Թվոց գրքի մեկնություն 2։1

Ա. Լոպուխին

1-34․ Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ ու ասաց. [2] «Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը պետք է իր բանակատեղին հիմնի իր դրոշի տակ, իր ցեղի նշանի տակ. վկայության խորանի դիմաց՝ շուրջանակի պիտի հիմնեն դրանք: Արևելյան կողմում առաջինը թող Հուդայի ցեղը բանակատեղի հաստատի իր զորքով։ Հուդայի ցեղի գնդի հրամանատարը Ամինադաբի որդի Նաասոնն է։ Հաշվառման ենթարկված նրա զորքը բաղկացած է յոթանասունչորս հազար վեց հարյուր հոգուց։ Նրանցից հետո թող բանակատեղի հաստատի Իսաքարի ցեղը։ Իսաքարի ցեղի գնդի հրամանատարը Սոգարի որդի Նաթանայելն է։ Հաշվառման ենթարկված նրա զորքը բաղկացած է հիսունչորս հազար չորս հարյուր հոգուց։ Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Զաբուղոնի ցեղը։ Զաբուղոնի ցեղի գնդի հրամանատարը Քելոնի որդի Եղիաբն է։ Հաշվառման ենթարկված նրա զորքը բաղկացած է հիսունյոթը հազար չորս հարյուր հոգուց։ Հուդայի ցեղի հաշվառման ենթարկված ամբողջ զորքը բաղկացած է հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր հոգուց։ Ճանապարհ ընկնելիս նրանք իրենց զորքով թող առաջինը գնան։ Ռուբենի ցեղի գունդն ու զորքը հարավային կողմում թող լինեն։ Ռուբենի ցեղի գնդի հրամանատարը Սադիուրի որդի Եղիսուրն է։ Հաշվառման ենթարկված նրա զորքը բաղկացած է քառասունվեց հազար հինգ հարյուր հոգուց։ Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Շմավոնի ցեղը։ Շմավոնի ցեղի գնդի հրամանատարը Սուրիսադայի որդի Սաղամիելն է։ Հաշվառման ենթարկված նրա զորքը բաղկացած է հիսունինը հազար երեք հարյուր հոգուց։
Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Գադի ցեղը։ Գադի ցեղի հրամանատարը Ռագուելի որդի Եղիսափանն է։ Հաշվառման ենթարկված նրա զորքը բաղկացած է քառասունհինգ հազար վեց հարյուր հիսուն հոգուց։ Ռուբենի ցեղի հաշվառման ենթարկված ամբողջ զորքը բաղկացած է հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր հիսուն հոգուց։ Ճանապարհ ընկնելիս նրանք իրենց զորքով թող երկրորդը գնան։ Վկայության խորանը տեղափոխելիս ղևտացիների բանակատեղին թող գտնվի բանակատեղիների մեջտեղում։ Ինչ կարգով որ բանակատեղի են հաստատել, նույն կարգով էլ յուրաքանչյուրն ըստ իր իշխանության թող ճանապարհ ընկնի։ Եփրեմի ցեղի գունդն իր սպառազինությամբ հանդերձ թող բանակատեղի հաստատի արևմտյան կողմում։ Եփրեմի ցեղի գնդի հրամանատարը Էմիուդի որդի Եղիսաման է։ Հաշվառման ենթարկված նրա զորքը բաղկացած է քառասուն հազար հինգ հարյուր հոգուց։ Նրանցից հետո թող բանակատեղի հաստատի Մանասեի ցեղը։ Մանասեի ցեղի հրամանատարը Փադասուրի որդի Գամաղիելն է։ Հաշվառման ենթարկված նրա զորքը բաղկացած է երեսուներկու հազար երեք հարյուր հոգուց։ Նրանցից հետո բանակատեղի հաստատողը Բենիամինի գունդը թող լինի։ Բենիամինի գնդի հրամանատարը Գեդեոնի որդի Աբիդանն է։ Հաշվառման ենթարկված նրա զորքը բաղկացած է երեսունհինգ հազար չորս հարյուր հոգուց։ Եփրեմի ցեղի հաշվառման ենթարկված ամբողջ զորքը բաղկացած է հարյուր ութ հազար երկու հարյուր հոգուց։ Ճանապարհ ընկնելիս նրանք իրենց զորքով թող երրորդը գնան։ Դանի ցեղի գունդն իր սպառազինությամբ թող բանակատեղի հաստատի հյուսիսային կողմում։ Դանի ցեղի գնդի հրամանատարը Ամիսադայի որդի Աքիեզերն է։ Հաշվառման ենթարկված նրա զորքը բաղկացած է վաթսուներկու հազար յոթը հարյուր հոգուց։ Նրանցից հետո բանակատեղի հաստատողը Ասերի ցեղը թող լինի։ Ասերի ցեղի գնդի հրամանատարը Եքրանի որդի Փագիելն է։ Հաշվառման ենթարկված նրա զորքը բաղկացած է քառասունմեկ հազար հինգ հարյուր հոգուց։ Նրանցից հետո բանակատեղի հաստատողը Նեփթաղիմի ցեղը թող լինի։ Նեփթաղիմի ցեղի գնդի հրամանատարը Ենանի որդի Աքիրեն է։ Հաշվառման ենթարկված նրա զորքը բաղկացած է հիսուներեք հազար չորս հարյուր հոգուց։ Դանի ցեղի հաշվառման ենթարկված զորքը բաղկացած է հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր հոգուց։ Ճանապարհ ընկնելիս նրանք, ըստ իրենց գնդի կարգի, իրենց զորքով վերջինը թող գնան»։ Այս է իսրայելացիների զորքի թիվն ըստ իրենց նահապետների ընտանիքների։ Հաշվառման ենթարկված զորքերի ընդհանուր թիվը բաղկացած է վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն հոգուց։ Ղևտացիները, սակայն, վերոհիշյալ հաշվառման ենթարկվածների մեջ չեն մտնում, ինչպես որ Տերն էր պատվիրել Մովսեսին։ Իսրայելացիներն արեցին այն ամենը, ինչ Տերը հրամայել էր Մովսեսին։ Նրանք բանակատեղիներ հաստատեցին ըստ իրենց գնդերի, և ամեն մեկը ճանապարհ էր ընկնում իր ցեղի հետ, ըստ իր նահապետների ընտանիքների։
(Սինոդական թարգ․)
   
   Արաբական անապատում իր երթի ժամանակ Իսրայելի ժողովուրդն իրենից ճիշտ կերպով կազմակերպված բանակ էր ներկայացնում: Այն բաժանված էր չորս մասերի, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված էր երեք ցեղի ջոկատ: Առաջապահ ջոկատը Հուդայի ցեղն էր, որի աջ կողմում Զաբուղոնն էր, իսկ ձախում՝ Իսսաքարը: Բանակատեղին ձախ կողմից եզերվում էր Դանով, Ասերով, Նեփթաղիմով. Աջ կողմում Ռուբենն էր, Գադը և Սիմեոնը: Հետնապահները Եփրեմի, Մանասսեի և Բենիամինի ցեղերն էին: Բանակի կազմած Երկարաձիգ քառանկյան կենտրոնում  տեղակայված էին վկայության խորանը, ինչպես նաև Մովսեսի, Ահարոնի, քահանաների և ղևտացիների վրանները:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի եւ Ահարովնի եւ ասէ.