Եսայու մարգարեության մեկնություն 65:15

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ձեր անունն իմ ընտրեալների նողկանքի համար պիտի թողնէք, եւ Տէրը ձեզ պիտի մեռցնի: Իմ ծառաներին նոր անուն պիտի տրուի, որը պիտի օրհնաբանուի երկրի վրայ:

   
   Ձեր անունը թողնելու եք Իմ ընտրյալների նողկանքի համար։
   Այսինքն՝ ատելության համար, որովհետև ինչպես հղփացածը արհամարհում է գիրը, նույնպես և մեղավորների հիշատակն անարգված է արդարների մտքում, թեպետ նրանք մարմնով ազգակից են իրար:

   Իմ ծառաներին նոր անուն պիտի տրվի։

   Հայտնի է, որ այս խոսքը Եկեղեցու մասին է, ըստ այն խոսքի, թե՝ «Այդ ժայռի վրա պիտի կառուցեմ Իմ Եկեղեցին» (Մատթ. 16։18): Կամ էլ խոսքը վերաբերում է Աստծո Իսրայելին, կամ՝ «քրիստոնյա» կոչվածներին, որոնց այդ անունը տրվեց Անտիոքում (Գործք 11։26): Կամ գուցե նկատի ունի Աստծո կամքը, ինչպես ասաց Եսայի մարգարեի միջոցով. «Քո անունն անվանեցի «Իմ կամք» (62։4), այսինքն՝ Աստծո կամքը կատարելու կոչում տվեց:
   

Ա. Լոպուխին

«Եվ ձեր անունը որպես անեծք պիտի թողնեք Իմ ընտրյալների համար, և Տեր Աստված կմեռցնի քեզ, իսկ Իր ծառաներին այլ անունով պիտի կոչի»։ [15] (Սինոդական թարգ․)
   
   «Եվ ձեր անունը որպես անեծք պիտի թողնեք Իմ ընտրյալների համար…» - Արհավիրքները, որոնք թափվելու են անհնազանդ Իսրայելի գլխին, այնքան ահավոր ու անողոք են լինելու, որ Իսրայելի անունը, առհասարակ, դարձնելու են որպես Աստվածային պատժի խորհրդանիշ (հմմտ. Երեմ. 29:22):

   «Եվ Տեր Աստված կմեռցնի քեզ…» - Սա  12-րդ համարի մտքի կրկնությունն ու սաստկացումն է: Այս արտահայտությունը բովանդակող բուն տեքստը, համաձայն անգլիական «Հենքի մեկնության», վերցված է հատուկ անեծքի համար նախատեսված բանաձևից:

   «Իսկ Իր ծառաներին այլ անունով պիտի կոչի…», այսինքն՝ «սուրբ ժողովուրդ», «հոգևոր Իսրայել», «քրիստոնյաներ» (Ես. 62:2-րդ, 12-րդ համարների մեկնությունը) և «օրհնված սերմեր»  (տեʹս ավելի ներքևում՝ 23-րդ համարը):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Ձեր անունն իմ ընտրեալների նողկանքի համար պիտի թողնէք, եւ Տէրը ձեզ պիտի մեռցնի: Իմ ծառաներին նոր անուն պիտի տրուի, որը պիտի օրհնաբանուի երկրի վրայ:
(Արարատ թարգ․) Ձեր անունը որպես անեծք պիտի թողնեք իմ ընտրյալների համար։ Տեր Աստված կմեռցնի քեզ, իսկ իր ծառաներին այլ անուն պիտի տա,
(Գրաբար) զի թողջիք զանուն ձեր ի յագուրդ ընտրելոց իմոց, եւ զձեզ Տէր սատակեսցէ: Եւ ծառայիցն իմոց կոչեցից անուն նոր,