Բացատրական Աստվածաշունչ,
Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
Ամբակում մարգարեի աղոթքը՝ երգասացությամբ։ (Սինոդական թարգ․) [1]
Այստեղ «աղոթք» (եբր.՝ «թեֆիլլա», հուն.՝ «proseuch», լատ.՝ «oratio») անվանումը, ինչպես նաև մի շարք սաղմոսների վերնագրերում (Սաղմ. 16, 71, 85, 89, 101, 141), գործածվում է ընդհանրական իմաստով. այն երգասացություն է, որն օգտագործվում է աստվածապաշտության ժամանակ: Նույն իմաստով է կիրառված նաև նոր հիշատակված Սաղմ. 71−ի 20-րդ համարում, որտեղ Դավթի բոլոր սաղմոսները կոչվում են «աղոթքներ» (թեֆիլլոթ): Մարգարեի կողմից հենց պաշտամունքի համար գրված այդ երգը, անշուշտ, շուտով այդպիսի կիրառություն ձեռք բերեց նրա հեղինակության շնորհիվ: Այդ պատճառով մարգարեի անունն ընդմիշտ մնաց իր երգի վերնագրում՝ պաշտամունքային այլ երգերից տարբերելու համար (ինչպես Յոթանասնիցում 137-րդ սաղմոսը վերագրված է Անգե և Զաքարիա մարգարեներին, իսկ 71-րդ սաղմոսը՝ Զաքարիային): Ամբակում մարգարեի գրքի 3-րդ գլխի պաշտամունքային գործածության արձագանքը տեսանելի է նաև ուղղափառ քրիստոնեական աստվածապաշտության վրա դրա ազդեցության մեջ, մասնավորապես կանոնի 4-րդ երգի ձևավորման և կառուցվածքի վրա: Այդ երգի իրմոսներում1 և տրոպարներում 2 հաճախ գրեթե բառացիորեն հնչում են Ամբակումի մարգարեության 3-րդ գլխի արտահայտությունները՝ հունասլավոնական թարգմանությամբ:
1−ին համարի վերջին՝ «շիգեյոնոթ» բառի նշանակությունը կարելի է պարզել միայն ենթադրաբար, որովհետև ընդհանրապես սաղմոսների վերնագրերում կիրառված երաժշտական-պաշտամունքային տերմիններն իրենց իմաստով շատ անհասկանալի և խորհրդավոր էին մնում դեռևս հին թարգմանիչների համար: Յոթանասնիցը քննարկվող բառը փոխանցում է որպես երգի ընդհանուր անվանում՝ «μετα ὠ̨δης», ինչը, ըստ երանելի Հերոնիմոսի, կարող է նշանակել, որ «մարգարեն աղոթում է Քրիստոսի գալստյան համար և ուրախությամբ, սաղմոսով ու երգով մարգարեանում է Նրա մասին. մի կողմից նա աղոթքով ջանասիրաբար աղաչում է Հորը, իսկ մյուս կողմից՝ երգով գովաբանում Հորը, Ով պիտի ուղարկի Որդուն, և Միածնին, Ով գալու է» (Ամբակում մարգարեության մեկնության երկու գրքեր... Կիև, 1898, էջ 187): Անձամբ երանելի Հերոնիմոսը դիտարկվող բառն այլ կերպ է հասկանում. այն բխեցնում է «շագա» (մեղանչել) բայից և Վուլգաթա թարգմանության մեջ փոխանցում է «pro ignorationibus» ձևով՝ մեկնաբանելով. «Այժմ մարգարեն ապաշխարում և սգում այն բանի համար, ինչ ասել էր անխոհեմաբար. նա ներում է խնդրում, որ դա արել է անգիտությամբ, որպեսզի հետո արժանանա ողորմության» (նույն տեղում, էջ 186):
Ըստ նույն Հերոնիմոսի վկայության (նույն տեղում, էջ 185)՝ այս բառը փոխանցել են նաև Ակյուղասը, Սյումաքոսը և Քվինտան: Այս բառի (ինչպես նաև Սաղմ. 7:1-ի «շիգգայոն» բառի) նմանատիպ ծագման վրա հակված են նաև որոշ նոր մեկնիչներ (Էվալդ, Դելիչ Հիտցիգ, Քլեյներթ)։ Սակայն նրանք այս արտահայտությանն այլ իմաստ են հաղորդում (cantio erratica՝ չարչարանքների երգ, ներբող) և պնդում են, որ այս անվանումը կապ չունի մարգարեության բովանդակության հետ: Ընդունելով այս վերջին դրույթը որպես բոլորովին անվիճելի, նաև համաձայնվելով նոր գիտնականների, ինչպես նաև երանելի Հերոնիմոսի և որոշ այլ հին թարգմանությունների կողմից կատարված բառի լեզվաբանական վերլուծության հետ, այնուամենայնիվ պետք է նախընտրել Յոթանասնիցի փոխանցումը՝ «երգ»: Թերևս, ինչպես ենթադրում են որոշ հետազոտողներ, հնարավոր է, որ Յոթանասնիցը ընթերցել է ոչ թե «շիգեյոնոթ», այլ «նեգինոթ», որը հանդիպում է եբրայերեն տեքստի սույն գլխի 19−րդ համարում:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ամբակում մարգարէի աղօթքը՝ երգով:
(Արարատ թարգ.) Ամբակում մարգարեի աղոթքը մեղեդիներով։
(Գրաբար) Աղաւթք Ամբակումայ մարգարէի երգով։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: