Այս հարաբերության մեջ իսրայելական ժողովրդի հակադարձ կողմում էր հանդես գալիս ամբողջ հեթանոսական աշխարհը, որին էլ այժմ հայտնվում է Տերը՝ Իր երեսը շրջելով անարժան Իսրայելից: Այս խոսքերի իմաստը կարելի է ըմբռնել հետևյալ կերպ. հրեաները, ինչպես որ դա մասամբ էլ նկատելի է նախորդ համատեքստից, հակված էին Բարձրյալին մեղադրելու այն հարցում, որ Նա լքել է Իր ժողովրդին ու դադարել է նրանց մասին հոգ տանելուց: Այժմ մարգարեն բերում է պատասխան փաստարկը, որից երևում է, որ Տերը երբեք էլ չի դադարել մտածել մարդկանց մասին, որ հիմա էլ Նա անում է այդ բանը, սակայն այժմ Նա դա անում է մեկ ուրիշ, Իսրայելից ավելի արժանավոր ժողովրդի վերաբերությամբ:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Յայտնուեցի նրանց, որոնք իմ մասին չէին հարցնում, ինձ գտան նրանք, որոնք ինձ չէին փնտռում: «Ահաւասիկ ես կամ», ասացի այն ազգին, որն իմ անունը չկանչեց:
(Արարատ թարգ․) Ես փնտրվեցի նրանցից, որոնք ինձ չէին հարցնում, ես գտնվեցի նրանցից, որոնք չէին փնտրում ինձ, և ես «Ահա ես, ահա ես» ասացի այն ազգին, որն իմ անունը չէր կանչել։
(Գրաբար) Յայտնի եղէ այնոցիկ որ զինէն ոչ հարցանէին. գտայ այնոցիկ որ զիսն ոչ խնդրէին: ասացի` աւասիկ եմ, ցազգն ցայն, որ զանուն իմ ոչ կարդացին: