Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Ես խաղաղութիւն կը բերեմ նրա իշխաններին, իսկ իրեն՝ առողջութիւն: Մեծ է նրա իշխանութիւնը, եւ նրա խաղաղութիւնը սահման չունի: Նա պիտի նստի Դաւթի աթոռին, առաջ պիտի տանի նրա թագաւորութիւնը, իրաւունքով ու արդարութեամբ պիտի զօրացնի այն այսուհետեւ եւ յաւիտեանս յաւիտենից: Զօրութիւնների Տիրոջ նախանձախնդրութեամբ պիտի կատարուի դա:
Ասում է, թե «Տիրոջ նախանձախնդրությունը ստեղծեց»․
Որովհետև տեսավ, որ ապստամբ վիշապը 1 ապականեց Նրա պատկերը, այսինքն՝ մարդկային ցեղը, և մարդկությանը դրեց իրեն ծառայելու պարտադրանքի տակ: Այս պատճառով հիրավի որ դա Տիրոջ նախանձախնդրությունն է, որ Միածին Որդու միջոցով ազատեց աստվածային պատկերը: Դարձյալ, «Տիրոջ նախանձախնդրությունը» նշանակում է, թե Նրա գութն ու խնամքը իրագործեցին Իր Միածնի մարդացումը, և ոչ թե դա եղավ մեր արդարության ու արժանիքների շնորհիվ: Այլ, ըստ այս խոսքի. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց» (Հովհ. 3։16): Դարձյալ, հրեաները նախանձախնդիր դարձրին Աստծուն չաստվածների պաշտամունքով, քանզի Աստծուն տրվելիք պաշտամունքը դևերին էին մատուցում, իսկ հետո էլ Նրա Որդուն խաչեցին: Այս պատճառով Աստված նախանձախնդրություն ցուցաբերեց և հեթանոսներին կռապաշտությունից դարձրեց աստվածպաշտության, որպեսզի նախանձ գցի հրեաների մեջ, որ մասին նաև Պողոսն է Մովսեսի «միջոցով» ասում հռոմեացիներին. «Ես ձեզ նախանձոտ եմ դարձնելու չաստվածներով և նախանձեցնելու եմ անպիտան ազգով» (Հռոմ. 10։19):
Ա. Լոպուխին
Նրա իշխանության տարածմանն ու խաղաղությանը վերջ չի լինելու Դավթի գահի վրա և նրա թագավորության վրա, որպեսզի այն հաստատի և ամրացնի իրավունքով ու արդարությամբ՝ այժմվանից մինչև հավիտյան: Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պետք է կատարի այդ: (Սինոդական թարգ․) [7]
Այդ մանուկը պետք է բազմի Դավթի գահին և պետք է թագավորի՝ իր ամբողջ զորությամբ և կատարյալ արդարադատությամբ վերաբերվելով իր ենթականերին: Նրա թագավորությունը կլինի հավիտենական, քանի որ Զորությունների Տերը, Որը նախանձախնդիր է Իր ժողովրդի փրկության գործում, այդ մանկանը զորություն է տալու՝ իրականացնելու Իսրայելի ժողովրդի (որի հետևում կանգնած է նաև ամբողջ մարդկությունը) փրկության ողջ առաքելությունը:
Գաբրիել հրեշտակապետն Ամենասրբուհի Կույս Մարիամին ուղղած Իր ավետման մեջ այս մարգարեությունը վերագրում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի գործունեությանը (Ղուկ. 1:32-33): Այս և 9-րդ համարի մյուս բոլոր նախորդող համարներն անմիջական մարգարեական առնչություն ունեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Նրան է վերագրվում մարգարեությունն ա՛յն լույսի մասին, որը փայլատակում է Գալիլեայի շրջակայքում: Քրիստոս ո՛չ միայն Իր ժողովրդի, այլև ամբողջ մարդկության համար ճշմարիտ Լույս է, որը լուսավորում է ամբողջ մարդկությանը (Հովհ. 1:4-5, 3:19, 8:12): Մանկան մասին հաջորդ մարգարեությունը, որ դարձյալ վերագրվում է Փրկչին, ծառայում է որպես կանխասացություն Մեսիայի՝ մեր մարդկային բնությունը վերցնելու, ինչպես նաև Նրա՝ աստիճանաբար հասունանալու վերաբերյալ: Այդպես իրականանում էին Քրիստոսի վերաբերյալ այն մարգարեությունները, որոնք ամփոփված են 6-րդ համարում՝ մանկանը տրվող անունների մեջ: Քրիստոս իրապես որպես հզոր Աստված տապալեց սատանայի իշխանությունը (Հովհ. 12:31) և դարձավ ամբողջ աշխարի իշխանը, ու դա այն բանի շնորհիվ, որ Նրա միջնորդությամբ մարդկությունը նորից հաշտվեց Աստծո և մեկմեկու հետ (Եփես. 2:14, Ա Տիմ. 2:5, Կող. 1:20):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ես խաղաղութիւն կը բերեմ նրա իշխաններին, իսկ իրեն՝ առողջութիւն: Մեծ է նրա իշխանութիւնը, եւ նրա խաղաղութիւնը սահման չունի: Նա պիտի նստի Դաւթի աթոռին, առաջ պիտի տանի նրա թագաւորութիւնը, իրաւունքով ու արդարութեամբ պիտի զօրացնի այն այսուհետեւ եւ յաւիտեանս յաւիտենից: Զօրութիւնների Տիրոջ նախանձախնդրութեամբ պիտի կատարուի դա:
(Արարատ թարգ․) Նրա իշխանության տարածմանն ու խաղաղությանը վերջ չի լինելու Դավթի գահի վրա և նրա թագավորության վրա, որպեսզի այն հաստատի և ամրացնի իրավունքով ու արդարությամբ՝ այժմվանից մինչև հավիտյան։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է կատարելու սա։
(Գրաբար) Եւ ես ածից զխաղաղութիւն ի վերայ իշխանաց նորա, եւ առողջութիւն նմա. մեծ է իշխանութիւն նորա, եւ խաղաղութեան նորա չիք սահման: Յաթոռն Դաւթի նստցի, եւ զարքայութիւն նորա յաջողեսցէ. եւ զաւրացուսցէ զնա իրաւամբք եւ արդարութեամբ, յայսմ հետէ եւ յաւիտեանս ժամանակաց. նախանձ Տեառն զաւրութեանց արասցէ զայս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: