Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Քանզի մեզ համար մանուկ ծնուեց, մի որդի տրուեց մեզ, որի իշխանութիւնն իր ուսերի վրայ պիտի լինի. նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր, Իշխան, Հայր հանդերձեալ աշխարհի:
Նրա անունը կոչվում է «Մեծ խորհրդի հրեշտակ»․
«Մեծ խորհուրդ»-ն այն է, որ մեզ ծանուցեց Աստծո հայրական անունը, այսինքն՝ որ Աստված Հայր է.«Քո անունը հայտնեցի մարդկանց» (Հովհ. 17։26): Դարձյալ, «մեծ խորհուրդ»-ն այն է, որ Հայրը կամեցավ հեթանոսներին մարմնակից ու ժառանգակից դարձնել Իր Որդուն, և սա հայտնի դարձավ Քրիստոսի մարդեղությամբ, ինչպես ասում է Պողոսը. «Մեզ հայտնեց Իր կամքի խորհուրդները» (Եփես. 1։9): Դարձյալ, «մեծ խորհուր»-ն այն է, որ Հայրը խորհեց հողից ստեղծված մեր մարմինները գերագույն հրեշտակների հետ միասին նստեցնել Որդու և Հոգու կողքին ի փառս Աստվածության: Այդ առաքելությունը հանձն առավ ու կատարեց Որդին, և ոչ թե հրեշտակներին հանձնարարեց, այլ Նա Ինքը հրեշտակի գործը կատարեց, քանզի սպասավորեց և Աստծո ծածուկ ու մեծ խորհուրդը Խոսքով պատմեց մեզ, որի պատճառով էլ «հրեշտակ» անվանվեց: Այդպիսով՝ Նա գործեց ըստ այս խոսքի. «Ինչ որ լսեցի իմ Հորից, այն ծանուցեցի ձեզ» (Հովհ. 15։15): «Սքանչելի խորհրդակից». սրանով մարգարեն հայտնում է Որդու՝ Հորը և Սուրբ Հոգուն հավասար լինելը: Որովհետև եղականներից ոչ մեկը խորհրդակից չէ Նրան: Ըստ Եսայի մարգարեի. «Ո՞վ եղավ նրան խորհրդակից» (Ես. 40։13): Իսկ Որդին Հոր և Հոգու խորհրդակիցն է, ուստի հավասար է Նրանց: Դարձյալ, Նրա անունը «սքանչելի» է կոչվում համաձայն այն խոսքի, որ ասվեց Հակոբին. «Իմ անունը սքանչելի է» (Բ Օր. 28։58): Դավիթն էլ երգում է. «Տեր, Տեր մեր, սքանչելի է Քո անունը» (Սաղմ. 8։2): Այն, որ Քրիստոսի անունը սքանչելի է, հայտնի է երկու ձևով. նախ՝ որովհետև միայն Նրա անունը տիեզերքում փարատեց կռապաշտության խավարը և մարդկանց առաջնորդեց դեպի աստվածգիտության լույսը: Երկրորդ՝ որովհետև Քրիստոսի անունով կաղը վազեց, Տաբիթան հարություն առավ, և ամեն տեսակ մեծամեծ հրաշքներ կատարվեցին:
«Հզոր Աստված». «Հզոր» բառը Որդուն տարբերակում է կուռքերից, որովհետև կուռքերին աստվածներ էին անվանում, սակայն նրանք տկար էին, քանզի ոտքեր ունեին, բայց չէին քայլում, և այլն: Մինչդեռ մեր ճշմարիտ Աստված Հիսուս Քրիստոս «կարող Տեր և հզոր Տեր է» (Սաղմ 23։7), Որը հզորացավ թվացյալ հզորի նկատմամբ, կապեց նրան և գերեց գերությունը:
«Իշխան». Իշխանն իշխանության տակ չէ, և ինչպե՞ս են ոմանք համարձակվում ասել, թե իշխանության տակ է, քանզի այս մարգարեն նրան «իշխան» է անվանում, նաև Դանիելն էլ ասում է. «Նրա իշխանությունը հավիտենական է, և բոլոր ազգերն ու լեզուները Նրան պետք է ծառայեն» (Դան. 4։31, 7։27):
«Հանդերձյալ աշխարհի հայրը». «Հայր», այսինքն՝ հանդերձյալ կյանքի Ստեղծիչն ու Արարիչը: Եվ նույն արիոսականներն ինչպե՞ս են ասում, թե Որդին չգիտե այն օրվա մասին, չէ՞ որ, ահավասիկ, [մարգարեն] ասում է, որ Նա Արարիչ է և [գիտե] այն օրն ու նրանում լինելիք բաները: Չէ՞ որ Տիրոջ զորության նախանձախնդրությունը ստեղծեց այս: Եվ քանի որ մարգարեն բավականաչափ խոսեց Քրիստոսի մարդեղության մասին, այժմ էլ խոսում է մարդանալու պատճառների մասին:
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 9:5
Ա. Լոպուխին
Քանի որ մեզ համար մի մանուկ ծնվեց, որդի տրվեց մեզ համար, որի իշխանությունը իր ուսերի վրա է, և նա պետք է կոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան։ (Սինոդական թարգ․) [6]
«Մանուկ». Իսրայելի ճակատագրի մեջ այդ դրական տեղաշարժի պատճառը կդառնա այդ մանուկը, այսինքն՝ ակնհայտորեն այն Էմմանուել Մանուկը, Որի ծննդյան մասին խոսվում էր 7:14-րդ համարում և Որի մասին՝ որպես Սուրբ երկրի Տիրակալի և Պահապանի, խոսվում էր 8-րդ գլխում:
«Ծնվեց». մարգարեն Մեսիա-Մանուկի ծնունդը համարում է որպես արդեն իսկ տեղի ունեցած իրողություն:
«Որդի». ենթադրվում է կա՛մ Աստծո Որդին, կա՛մ թագավորի: Վերջին դեպքում «որդի» բառը պետք է ստանա իրավահաջորդի իմաստ (իհարկե՝ Դավթական տան իրավահաջորդի):
«Իշխանությունը...», այսինքն՝ Նրա ուսերի վրա կերևան արքայական մեծապատվություն նշաններ, օրինակ՝ Նա ոսկե շղթա կկրի:
«Նա պետք է կոչվի», այսինքն՝ կճանաչեն Նրան, Ով լիովին արժանի է Իր իրական մեծապատվությանը՝ Աստվածային էության կրողը լինելուն: Այդ իմաստն են արտահայտում մանկանը հետագայում տրվող անունները:
«Սքանչելի Խորհրդական» 3 (հաջորդ արտահայտության անագոգիայի և ռիթմի հետ զուգադրումը մեզ դրդում է այս երկու բառերը միավորել մեկ արտահայտության մեջ):
«Հզոր Աստված» 4 (հմմտ. 10:21), «Հավիտենականության Հայր» կամ ժամանակի պատճառ, Ումից բխում է աշխարհի կյանքը, որը բոլոր ժամանակներում լիովին կախված է Նրանից (47:6):
«Խաղաղության Իշխան» (հմմտ. Զաք. 9:9, Միք. 5:2), Որը կարող է երկրի վրա կատարյալ խաղաղություն հաստատել:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) քանզի մեզ համար մանուկ ծնուեց, մի որդի տրուեց մեզ, որի իշխանութիւնն իր ուսերի վրայ պիտի լինի. նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր, Իշխան, Հայր հանդերձեալ աշխարհի:
(Արարատ թարգ․) Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունն իր ուսերի վրա կլինի, և կկոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան։
(Գրաբար) զի մանուկ ծնաւ մեր, որդի տուաւ մեզ: որոյ իշխանութիւն իւր եղեւ ի վերայ ուսոց իւրոց. եւ անուն կոչեցաւ նմա հրեշտակ մեծի խորհրդոյ. սքանչելի խորհրդակից. Աստուած. հզաւր. իշխան. հայր հանդերձելոյ աշխարհին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: