Եսայու մարգարեության մեկնություն 7։15

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Իւղ ու մեղր պիտի ուտի նա. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին։
   
   Յուղ և մեղր է ուտելու.
   Այսինքն՝ ստուգապես մարդ եղավ, որ հաստատվում է այս կերակրի ճաշակումով, ինչը հատուկ է մանուկներին: Քանզի ծնված Էմանուելը ոչ սոսկ մարդ էր և ոչ լոկ Աստված, այլ՝ մարդացած Աստված, մարդացած, բայց մարմնի մեջ չլուծված: Այս պատճառով էլ մարգարեն երբեմն աստվածային բաների մասին է խոսում, ինչպես Կույսից ծնվելն ու «Էմանուել» կոչվելը, և երբեմն՝ մարդկային, ինչպես կերակուրը, ինչը բնորոշ է մեզ, որպեսզի նրա մարդեղությունը թվացյալ չկարծվի, ինչպես ասում էին Մարկիանոս և Վալենտիանոս հերձվածողները:
   

Ա. Լոպուխին

15-16. Կաթ ու մեղր պետք է ուտի Նա, մինչև որ գիտենա չարը մերժել և ընտրել բարին: [15] Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պետք է անարգի չարը և ընտրի բարին, այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքվեն իր երկու թագավորների կողմից: (Սինոդական թարգ․)
   
   Էմմանուելը սնվելու է կաթով ու մեղրով, որը բավականին շատ էր Պաղեստինի տարածքում: Հնագույն շրջանի մեկնիչների տեսակետների համաձայն՝ այստեղ խոսքն այն մասին է, որ Կույսի Որդին լինելու է իրական մարդ, այդ իսկ պատճառով էլ ուտելու է հասարակ մանկական ուտելիք (սուրբ Իրինեոս, սուրբ Հովհան Ոսկեբերան, սուրբ Բարսեղ Մեծ և այլն): Սակայն մարդկային բնության մասին գաղափարը չէ, իհարկե, որ գլխավորն էր մարգարեի խոսքում, երբ վերջինս խոսում էր Էմմանուելի՝ Աստծուց տրված նշանի մասին: Որպեսզի հասկանանք այդ 15-րդ համարի իրական նշանակությունը, պետք է ուշադրություն դարձնենք 22-րդ համարին, որն անկասկած անմիջական կապի մեջ է 15-րդ համարի հետ: Քանի որ 22-րդ համարում կաթ ու մեղր ուտելը բացատրվում է թշնամու կողմից հացահատիկի այգիների թալանով և մաքրազարդմամբ, որովհետև թշնամական հարձակման պատճառով դժվարանում էր այդ հողերի մշակումը, ուստի և հետևաբար 15-րդ համարում մարգարեն ցանկանում էր մատնանշել Հուդայի երկրի թալանը, որի հետևանքով հրեաները պետք է սնվեին միայն կաթով ու մեղրով:

   Այդ թալանը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ այն Մանուկը, որը պետք է ծնվեր Կույսից և որն այժմ արդեն իսկ գոյություն ունեցող Էմմանուելն է, բոլոր հասարակ երեխաների նման կարողություն չցուցաբերեր՝ ճանաչելու համար չարն ու բարին, այսինքն՝ մինչև որ Նրա մեջ չսկսեր ի հայտ գալ բարոյական ինքնագիտակցությունը: Այն ժամանակահատվածը, որի ընթացքում մանուկները սովորաբար չեն դրսևորում այդ ինքնագիտակցությունը, շարունակվում է երկուսից մինչև երեք տարեկանը: Հետևաբար Հուդայի երկրի թալանը ոչ մի պարագայում երեք տարուց ավելի չի շարունակվի՝ սկսած այն ժամանակից, երբ Եսային մարգարեանում է Էմմանուելի ծննդյան մասին:

   16-րդ համարում ավելի է հստակեցվում դաշնակից թագավորների արշավանքներից Հուդայի թագավորության ազատագրման ժամանակը: Մարգարեն նշում է, որ այդ ազատագրությունը տեղի կունենա իր իսկ կողմից 15-րդ համարում մատնանշված ժամանակից էլ շուտ, այսինքն՝ 2-3 տարի լրանալուց էլ ավելի առաջ:

   Սիրիայի և Իսրայելի թագավորությունների տարածքներն ու երկրները պետք է լքվեն իրենց թագավորների կողմից: Այդ մարգարեությունը կարող էր իրականանալ այնպիսի հանգամանքներում, որոնք նկարագրված են Դ Թագավորաց գրքում (15:29-րդ, 16:9-րդ համարներում): Թիգլաթպալասարը՝ Ասորեստանի թագավորը, 733-732 թթ. սպանում է Ռասինին՝ Սիրիայի թագավորին, և այդ նույն ժամանակահատվածում էլ տիրում է Իսրայելի թագավորության հյուսիսային հատվածին
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) իւղ ու մեղր պիտի ուտի նա. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին:
(Արարատ թարգ․) Նա կաթնաշոռ ու մեղր պիտի ուտի, մինչև որ գիտենա չարը մերժել և լավն ընտրել։
(Գրաբար) եւղ եւ մեղր կերիցէ. մինչչեւ ինչ իցէ ծանուցեալ նորա. կամ ախորժեալ յառաջագոյն զչարութիւն, ընտրեսցէ զբարին: