Թող Քո արքայությունը գա

Եկեսցէ արքայութիւն քո. (գրաբար)

 

Տե՛ս  այս  բարի  կարգավորությունը.  ա-ռանց նահանջելու՝ [Հորն իր հանդեպ] խնամքի  ներքո  պահելուց  հետո,  առավել բարձր  խնդրանք  է  մատուցում,  այսինքն՝ ում համար, սովորեցնելու միջոցով, անունդ մաքրեցիր, նրա վրա նաև տիրի՛ր մշտապես: Նախքան մեր խնդրելն էլ է Նա տիրում ամեն ինչի վրա՝ ըստ այնմ. «Տերը մեծ թագավոր է ամբողջ երկրի վրա» (Սաղմ. 94:3):

Բայց աղերսանքով մեր նույնը խնդրելն իզուր չէ՛. հապա ի՞նչ: Աստված գիտի, որ Ինքն ամեն ինչի տերն է, բայց շատ մարդիկ չգիտեն, որ Աստված տիրում է կամ իրենց տեսնում,  ուստի  կամ  բնավ  Նրա  անվանը չեն դիմում, կամ էլ, եթե գիտեն, գործով ուրանում են դա: Սա՛ է ասում. «Թող քո իմաստության ու հանճարի Հոգին գա Իմ մեջ և սովորեցնի ինձ՝ իմանալու Քո թագավորության ահարկու լինելը և իմ հանդեպ Քո սիրո առատությունը»: Որովհետև ասում է՝ թող գա, իմ մտքի մեջ, Քո արքայությունը, որպեսզի Սուրբ Հոգովդ գիտակցաբար ճանաչեմ Քո Տեր լինելը, ինչպես պետքն է, այսինքն՝ ինչպես մարմնավոր աչքերի հայացքի  առաջ՝  իմանալի  մտքի  հայեցողության մեջ միշտ իբրև նպատակ ունենամ իմանալի Թագավորիդ: Եթե սա այսպես ունենանք, ինչպես և հայցում ենք, անհնար է, որ կամովին ու գիտակցաբար մեղքով սայթաքենք, ինչպես որ հնարավոր չէ նաև թագավորի առաջ՝ հանդիսականներով լի նրա հրապարակում, խայտառակաբար մերկանալ:

Բայց այս նույն կարգի մեջ այն էլ իմանանք,  որ  նախ  Նրա  անվան  սուրբ  լինելը վայելչապես  խնդրվեց,  որովհետև  որոգայթադիր Բանսարկուն շատ անգամ մեզ նաև դեպի  աջակողմն  է  սայթաքել  տալիս,  այսինքն՝ մեղքերն իբրև Աստծո կամք է ներկայացնում և այդպես իբրև թե ճշմարտությունը [ցույց տալով]՝ խաբելով մարդկանց մեղքի մեջ գցում: Իսկ եթե մենք Աստծուն մեր աչքերի առաջ ունենանք՝ բնակված մեր ներքին մարդու մեջ, Նրա զորությամբ կարող ենք ընտրողության միջոցով Բանսարկուի մեքենայությունները ճանաչել, ուստի ասում է. «Թող անունդ սո՛ւրբ լինի»: «Իսկ ինչպե՞ս պիտի սուրբ լինի անունս»,- հարցնում է ինձ Աստված: Պատասխանում եմ. «Երբ Քո թագավորության գիտությունը գա ու բնակվի իմ մեջ, և ահարկու արքայությունդ միշտ մտքիս աչքերի առաջ պատկերված լինի՝ ըստ այնմ. «Նախապես Տիրոջն ամեն ժամ իմ առջև էի տեսնում.   Որպեսզի չսասանվեմ» (հմմտ. Սաղմ. 15:8)»: Ուրեմն առաջին խնդրանքի՝ Աստծո անվան սուրբ լինելու կերպը [Տերն] Ինքն է սովորեցնում ըստ կարգի եկող այս խոսքերով, որոնցից առաջինն է՝ «Թող Քո արքայությունը գա»՝ Քո տերության գիտությունը՝ իմ հոգու մեջ, իսկ երկրորդն է՝

 

Հաջորդը՝

Թող կամքդ լինի, Տե՛ր, երկրում, ինչպես երկնքում

Նախորդը՝

Թող անունդ սուրբ լինի