Աղոթքները վերջացնելով, մինչդեռ վարագույրը փակ է, քահանան ճաշակում է սուրբ մարմնից մի մաս՝ ասելով.
«Հաւատով ճաշակեմ զսուրբ եւ զկենարար եւ զփրկագործ Մարմինս քո, Քրիստոս Աստուած իմ Յիսուս, ի թողութիւն մեղաց իմոց»: (Իմ մեղքերի թողության համար, հավատով եմ ճաշակում սուրբ և կենարար և փրկագործ քո Մարմինը, Քրիստոս Աստված իմ՝ Հիսուս):
Ապա խմելով բաժակից (սկիհից) ասում է. «Հաւատով ըմպեմ զսրբարար եւ զմաքրիչ Արիւնս քո, Քրիստոս Աստուած իմ Յիսուս, ի թողութիւն մեղաց իմոց»: (Իմ մեղքերի թողության համար, հավատով եմ ըմպում սրբարար և մաքրող քո Արյունը Քրիստոս Աստված իմ՝ Հիսուս):
Եվ հետո, անմիջապես, ավելացնում է հետևյալ աղերսը. «Մարմին քո անապական լիցի ինձ ի կեանս, եւ սուրբ Արիւն քո ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց»: (Քո անապական Մարմինը թող կյանք լինի ինձ, և քո Սուրբ Արյունը մեղքերի քավություն և թողություն):
Քահանայի ճաշակելուց հետո, այդ ընթացքում կարող են հաղորդվել նաև նրանք, ովքեր քահանայական կարգից են, որովհետև Քրիստոս էլ նախ ինքը ճաշակեց և, ապա տվեց առաքյալներին: Հիսուս առաքյալներին իրեն համապատիվ համարեց՝ ասելով. «Ոչ կոչեսցի զձեզ ծառայս… այլ բարեկամ»: (Ձեզ ծառաներ չկոչեցի… այլ բարեկամներ…) (Հովհ. ԺԵ, 15):
Այս արարողությունից հետո վարագույրը բացվում է և լսվում է սարկավագի կոչը՝ ուղղյալ նրանց, ովքեր, պիտի արժանանան հաղորդության:
«Երկիւղիւ եւ հաւատով յառաջ մատիք եւ սրբութեամբ հաղորդեցարուք»: (Երկյուղով և հավատով առաջ եկեք և սրբությամբ հաղորդվեցեք):
Սարկավագը նորից է ազդարարում, որ չպետք է մոտենանք սուրբ խորհրդին առանց հոգեկան պատրաստության «լիրբ եւ յանդուգն երեսօք», «իբրև ի սոսկ հաց եւ ի բաժակ, եւ կամ թէ յաղագս արծաթոյ եւ կամ փառաց»:
Ժողովրդի միջից հաղորդության պատրաստ եղողները ուղղվում են դեպի բեմը: Քահանան սկիհը ձեռքին, գալիս է բեմի եզերքը, ծունկի է գալիս և սուրբ հացից փոքրիկ կտորներ առնելով՝ դնում է հավատացյալների լեզվի վրա, ասելով. «Մարմին եւ արիւն Քրիստոսի եղիցի քեզ ի կեանս»: (Քրիստոսի մարմինն ու արյունը թող քեզ կյանք լինի):
Հավատացյալը սրբությունը պետք է կուլտա առանց ծամելու՝ այն հավատով, որ իսկապես սրբություն ընդունեց իր մարմնի և հոգու մեջ, Քրիստոսի էությունից, աստվածության գաղափարից:
Արդեն ասացինք, որ Ս. Պատարագի ամբողջ խորհուրդը Հիսուսի զոհաբերության հիշատակության գաղափարն է, և հաղորդության խորհրդով՝ այդ գաղափարը հանգում է իր լրումին: Չէ՞ որ ինքը՝ Հիսուս, վերջին ընթրիքի խորհրդավոր պահին, իր աշակերտներին հաց ու գինի տալով, ասաց. «Զայս արարէք առ իմոյ յիշատակի»:
Եվ թե «Ես եմ հացն կենաց՝ իջեալ յերկնից. Որ ուտէ ի հացէս յայսմանէ, կեցցէ յաւիտեան» կամ «Որ ուտէ զմարմին իմ եւ ըմպէ զարիւն իմ, ունի կեանս յանձին իւրում» (Այս կատարեցեք իմ հիշատակի համար: Ես եմ կյանքի հացը՝ երկնքից իջած: Ով որ ուտի այս հացից, հավիտյան կապրի: Ով որ ուտի իմ մարմինը և ըմպի իմ արյունը, կյանք ունի անձի մեջ):
Ճշմարիտ քրիստոնյայի համար այս պահը հոգեկան վերացման և երջանկության գերագույն պահն է: Հաղորդվելուց հետո հավատացյալը ինքն իրեն հոգեփոխված ու վերանորոգված է զգում, կարծես նորից ծնված լինի, այս անգամ մաքուր, անմեղ ու լուսավոր մի աշխարհի հորիզոններից:
Հավատքի ուժն է, որ իսկապես փոխում և հեղափոխում է մարդու զգացական ու իմացական աշխարհը, որպես ինքնաթելադրության և կամքի ուժ: Հավատքը ինքնաթելադրության և կամքի ուժի գերագույն աստիճանն է:
Դրա համար է, որ մեծ ճշմարտություն կա Հիսուսի այն խոսքի մեջ, որ նա օգտագործում է բազում անգամներ: Այն է. «Հաւատք քո կեցուցի զքեզ»: (Քո հավատքը կյանք տվեց քեզ):
Աշխարհի մեջ բոլոր հրաշքները, բոլոր անկարելի կարծվող գործերը, միայն հավատքի և կամքի ուժով են իրագործվում:
Հաղորդության պահին դպիրները շարականներ են երգում: Սրբությունը ճաշակելուց հետո, հավատացյալը բոլորովին վերացած, այլևս ինքն իրեն մտերմորեն մոտիկ է զգում աստվածությանը, ավելին, այդ աստվածության հայտնությունն ու ներկայությունն է, որ իր մեջ է տեսնում իր հոգու աչքերով, որով դպիրների հետ մեկտեղ գոչում է երկյուղի և ուրախության հուզումով. «Աստուած մեր եւ Տէր մեր երեւեցաւ մեզ, օրհնեալ եկեալ անուամբ Տեառն»: (Մեր Աստվածը և մեր Տերը երևաց մեզ, Օրհնեալ է Տիրոջ անունով եկողը):
Քահանան դեռ սկիհը ձեռքին՝ գտնվում է բեմի եզերքին, արդ՝ սկիհը մի քիչ բարձրացնում, օրհնում է ժողովրդին՝ ասելով. «Կեցո՛, Տէր, զժողովուրդս քո եւ օրհնեա՛ զժառանգութիւնս քո. հովուեա՛ եւ բարձրացո՛ զսոսա յայսմհետէ մինչև յաւիտեան»: (Ապրեցրո՛ւ Տեր քո ժողովրդին, օրհնիր քո ժառանգներին, հովվի՛ր և բարձրացրո՛ւ սրանց այսուհետև մինչև հավիտյան):
Իսկ դպիրները գոհունակության երջանիկ զգացումով երգում են. «Լցաք ի բարութեանց քոց, Տէ՛ր, Ճաշակելով զՄարմին քո եւ զԱրիւն: Փա՛ռք ի բարձունս կերակրողիդ զմեզ: Որ հանապազ կերակրես զմեզ, Առաքեա՛ ի մեզ զհոգեւոր քո օրհնութիւն: Փա՛ռք ի բարձունս կերակրողիդ զմեզ»: (Տեր լցվեցինք քո բարիքներով, Քո մարմինն ու արյունը ճաշակելով: Փառք բարձունքներում՝ մեզ կերակրողիդ: Դու՝ որ միշտ կերակրում ես մեզ, Ուղարկիր մեզ քո հոգևոր օրհնությունը: Փառք բարձունքներում՝ մեզ կերակրողիդ):
Այս ընթացքում ժողովրդին բաժանվում են Սուրբ Սեղանի փշրանքները՝ Օրհնված Նշխարը և մասը, որով ամբողջ ժողովուրդը մասնակից է եղած լինում Ս. Խորհրդի օրհնությանն ու շնորհին:
Նախորդ գլուխը՝
Հաջորդ գլուխը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: