Մինչև այստեղ կատարված արարողությունները կազմում են Ս. Պատարագի առաջին մասը, որ «Երեխայից Պատարագ» է կոչվում, իսկ այժմ սկսվում է երկրորդ մասը՝ «Հավատացյալների Պատարագ»-ը, որ բուն պատարագն է:
Այս բանը ժողովրդին հայտնողը սարկավագն է, որ հանկարծ դառնալով ժողովրդին՝ բարձր ձայնով, անմեղունակ, սակայն հրամայական շեշտով գոչում է.
«Մի՛ ոք յերեխայից, մի՛ ոք ի թերահաւատից եւ մի՛ ոք յապաշխարողաց եւ յանմաքրից մերձեսցի յաստուածային խորհուրդս»: (Երեխաներից, թերահավատներից, ապաշխարողներից ու անմաքուրներից ոչ մեկը չմոտենա այս աստվածային խորհրդին):
Ուրեմն սարկավագը պատվիրում է. Երեխաները, այսինքն նրանք, որ դեռևս մկրտված չեն, կամ թերահավատները, կամ ապաշխարության մեջ գտնվողներն ու անմաքուրները, այսինքն, հոգեպես իրենք իրենց պիղծ ու մեղավոր զգացողները, չլինի որ մոտենան աստվածային խորհրդին:
Հին ժամանակներում սովորություն էր, որ սարկավագի այս հրամանի վրա, իրոք, ժողովրդի մի մասը՝ նրանք, որ թերահավատ, ապաշխարության մեջ կամ անմաքուր էին, դուրս էին ելնում եկեղեցու ատյանից և մինչև պատարագի վերջը մնում էին գավթի մեջ, աղոթում կամ Ս. Գրքից ընթերցումներ էին կատարում: Գավիթը ատյանից բաժանված էր պատով: Այսօր, այդ պատը այլև չկա, և դուրս ելնելու սովորությունն էլ վերացած լինելով՝ սարկավագի խոսքերը պարզապես մեր ուշադրությունը հրավիրելու են ծառայում. թե ահա մոտենում է աստվածային խորհրդի մեծ պահը:
Իսկ դպիրները խորհրդավոր ձայնով եղանակում են. «Մարմին տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի: Երկնային զօրութիւնք աներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով՝ սուրբ, սուրբ, Տէր զօրութեանց»: (Տերունական մարմինն ու փրկչական արյունը մեր առջև է: Երկնային զորությունները աներևութաբար երգում են և ասում անհանգիստ ձայնով, սուրբ, սուրբ, սուրբ, Տեր զորությունների):
Այս խոսքերով դպիրները արդեն ասում են, թե ինչ խորհուրդ է պատրաստվում, թե ինչ զոհ կմատուցվի: Սարկավագը ուղղվում է դեպի սրբատուն՝ Ս. Ընծաները (սկիհով) բերելու, բայց նախ դպիրներին ուղղելով իր խոսքը ասում է.
«Սաղմոս ասացէք Տեառն Աստուծոյ մերում, դպիրք, ձայնիւ քաղցրութեամբ զերգս հոգեւորս»: (Դպիրնե՛ր, մեր Տեր Աստծուն քաղցր ձայնով հոգևոր երգեր և սաղմոսներ ասեք):
Եվ իսկապես, դպիրները սկսում են քաղցր ձայնով հոգեշունչ տաղեր եղանակել, որ կոչվում է «Սրբասացութիւն»: Այդ միջոցին սարակավագը, բուրվառը ձեռքին, առատորեն խնկարկում է Ս. Սեղանին, սրբատանը և, ապա դանդաղ ու հանդիսավոր շարժուձևով մոտենում է սկիհին, վերցնում է այն, ամենայն զգուշությամբ ու երկյուղածությամբ և բերում քահանայի մոտ:
Սրբասացության միջոցին քահանան բազկատարած, երկար աղոթք է կարդում ծածուկ՝ խնդրելով Աստծուց.
