Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Այսպէս է ասում Տէրը. «Երկինքն իմ աթոռն է, եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը: Ի՞նչ տուն պիտի շինէք ինձ համար, -ասում է Տէրը, - եւ կամ իմ հանգստեան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի:
Այսպես է ասում Տերը. «Երկինքն Իմ Աթոռն է, և երկիրը՝ Իմ ոտքերի պատվանդանը, ի՞նչ տուն պիտի շինեք Ինձ համար»։
Այս խոսքով պատասխանում է նրանց, ովքեր ասում էին, թե՝ «մեր հայրերը սրբության տուն շինեցին, իսկ Դու ավերեցիր»: Արդ, ասում է․ «Ինչպե՞ս կարող է Իմ անսահման բնությունն ընդունվել ձեր տաճարում»: Սրանից երկու բան է երևում. նախ՝ Աստծո անսահմանությունը, համաձայն նաև այս խոսքի. «Նրան, որին իրենց մեջ չէին կարող տեղավորել երկինքն ու երկիրը», այլ միայն Նա Ինքն է Իրեն բովանդակում, ըստ այս խոսքի. «Ես Հորս մեջ եմ, և Հայրս՝ Իմ մեջ» (Հովհ. 10։38): Երկրորդ՝ ուզում է ասել հետևյալը․ Ձեր տաճարը չի կարող կրել Ինձ, այլ Իմ շնորհի համար ընդարձակ բնակավայրը կոտրած սիրտ ունեցողներն ու խոնարհներն են», այսինքն՝ հեթանոսների Եկեղեցին: Եվ արդ, ի մտի ունեցի՛ր, ո՜վ եղբայր, ու ի հեճուկս հրեայի հարցրո՛ւ, թե նրանք ըստ իրենց պատմության ընթացքի ինչպե՞ս են մեկնում այս խոսքը․ «Երկինքն Իմ Աթոռն է, և երկիրը՝ Իմ ոտքերի պատվանդանը»։ Նրանք մարգարեների բոլոր խոսքերը հասկանում են տառացիորեն, որի հետևանքով էլ հեռանում են Քրիստոսից: Արդ, Աստծուն մարմնավոր են պատկերացնում, երկնքում նստած, երկար ոտքերով, որոնք հասնում են երկիր: Մենք նույնպես լսեցինք մեր առաջնորդից՝ Կախիկ մեծիմաստ ուսուցչից 1, թե մեծն Վարդան վարդապետն այս խոսքով ամոթի է մատնել ոմն տրամաբան հրեայի՝ Թիֆլիս քաղաքում Վրաց թագավորի ու վերջինիս մեծամեծների առջև 2: Նույնպես և այն խոսքը, թե՝ «Գայլերն ու գառները միասին պիտի արածեն», չի կարող տառացիորեն իրականանալ, և չնայած որ այդ երկու կենդանիներն էլ միասին պատսպարված էին Նոյի տապանում, [սակայն] այստեղ խոսքը գալիքի մասին է: Նույնը նաև «Նոր երկինք ու նոր երկիր է լինելու» խոսքին է վերաբերում, քանի որ նրանց դարձի ժամանակ այդ խոսքը բառացիորեն չիրականացավ: Եվ կամ այն, որ ասում էր Երուսաղեմին. «Ահա ես քո քարերը՝ սուտակից, և քո հիմքերը շափյուղայից պիտի պատրաստեմ, քո աշտարակները հասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ՝ բյուրեղից» (54։11)։ Այս խոսքը ևս տառացիորեն չկատարվեց: Այլև այն խոսքը, թե՝ «Գետերը բխելու են լեռների վրա, ու բլուրները խոնարհվելու են Քո առջև, և բոլոր ձորերը պիտի լցվեն (40։4)։ Կամ էլ սա. «Ո՞վչափեց երկինքը՝ թիզով, երկիրը՝ քիլով, և ջուրը՝ ափով» (40։12): Սրանք ևս նյութեղենապես չիրականացան: Եվ սրա նման շատ բաներ, ինչպես ասվեց. «Այս բոլորը Իմ ձեռքը ստեղծեց, և Իմն է ամենը» (Գործք 7։50): Արհեստավորը բազում բաներով է տարբերվում [Աստծուց]. նախ՝ որովհետև արհեստավորն ուրիշների հրամանով է գործում, իսկ Աստված ասում է, թե՝ «Այս բոլորը Ի՛մ ձեռքը ստեղծեց»:
Երկրորդ՝ արհեստագործները ուրիշների համար են անում, իսկ Աստված ասում է. «Իմն է ամենը»։ Իսկ Դավիթը, թե՝ «Նրանն է ծովը, և Նա ստեղծեց այն» (Սաղմ. 94։5):
Երրորդ՝ արհեստավորները գործելու համար նյութ են պահանջում, իսկ Աստված ստեղծում է ոչնչից, ինչպես ասում է. «Սկզբից ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդ. 1։1):
Չորրորդ՝ նրանք հանուն վարձատրության են անում, մինչդեռ Աստված՝ հանուն Իր առատ բարության:
Հինգերորդ՝ նրանք չարչարանքով են ստեղծագործում, մինչդեռ Աստված ասաց, և եղան, հրամայեց և հաստատվեցին:
Վեցերորդ՝ նրանք կարիք ունեն ժամանակի, իսկ Աստված դրա կարիքը չունի, այլ կամենալիս գործն [ինքնին] կատարվում է, ըստ այս խոսքի. «Ամենայն ինչ, որ կամեցավ Տերը, կատարեց» (46։10):
Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տերը. «Երկինքն Իմ գահն է, իսկ երկիրը՝ Իմ ոտքերի պատվանդանը. դուք որտե՞ղ պետք է Ինձ համար տուն կառուցեք, ու որտե՞ղ է Իմ հանգստյան վայրը»»: [1] (Սինոդական թարգ․)
«Երկինքն Իմ գահն է, իսկ երկիրը՝ Իմ ոտքերի պատվանդանը… այդ բոլորը Իմ ձեռքն է արել» (2-րդ համար): Հինկտակարանյան հրեայի՝ ծեսերին հավատարիմ ոգին, որը դաստիարակվել էր Մովսեսի օրենքի՝ արտաքնապես կիրառության միջավայրում, չէր կարողանում բարձրանալ մինչև այս օրենքի հոգևոր-բարոյական սանդղակը: Նույնիսկ իր բարոյական պոռթկումի ժամանակ նա, ակնհայտորեն, փնտրում էր միայն արտաքին արտահայտչաձև՝ ձգտելով հաճոյանալ Աստծուն տաճարի ավելի թանկ ու շքեղ կառույցով, կամ էլ ավելի ճարպոտ և առատ զոհաբերությամբ: Հերքելով այս մոլորությունը՝ Տերը մարգարեի շուրթերով փորձում է ցույց տալ նմանատիպ ցանկությունների կատարյալ սխալականությունը, ողջ ունայնությունն ու դատարկությունը: Միևնույն մտքով, սակայն ավելի հստակ կերպով այս հատվածի մասին խոսում է Գործք Առաքելոցը՝ սկզբում առաջին սարկավագ Ստեփաննոսի ճառի միջոցով՝ «Բարձրյալը չի ապրում ձեռակերտ տաճարներում, ինչպես որ դրա մասին խոսում է մարգարեն» (Ես. 66:1-2), իսկ հետո՝ մեջբերելով Պողոս առաքյալի ճառը՝ խոսված աթենական արիոպագոսում. «Աստված, որ ստեղծեց այս աշխարհը ու այն ամենը, ինչ որ նրա մեջ կա, Նա է տերը երկնքի ու երկրի. Նա ձեռակերտ տաճարներում չի բնակվում, ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտվում, որպես թե մի բանի կարոտ լիներ: Նա է տալիս ամեն բանի կյանք և շունչ ու ամեն ինչ (Գործ. 17:24-25):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը. «Երկինքն իմ աթոռն է, եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը: Ի՞նչ տուն պիտի շինէք ինձ համար, -ասում է Տէրը, - եւ կամ իմ հանգստեան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ գահն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Որտե՞ղ է այն տունը, որ կառուցում եք ինձ համար, և ո՞րն է իմ հանգստյան վայրը։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. երկինք աթոռ իմ են` եւ երկիր պատուանդան ոտից իմոց: ո՞րպիսի տուն շինիցէք ինձ ասէ Տէր, կամ ո՞րպիսի ինչ իցէ այն տեղի հանգստեան իմոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: