Թվոց գրքի մեկնություն 12։1

Ա․ Լոպուխին

Եվ Մարիամն ու Ահարոնը վատաբանեցին Մովսեսին իր Եթովպացի կնոջ պատճառով, որին նա կնություն էր առել: Վատաբանում էին քանի որ նա Եթովպացի կնոջ էր առել: (Սինոդական թարգ․)[1]
   
   «Եթովպուհու»՝ Մովսեսի կնոջ ներքո ոմանք հասկանում են Մադիամացի Հոթորի դստերը՝ Սեփորային։ Մադիամացիների երկիրը սահմանակից էր եթովպական Հիմառիտների (հունարենում՝ «Օմիրիտներ») կամ էլ Սաբացիների ցեղի զբաղեցրած տարածքին (Գ Թագ. 10:1, Ղուկ. 11:31) և կարող էր կոչվել նաև եթովպական (երանելի Թեոդորոս, Թվոց գրքի մեկնությունը, Հարց 22)։ Ոմանք էլ, հիմնվելով Հովսեփիոս Փլավիոսի տեղեկությունների վրա (Հրեական հնեախոսություններ, Գիրք 2, Գլուխ 10, § 2), հասկանում են Եթովպիայի թագավորի դստերը, ում հետ Մովսեսն իբր ամուսնացել է դեռ Փարավոնի արքունիքում լինելու ժամանակ՝ Եթովպիայի վրա իրականացված մի փայլուն արշավանքից հետո: Որոշներն էլ հասկանում են Հարավային Արաբիայում բնակվող քուշիթուհու, ում Մովսեսը կնության էր առել Սեփորայի ենթադրյալ մահվանից հետո՝ Իսրայելում ազգակցական կապեր հաստատելուց խուսափելու նպատակով:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Մարիամն ու Ահարոնը վատաբանեցին Մովսէսին, քանի որ նա կնութեան էր առել մի եթովպուհու: Մովսէսն, իրօք, եթովպացի կնոջ հետ էր ամուսնացել:
(Արարատ թարգ․) Մարիամն ու Ահարոնը խոսեցին Մովսեսի դեմ նրա առած եթովպացի կնոջ պատճառով, որովհետև նա եթովպացի կին էր առել։
(Գրաբար) Եւ բամբասեցին Մարիամ եւ Ահարովն զՄովսէս վասն կնոջն Եթովպացւոյ` զոր առ Մովսէս. զի կին Եթովպացի առ: