Եսայու մարգարեության մեկնություն 65:8

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Այսպէս է ասում Տէրը. «Ճիշտ այնպէս, ինչպէս ողկոյզների մէջ մի ճութ է գտնւում, եւ ասում են՝ «Մի՛ փչացնիր դա, որովհետեւ Տիրոջ օրհնութիւնը կայ դրա մէջ», այնպէս էլ ես նոյն կերպ պիտի վարուեմ իմ ծառայի համար. յանուն նրա չեմ կործանելու բոլորին:
   
   Այսպես է ասում Տերը. «Ճիշտ այնպես, ինչպես ողկույզների մեջ մի ճութ է գտնվում, և ասում են. Մի՛ փչացնիր դա, որովհետև Տիրոջ օրհնությունը կա դրա մեջ»։
   Որովհետև ճութը ժողովուրդների մեջ գտնվող արդարի օրինակն է, իսկ Քրիստոս ամենաարդարն էր բոլոր այն արդարներից, որոնք ապրում էին առաջին դարերում: Ինչպես մեկ պտղի պատճառով բովանդակ ողկույզը, նույնպես և արդարների պատճառով՝ ամբողջ ժողովուրդը, իսկ Քրիստոսի պատճառով բոլոր արդարներն են ողջ մնում: Տիրոջ օրհնությունը կա դրա մեջ, այսինքն՝ արդարություն, սրբություն և Տիրոջ փրկություն կա այդ ամենի մեջ:

   Հանուն նրա չեմ կործանելու բոլորին։

   Ասում է՝ «հանուն նրա բոլորին փրկելու եմ», ըստ այն խոսքի, թե՝ «Եթե Զորությունների Տերը մեզ սերունդ թողած չլիներ...» :
   

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տերը. «Երբ որթատունկի շյուղի մեջ հյութ կա, ապա ասում են. «Մի՛ փչացրու դա, որովհետև օրհնություն կա դրա մեջ»: Այդպես էլ Ես եմ անելու հանուն Իմ ծառաների, որպեսզի չկործանեմ բոլորին»: [8] (Սինոդական թարգ․)
   
   «Այսպես է ասում Տերը. «Երբ որթատունկի շյուղի մեջ հյութ կա, ապա ասում են. «Մի՛ փչացրու դա, որովհետև օրհնություն կա դրա մեջ»: Այդպես էլ Ես եմ անելու հանուն Իմ ծառաների, որպեսզի չկործանեմ բոլորին: Եվ  Հակոբից սերունդ պիտի հանեմ, և Հուդայից՝ Իմ լեռների Ժառանգորդին, ու Իմ ընտրյալները պիտի ժառանգեն դա, և Իմ ծառաները պիտի բնակվեն այնտեղ: Եվ Սարոնը հոտերի արոտավայր պիտի լինի, և Աքորի ձորը՝ արջառների մակաղատեղ Իմ ա՛յն ժողովրդի զվարակների համար, որը փնտրել է Ինձ» - 8-10-րդ համարներում, ինչպես որ սովորաբար լինում է Եսայի մարգարեի պարագայում ու ինչը բնութագրական է նրա համար, պատկերը կտրուկ փոխվում է. պատիժների մասին հայտարարությունից հետո խոսվում է պարգևների մասին՝ իբրև խոստում. պատիժները՝ հրեա ողջ ամբարիշտ ժողովրդի համար, իսկ պարգևները՝ Հակոբի ու Հուդայի զավակների բարեպաշտ «մնացորդացի» համար:

   Այս հատվածի հիմնական գաղափարը, ասել է թե՝ ոչնչացված մեծամասնության միջից ոմանց փրկությունը, խորհրդաբանորեն նկարագրվում է խաղողի առողջ, հյութեղ որթատունկի միջոցով, որը, ինչպես երևում է, գտնվում է հիվանդ թփի վրա: Կասկածից վեր է, որ ինչպես այս պատկերը, այնպես էլ նրանում պարփակված իմաստն անմիջական կապ ունեն նույն այս մարգարեի գրքի՝ ավելի վաղ շարադրված հատվածների հետ, որոնցում խոսվում է «Աստծո որթատունկի մասին» (5-6-րդ գլուխներ): Կարելի է անգամ կապ հաստատել այս խոսքերի ու ավետարանական հայտնի առակների պատկերների միջև (Մատթ. 21:37-41, Հովհ. 15-րդ գլուխ):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը. «Ճիշտ այնպէս, ինչպէս ողկոյզների մէջ մի ճութ է գտնւում, եւ ասում են՝ «Մի՛ փչացնիր դա, որովհետեւ Տիրոջ օրհնութիւնը կայ դրա մէջ», այնպէս էլ ես նոյն կերպ պիտի վարուեմ իմ ծառայի համար. յանուն նրա չեմ կործանելու բոլորին:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը. «Ինչպես որ մի ողկույզի մեջ երբ գինի է գտնվում, ասում են. “Մի՛ փչացրու դա, որովհետև օրհնություն կա դրա մեջ”, այդպես էլ ես եմ անելու հանուն իմ ծառաների, որպեսզի չկոտորեմ բոլորին։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. զոր աւրինակ եթէ գտանիցի ճիռ ի մէջ ողկուզոց, եւ ասիցեն. մի ապականեր զդա զի աւրհնութիւն Տեառն գոյ ի դմա. այնպէս արարից վասն ծառային իմոյ, վասն որոյ ոչ կորուսից զամենեսեան: