Եսայու մարգարեության մեկնություն 65:18

Ա. Լոպուխին

18-19․ «Իսկ դուք հավիտյան ուրախանալու և ցնծալու եք ա՛յն ամենի համար, ինչ որ Ես ստեղծում եմ. քանզի ահա Ես ստեղծում եմ Երուսաղեմն իբրև բերկրանք և նրա ժողովրդին՝ իբրև ուրախություն»։ [18] «Եվ Ես պիտի ցնծամ Երուսաղեմով և ուրախանամ Իմ ժողովրդով, ու նրա մեջ այլևս չպիտի լսվի ո՛չ լացի ձայն և ո՛չ էլ ողբի ձայն»: (Սինոդական թարգ․)
   
   «Ես ստեղծում եմ Երուսաղեմն իբրև բերկրանք և նրա ժողովրդին՝ իբրև ուրախություն… ու նրա մեջ այլևս չպիտի լսվի ո՛չ լացի ձայն և ո՛չ էլ ողբի ձայն»: «Երուսաղեմ» ասելով՝ Թեոդորետոս Երանելին հասկանում է այն վերին Երուսաղեմը, որը, առաքյալի խոսքի համաձայն, «ազատ է, նա բոլորիս մայրն է» (Գաղ. 4:26): Հետևաբար, Երուսաղեմը, որ նախկին, պատմական Իսրայելի կենտրոնն էր, այստեղ կիրառվում է նաև որպես նոր, հոգեպես վերածնունդ ապրած Իսրայելի, այսինքն՝ նորկտակարնյան Եկեղեցու կենտրոն:

   «Ստեղծում եմ…իբրև բերկրանք» - եբրայեցերեն տեքստում տեղադրված է «բարա» բայը, այսինքն՝ «ստեղծում եմ ոչնչից» (Ծննդ. 1:1): Ասել է թե՝ «այս ամենը անում եմ բացառապես Իմ Աստվածային սիրո զորությամբ, այլ ոչ թե ինչ-որ պատրաստի, արտաքին նկատառումներով: Եբրայեցերեն տեքստի միտքն այստեղ, հնարավոր է, ավելի լայն ու խորն է, քան թե դրա ռուսերեն, Սինոդական թարգմանությունը: Այս խոսքը բառացի կերպով պետք է թարգմանվի այն իմաստով, որ Երուսաղեմ սուրբ քաղաքն ու նրա սուրբ ժողովուրդը՝ Իսրայելը, նախկին ատելության ու ամոթի առարկա լինելուց վերածվելու են ուրախության ու ցնծության առարկայի՝ բոլոր ժողովուրդների համար (Ես. 60:15, 61:9-11 և այլ տեղիներ): «Լացի ու ողբի ձայն»-ի մասին հիշատակումը մարգարեի ունկնդիրների համար հատուկ վստահություն էր ներշնչում, քանի որ նրանք ոչ վաղ անցյալում զգացել էին ասորեստանյան զորքերի արշավանքների աղետալի հետևանքները (Ես. 10:30, 37:1-3):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Ուրախութիւն ու ցնծութիւն են գտնելու այն բանի մէջ, ինչ ես հաստատելու եմ: Ահա ես Երուսաղէմն ստեղծում եմ ցնծութեան համար եւ իմ ժողովրդին՝ ուրախութեան համար:
(Արարատ թարգ․) Իսկ դուք հավիտյան ուրախացե՛ք ու բերկրե՛ք նրանով, ինչ ես ստեղծելու եմ։ Քանզի ահա ես ստեղծում եմ Երուսաղեմն իբրև բերկրանք և նրա ժողովրդին՝ իբրև ուրախություն։
(Գրաբար) այլ ուրախութիւն եւ ցնծութիւն գտցեն ի նմա, զոր ես հաստատեցից: Զի ահաւասիկ ես առնեմ զԵրուսաղէմ ցնծութիւն, եւ զժողովուրդ իմ ուրախութիւն: