ԽՂՃՄՏԱՆՔ ԵՎ ԶՂՋՈՒՄ

   Աստված մարդուն ստեղծելիս նրա հոգում կարգել է մի զորություն՝ աներևույթ օրենսդիր, դատավոր կամ նույնիսկ դահիճ և միևնույն  ժամանակ օգնական, որ  կոչվում  է  խիղճ: Ինչպես ասում է Հայ Եկեղեցու՝ վերջին դարերի հայրերից  Պողոս   պատրիարք Ադրիանուպոլսեցին (18-19-րդ դդ.), «մարդու կամքը հանդուգն է և բանականության սահմանից շատ անգամ ելնում է, ուստի խիղճը նրան որպես սանձ տրվեց, որպեսզի առանց բանականության առաջնորդության  չարշավի»1: Ուրեմն՝  խիղճը  մարդուն  տրված  է նրան սխալից կամ մեղքից հետ պահելու և դեպի բարին առաջնորդելու համար: Ամեն անգամ, երբ մարդ սխալ է թույլ տալիս, խիղճն   իր   ձայնը   բարձրացնում է՝ ազդարարելով   այդ մասին: Սա իր «խայթոցներով» մարդու միտքը խռովեցնում, տագնապեցնում, ցավեցնում ու «տանջում» է՝ մարդուն ստիպելով գործել, այսինքն՝ սխալն ուղղել կամ որևէ կերպ դրանից ազատվել՝ «թողություն կամ ներում ստանալ»: Խիղճն իր հարվածներով մարդու մեջ առաջացնում է կատարված սխալի համար զղջում: Զղջումն ապաշխարության սկիզբն է. առանց սրտաբուխ զղջման չի կարող լինել և ճշմարիտ ապաշխարություն:
Կան մարդիկ, ովքեր մտքի փոքր սայթաքման դեպքում իսկ տագնապում են խղճի խայթոցներից, կան և այնպիսիք, ովքեր, թվում է, ընդհանրապես խիղճ չունեն, քանի որ ընդունակ են կատարելու ամենասոսկալի հանցանքներն իսկ՝ բնավ ցավ չզգալով կատարվածի  համար: Իսկ պատճառն այն է, որ, ինչպես արդեն ասվեց, խիղճն առաջնորդվում է մարդու բանականությունից կամ մտքից, իսկ միտքը լուսավորվում է հավատքով ու աստվածային օրենքով: Ուրեմն՝  խղճի  «չափն  ու  կերպը»  և  սրանով  պայմանավորված  մարդկային  վարքը  մեծապես  կախում  ունեն  նրանից,  թե մարդն ինչ աշխարհայացք ունի, ինչին է հավատում և ինչպես: Մեղքի ճշմարիտ գիտակցության, ճշմարիտ զղջման ու ապաշխարության համար  շատ  կարևոր  է  անձի  աներկբա  հավատը մահվանից  հետո  հոգու  կենդանության,  մեր  մարմնի  հարության, Տիրոջ  դատաստանի,  մարդու՝  այս  կյանքում  կատարած  գործերի քննության ու հատուցման, «դժոխք» կոչված հավիտենական մահվան՝ Աստծուց հեռացման, և  «դրախտի»՝ Աստծո հետ միությամբ հավիտենական կյանքի հանդեպ: Նա, ով սրտանց հավատում է  այս  ամենին,  չի  կարող  ուշադիր  չլինել  իր  անձին  և «ահուդողով  չաշխատել  իր  փրկության համար» (տե՛ս  Փիլիպ.  2։12)՝ Մկրտության ժամանակ ստացած լինելով ճշմարիտ քրիստոնյային  այնքան  անհրաժեշտ  աստվածային  երկյուղը՝  Սուրբ  Հոգու յոթ   շնորհներից  կամ   պարգևներից   մեկը:   Միևնույն   ժամանակ շատ  կարևոր  է,  թե  մարդու  սիրտը  որքան  անկեղծությամբ  ու  սիրով է «դարձի եկել» առ Աստված՝ Նրան ընտրելով որպես իր կյանքի նպատակի և ամեն բան ծառայեցնելով Նրա փառքին: Այսպիսին   գիտի, որ  մեղանչելով   ինքը   ցավ է պատճառում   ու դառնացնում Տիրոջը, «տրտմեցնում Սուրբ Հոգին» (տե՛ս Եփես. 4։30),  այլև  իրենից հեռացնում   Նրան, Ով իր մխիթարությունը, երջանկությունն ու կյանքի միակ իմաստն  է:

   Սակայն չափազանց զգայուն խղճմտանքը, եթե բանականության կողմից  ճիշտ  չկառավարվի,  մարդուն  կարող  է  հուսահատության տանել, ինչպես որ անսթափ վիճակում գտնվող, բայց թվացյալ խաղաղություն վայելող խղճմտանքը՝ դեպի ամեն տեսակ մեղքեր ու անօրինություններ:  «Եթե  մեկն  ամեն ինչում  անսում  է խղճին՝ իբրև խղճահար, է՛լ առավել է սխալվում, ուստի խղճի հետ խոհեմությամբ պետք  է  վարվել: Պետք չէ իսպառ  արհամարհել  այն  կամ  լիովին հետևել նրան, այլ բանականության լույսով ու օրենքով բարեկարգել այն և տարակուսական բաներում, ուր խիղճը տկարանում է որոշում կայացնել, դիմել իմաստուններին ու օրինագետներին և նրանցից սովորել, թե ինչ է պետք  անել....  Խղճահարությունը  չար  բան  է,  բայց ավելի  չար  է  անխիղճ  լինելը: Ուստի  պետք  է  խղճմտանավոր լինել, այսինքն՝ իբրև  փոքրոգի՝  ամեն  ինչից  չվախենալ և իբրև  հանդուգն՝ ամեն  ինչին չվստահել, այլ իբրև արի՝ չվախենալ, ուր պետք չէ, և վախենալ, ուր պետք է»:

   Աստված սեր է՝ այնքան մեծ, որ  մեր ամենասոսկալի  մեղքն  իսկ որպես փոշեհատիկ կորչում է այդ սիրո օվկիանոսում, եթե մենք սրտանց  զղջում ու վստահությամբ   դիմում ենք Աստծուն: Ս. Եփրեմ Ասորին (Դ դ.) Հիսուսի անունից ասում է. «Դու քո մեղքերի համար թողություն խնդրիր յոթ անգամ, և Ես յոթանասուն անգամ յոթ անգամ կասեմ քեզ, որ քեզ թողություն եմ շնորհում»: Մեծապես զղջացող մեղավորին օգնության են գալիս Հիսուսին հավատով դիմող բոլոր այն    մաքսավորները, պոռնիկները, դիվահարները  և այլք,  ովքեր  իրենց  մեղքերին  թողություն  ստացան: Օգնում է Պետրոս առաքյալը, ով թեև իր անարիության պատճառով երիցս ուրացավ Տիրոջը, սակայն մեծապես զղջալով ու դառնապես լաց լինելով՝ արժանացավ  թողության և առաքելական մեծագույն  շնորհների: Օգնում է Տիրոջ  խաչակից  ավազակը, ով խոնարհ սրտից բխած ու հավատքով ասված մի խոսքով արժանացավ  փրկության: Օգնում են աստվածաշնչյան բազմաթիվ խոսքեր, որոնք հավաստում են Աստծո մեծ սերն ու գթությունը բոլոր մարդկանց հանդեպ:
   
   «Աստված  այնպես  սիրեց  աշխարհը,  որ  մինչև  իսկ  Իր  միածին Որդուն տվեց, որպեսզի ով հավատում է Նրան, կորստյան չմատնվի,  այլ  ընդունի հավիտենական  կյանքը:  Որովհետև  Աստված  Իր Որդուն  աշխարհ  չուղարկեց, որ  Նա  դատի  աշխարհը,  այլ  որ  աշխարհը Նրանով  փրկվի»  (Հովհ.  3։16-17):

 

   «Սա՛ է Իմ Հոր կամքը, Ով Ինձ ուղարկեց. ում Հայրը տվել է Ինձ, նրանցից ոչ ոքի չկորցնեմ» (Հովհ. 6։39):

 

   «Գթասիրտ,  ողորմած  է  Տերը,  համբերատար  ու  բազումողորմ: Տերն  իսպառ  չի  բարկանում  և  հավիտյան  ոխ  չի  պահում:  Մեր մեղքերի  համեմատ  չվարվեց  մեզ  հետ  և  մեր  անօրենության  համեմատ  չհատուցեց  մեզ:  Այլ  որքան  բարձր  է  երկինքը  երկրից, այնքան  զորեղ  է Տիրոջ ողորմությունն  Իրենից  երկյուղածների հանդեպ»  (Սաղմ. 102։8-11):

 

   «Նա  ուզում  է,  որ  բոլոր  մարդիկ  փրկվեն  և  հասնեն  ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. 2։4), և «համբերատար է ձեր հանդեպ, որովհետև  չի  կամենում, որ  որևէ  մեկը  կորստյան  մատնվի,  այլ կամենում  է, որ ամենքը գան ապաշխարության»  (Բ  Պետ. 3։9):