«Աղաչեմ զքեզ, միայն բարերա՛ր և հեշտալուր, նայեա՛ յիս ի մեղուցեալ եւ յանպիտան ծառայս քո եւ սրբեա՛ զհոգի եւ զմիտս իմ յամենայն պղծութենէ չարին», և նաև՝ «Մի՛ դարձուցաներ զերեսս քո յինէն եւ մի՛ մերժեր զիս ի ծառայից քոց, այլ արժանի արա մատուցանել քեզ զընծայս զայս յինէն ի մեղուցեալ եւ յանարժան ծառայէս քումմէ»: (Աղաչում եմ քեզ, միակ բարերար և հեշտալուր, նայիր ինձ՝ քո մեղավոր և անպիտան ծառային, և սրբի՛ր հոգիս և միտքս չարի ամեն պղծությունից… Քո երեսը մի դարձրու ինձնից և մի մերժիր ինձ քո ծառաներից: Այլ արժանի արա քեզ մատուցելու այս ընծաները՝ քո այս մեղավոր ու անարժան ծառայի կողմից):
Քահանան այս աղոթքով խնդրում է, որ Աստված իր միտքն ու հոգին սրբի ամեն տեսակ պղծությունից և նրան արժանի անի Աստծու ծառան լինելու և Ս. Ընծաները (Հիսուսի մարմինն ու արյունը) մատուցելու նրան, այսինքն՝ Աստծուն:
Սրբասացության վերջանալու ժամանակ, քահանան արդեն վերջացնում է իր աղոթքը, դառնում սարկավագին, որ արդեն մոտեցել է իրեն՝ բարձր բռնած քողարկած սկիհը: Քահանան Ս. Սեղանը և սկիհը խնկարկելուց հետո, սարկավագի հետ, փոխն ի փոխ, փառաբանական խոսքեր արտասանելով՝ վերցնում է սկիհը սարկավագից, դառնում ժողովրդին. «Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն, օրհնութիւն ի բարձունս» (Օրհնեալ է Տիրոջ անունով եկողը, օրհնություն բարձունքներում) խոսքերով խաչակնքում և նույն զգուշությամբ ու երկյուղածությամբ, ահով և դողով, ուղղվում դեպի Ս. Սեղանը, որի մեջտեղում զետեղված է սկիհը, որ պարունակում է Ս. Ընծաները:
Սրբասացությունը և վերաբերումը կատարվում են հանդիսավոր ձևով ու շարժումներով, որոնք մեր նախնիները բնորոշել են «Գեղեցիկ ու աստվածավայելուչ կարգ» բացատրությամբ:
Վերաբերումից անմիջապես հետո քահանան կրկին անգամ լվանում է իր մատները, որպես մաքրության ու անարատության նշան, որովհետև սրանից հետո իր մատներով պիտի դիպչի Սուրբ Մարմնին և Արյանը: Սա միաժամանակ մի օրինակ է ուղղյալ ժողովրդին, որպեսզի ներկաներն էլ հոգեպես սրբվեն և բացարձակ պայծառ մտքով և մաքուր սրտով մոտենան աստվածային զոհաբերությանը, որը պիտի կատարվի այժմ:
Սարկավագը, ինչպես ուրիշ անգամներ, այս առիթով էլ չի ուշանում հստակորեն իր պատվերները տալու՝ ժողովրդին հոգեպես պատրաստելու մեծագույն խորհրդին: Սարկավագի խոսքերը շատ ուշագրավ են, գուցե իր արտասանած քարոզներից ամենից ներշնչվածը, ամենից կատարյալը: Մտածումի և զգացումի ազնվության գոհար գաղափարներն են, ճշմարտապես դաստիարակիչ և հոգեփոխիչ պատգամներ, որոնք մարդուն բարձրացնում են դեպի հոգևոր-բարոյական աշխարհի կատարները:
Ահա սարկավագի այս խոսքերը. «Եւ եւս հաւատով եւ սրբութեամբ կացցուք յաղօթս առաջի Սրբոյ Սեղանոյս Աստուծոյ՝ ահիւ. մի՛ խղճիւ եւ գայթակղութեամբ, մի՛ նենգութեամբ եւ խորամանկութեամբ, մի՛ պատրանօք եւ խաբէութեամբ, մի՛ երկմտութեամբ եւ մի՛ թերահաւատութեամբ, այլ ուղիղ վարուք, պարզ մտօք, միամիտ սրտիւ, կատարեալ հաւատով, լցեալ սիրով, լի եւ առաւելեալ ամենայն գործովք բարութեան՝ կացցուք յաղօթս առաջի Սրբոյ Սեղանոյս Աստուծոյ եւ գտցուք զողորմութեան զշնորհս յաւուր Յայտնութեան եւ ի միւս անգամ գալստեանն Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Կեցուսցէ՛ եւ ողորմեսցի՛»: (Եվ ևս հավատքով և սրբութեամբ, ահուդողով աղոթքի կանգնենք Աստուծո Սուրբ Սեղանի առջև: Ո՛չ մեղքով ու գայթակղությամբ, ո՛չ նենգությամբ, խորամանկությամբ, պատրանքով ու խաբեությամբ, ո՛չ երկմտությամբ և ո՛չ թերահավատությամբ, այլ բարի վարքով, պարզ մտքով, միամիտ սրտով, կատարյալ հավատքով, լցված սիրով, առատորեն ճոխացած ամեն տեսակի բարեգործություններով՝ աղոթքի կանգնենք Աստուծո Սուրբ Սեղանի առջև և գտնենք ողորմության շնորհը, մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի Հայտնության և մյուս անգամ գալստյան օրը: Թող ապրեցնի՛ և ողորմի՛):
Ահա սարկավագը պատվիրում է ժողովրդին այսպես աղոթել: Եվ իրապես, աղոթքն այն ժամանակ է միայն իմաստ ու հոգեկան արժեք ստանում, երբ այն կատարվում է ոչ թե ձևի համար ի ցույց մարդկանց, այլ որպես անկեղծ և խոր ապրումի արտահայտություն: Բնական է, նույնպես ճշմարիտ և խոր պետք է լինի նաև քահանայի աղոթելու կերպը: Խոսրով Անձևացին հետևյալ պատվերն է տալիս քահանաներին.
«Ո՜վ այր Աստուծոյ, քահանայ սուրբ եւ պատարագիչ Քրիստոսի. յորժամ կայցես ի սպասաւորել սուրբ եւ աստուածային խորհրդոյն, մի՛ վեր ի վերոյ, միայն ծայրուք շրթանցդ զաղօթս մատուսցես, զի այնպէս անպտուղք են բանք աղօթիցն. եւ ո՛չ ինչ օգտիս ի նմանէ, եւ ո՛չ միայն անօգուտ, այլ եւ ի դատապարտութիւն եւս իցէ: Այլ, ընդ շարժիլ լեզուիդ, խառնեա՛ զջերմութիւն սրտիդ բորբոքմամբ սիրոյ առաջի իմանալի աչացդ եւ ունենալով զայն, առ որս խօսիս»: (Ո՜վ Աստուծո մարդ, սուրբ քահանա և Քրիստոսի պատարագիչ, երբ կանգնես սպասավորելու սուրբ և աստվածային խորհրդին, վայրիվերո, միայն շրթներիդ ծայրով աղոթք մատուցիր, որովհետև այսպես աղոթքի խոսքերը անպտուղ են, և ոչինչ չես օգտվի նրանից, և ոչ միայն անօգուտ, այլև դատապարտության արժանի է: Ուրեմն, լեզուդ շարժելիս խառնիր սրտիդ ջերմությունը սիրո բորբոքումով քո իմացական աչքերի առաջ ունենալով նրան, որի համար ես խոսում):
Սարկավագի քարոզով, քահանան արդեն սկսում է Սուրբ Պատարագի արարողությունը, որով այս պահին է, որ սկիզբ է առնում բուն պատարագը, այսինքն՝ Հիսուսի մարմինն ու արյունը որպես զոհ մատուցելու խորհուրդը: Քահանան աղոթում և օրհնում է սկիհի վրա դրված նշխարը (հացը) և միջի գինին: Հետո սկիհի ծածկոցը բացում է կես չափով և բարձր ձայնով մի կարճ աղոթք է ասում. «Շնորհօք եւ մարդասիրութեամբ…», խաղաղություն է տալիս ժողովրդին և ձեռնամած, մի քիչ աջ է թեքվում՝ հայացքը առած սկիհին:
Նախորդ գլուխը՝
ԵՐԵԽԱՅԻՑ (ՉՄԿՐՏՎԱԾՆԵՐԻ) ՊԱՏԱՐԱԳ
Հաջորդ գլուխը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: