Ա. Լոպուխին
«Որը գերեզմաններում է նստում և գիշերում է քարանձավներում, խոզի միս է ուտում, ու նրա ամանների մեջ անմաքուր կերակուր է»։ [4] (Սինոդական թարգ․)
«Որը գերեզմաններում է նստում և գիշերում է քարանձավներում», այսինքն՝ զբաղվում է մեռելահարցությամբ ու ոգեհարցությամբ, ինչով հրեա ժողովուրդը, իսկապես, շատ էր տարվում՝ գայթակղվելով իրենց շրջապատող հեթանոսության օրինակից (Ես. 8:19, 29:4): Սրա վերաբերյալ վառ վկայություն է տալիս Սավուղի և Այենդորի կախարդի մասին պատմությունը (Ա Թագ. 28):
«Խոզի միս է ուտում…» - Չնայած որ Մովսեսի օրենքը ուղղակիորեն արգելում էր դա (Ղևտ. 11:7, Բ Օր. 14:8), սակայն, հավանաբար, հեթանոսական զոհաբերությունների ու սնահավատ ծիսակատարությունների պատճառով հրեաները դրժում էին այդ արգելքը (Ես. 66:17, Ա Մակ. 1:41-64, Բ Մակ. 6:18):
«Նրա ամանների մեջ անմաքուր կերակուր է…» - Սա կաʹմ ընդհանուր, ամփոփիչ նկարագրություն է առհասարակ «կուռքերին ձոնված զոհաբերությունների» մասին, կաʹմ էլ մի նոր ցուցում հեթանոսական որոշակի տեսակի կերակուրի մասին, ինչպիսին կարող էր լինել, օրինակ, Վլաստովի նկարագրած ճաշատեսակը, որը մի հատուկ կերակուր էր՝ պատրաստված տարբեր տեսակի խոտաբույսերից, որը իբրև զոհաբերություն մատուցվում էր Երկիր-Դեմետրիային, իսկ ավելի ուշ՝ Հեկատեին (ասել է թե՝ Պերսեփոնե-Հեկատե-Սելենա), որը շնորհներ բաշխող աստվածություն էր (էջ 407):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Քարայրներում էին պառկում ու քնում, որպէսզի երազ տեսնէին. խոզի միս էին ուտում ու զոհերի մսաջուր, եւ նրանց բոլոր ամանները պղծուած էին:
(Արարատ թարգ․) որոնք գերեզմաններում են բնակվում և գիշերը գաղտուկ տեղերում են անցկացնում. նրանք խոզի միս են ուտում, և նրանց ամանների մեջ անմաքուր բաների արգանակ կա։
(Գրաբար) դիւացն որք չէին ի յիշատակս իւրեանց: Եւ յայրս կողմանեալ ննջին վասն երազ տեսանելոյ. որք ուտէին զխոզենին եւ զարգանակ զոհիցն, եւ ամենայն անաւթք նոցա պղծեալ էին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: