Եսայու մարգարեության մեկնություն 8։18

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ահաւասիկ ես եւ իմ զաւակները, որ Աստուած ինձ պարգեւեց. եւ Իսրայէլի տան վրայ թող նշաններ ու հրաշքներ լինեն Զօրութիւնների Տիրոջից, որ բնակւում է Սիոն լերան վրայ:
   
   Ահավասիկ ես և իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց.
   Այսինքն՝ Կույսի հրաշալի ծննդյամբ է փրկվելու Երուսաղեմը, և մարգարե կնոջ ծննդյամբ իսկույն պետք է ավարի ենթարկվեն եփրեմյանները, [քանզի] բոլորս Տիրոջ ձեռքերում ենք: Դարձյալ, երբ ասում է, որ «զավակներ» պարգևեում է Աստված, և ոչ թե բնությունը, այդպիսով ակնարկում է ժողովրդին՝ որպես Աստծո զավակներ: Իսկ «ահավասիկ»-ը անդադար և նվիրական լինելու նշան է, որով մարգարեն Աստծո կամքին է հանձնում իրեն և ժողովրդին թե՛ պահպանության համար և թե՛ գերության մեջ լինելիս, ինչպես և Դավիթ մարգարեն է ասում. «Ահավասիկ կամ, թող լինի ինչպես Տիրոջն է հաճելի», իսկ Հոբն ասում էր. «Տերը տվեց, Տերն առավ, թող օրհնյալ լինի Տիրոջ կամքը» (Հոբ 1։22): Այս խոսքը դարձյալ հանձին Քրիստոսի է ասված, Նրա՛, Ով մեզ համար եղբայր եղավ՝ ծնվելով կուսական արգանդից և Սուրբ Հոգուց, ու մեզ տվեց Իր Հոգին՝ Սուրբ Հոգով ծնվելով կույս ավազանից: «Որով աղաղակում ենք Աբբա Հայր, որովհետև եղանք Քրիստոսի եղբայր և ժառանգակից (Հովհ. 1։21): Եվ թեպետ Նա մեր եղբայրն է ըստ մարմնի, սակայն մենք չենք ուրանում Նրա փառքը, քանզի Աստված է և Հայրն է հանդերձյալ աշխարհի, որի պատճառով ուրախանում է մեզ՝ Իր զավակների համար, և կարծես «Հորն ու մեր Աստծուն» մատնանիշ անելով՝ ասում է. «Ահավասիկ ես և իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց, որպես ժառանգություն» (8։18): Այդպես նաև Ավետարանում է ասում «Քոնն էին և ինձ տվեցիր նրանց» (Հովհ. 17։9), «Ժողովուրդը, որ նստած էր խավարում, մեծ լույս տեսավ» (Մտթ.4։16): Միով բանիվ՝ հրեաներն ունեին օրենքի փոքր լույսը, և նրանց ծագեց մեծ լույսը՝ Քրիստոս, որ «արդարության արեգակն է» (Մաղ. 4։2):
   

Ա. Լոպուխին

Ահավասիկ, ես և այն զավակները, որ Տերը պարգևեց ինձ՝ Իսրայելում նշաններ և սքանչելիքներ լինելու Զորությունների Տիրոջ կողմից, որը բնակվում է Սիոն լեռան վրա: (Սինոդական թարգ․) [18]
   
   Եսային և նրա երկու որդիները, այսինքն՝ նրանք երեքն էլ իրենց անուններով («Աստված փրկում է», «մնացորդացը կփրկվի», «արագ-արագ կողոպտիր, շտապիր ավարառել») ծառայում են որպես հստակ կանխագուշակումներ այն մասին, թե Իր ազգի համար ինչ է նախատեսում անել Ամենակալը. Աստված փրկում է Իր ազգին:

   Պողոս առաքյալը, ինչպես որ նախորդող համարում էր, այնպես էլ այս 18-րդ համարում առկա խոսքերը («Ահավասիկ, ես և իմ զավակները») դնում է Մեսիայի շուրթերին, որպեսզի ապացուցի, որ անգամ Հին Կտակարանում կար Մեսիայի՝ իսկապես մարդկային մարմնով Աստծո Որդի լինելու գաղափարի ընկալումը (Եբր. 2:13):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Ահաւասիկ ես եւ իմ զաւակները, որ Աստուած ինձ պարգեւեց. եւ Իսրայէլի տան վրայ թող նշաններ ու հրաշքներ լինեն Զօրութիւնների Տիրոջից, որ բնակւում է Սիոն լերան վրայ:
(Արարատ թարգ․) Ահա ես և այն զավակները, որ Տերը պարգևեց ինձ՝ Իսրայելում նշաններ և սքանչելիքներ լինելու Զորությունների Տիրոջ կողմից, որը բնակվում է Սիոն լեռան վրա։
(Գրաբար) Ահաւասիկ ես եւ մանկունք իմ զոր ետ ինձ Աստուած. եւ եղիցին նշանք եւ արուեստք ի վերայ տանն Իսրայէլի, ի Սաբաւովթ Տեառնէ` որ բնակեալ է ի լերին Սիովնի: